Բնական գազ՝ եև երեք համայնքներում

Գազ օգտագործելու հնարավորություն ունի երկրի բնակչության 91 տոկոսը


Երեկ բնական գազը մուտք գործեց Արմավիրի մարզի Մարգարա, Երասխահուն եւ Վարդանաշեն համայնքներ, որոնք նախկինում երբեւէ բնական գազ չէին ունեցել։ Իսկ դա նշանակում է՝ գլխավոր գործն արված է։ Մնացյալը յուրաքանչյուրի հնարավորությունների եւ ցանկության, ինչպես նաեւ ժամանակի խնդիր է։

Մարգարայում գազաթողարկման արարողությանը ներկա Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ համայնքների գազաֆիկացման ծրագրերին տեղական մարմինները մասնակցել են շինանյութով եւ ֆինանսապես։ Ըստ մարզպետի, մինչեւ տարեվերջ գազը մուտք կգործի եւս վեց-յոթ համայնք։ Աշխատանքներն իրականացվում են համայնքների միջոցներով։ Դրանից հետո մարզում չգազաֆիկացված կմնա ընդամենը յոթ համայնք։ Հարցին, թե աշխատանքներ կատարվո՞ւմ են այդ համայնքների գազաֆիկացման գործը գլուխ բերելու համար, մարզպետը պատասխանեց. «Ամեն ծրագիր ժամանակ է պահանջում, իրեն բնորոշ մոտեցումը՝ ինչպես պլանավորման, այնպես էլ ֆինանսավորման առումով։ Ոչինչ միանգամից հնարավոր չէ անել։ Միջոցների առկայության պարագայում հնարավոր կլինի այդ մասին մտածել»:

։ Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն իր ֆինանսական ներդրումներն ուղղում է այն համայնքների գազաֆիկացմանը, որտեղ առկա են ֆինանսատնտեսական արդյունավետություն ապահովող պայմաններ։ Այս առումով ընկերության ծրագրի շինարարական մասն ավարտվել է, այժմ ավարտուն տեսքի են բերվում 2003–2008թթ. ծրագրի «վերջնամասերը»։ Վերոնշյալ համայնքները եւ դեկտեմբերին գազ ստանալու թեկնածու Արազափ համայնքը այդ «վերջնամասն» են։

«ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Խաչիկ Բաղդասարյանի տեղեկացմամբ, ընկերության 2003–2008թթ. ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի բնակչության 91 տոկոսն այսօր բնական գազ օգտագործելու հնարավորություն ունի։ Դա կազմում է 655 հազար տնտեսություն։ Այս ամսին փաստացի (օգտվող) բաժանորդների թիվը հասել է 550 հազարի։

Խաչիկ Բաղդասարյանի տեղեկացմամբ, երկրում չի գազաֆիկացված 447 համայնք։ Այդ բնակավայրերում բնակչության նվազ թվաքանակի եւ ենթադրվող մեծ ծախսերի համեմատությունը բերել է այն եզրահանգման, որ ընկերության համար ֆինանսատնտեսական արդյունավետություն ապահովող պայմաններ այդ համայնքներում չկան։ Հետեւաբար, ընկերությունը չի կարող իր միջոցների հաշվին իրականացնել դրանց գազաֆիկացումը։ Փաստորեն այդ համայնքների գազաֆիկացումը ավելի շուտ սոցիալական ծրագիր է, քան տնտեսական։ Ընկերության փոխտնօրենը միաժամանակ նշեց, որ երկրի կառավարությունը միջոցառումներ է մշակում, որպեսզի նաեւ այդ համայնքներում տարբեր ֆինանսական ներդրումներով, այդ թվում նաեւ պետբյուջեի միջոցներով իրականացվի գազաֆիկացում։

Եթե նախնական ամփոփում կատարենք, ապա պիտի ասենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը 2003–2008թթ. գազամատակարարման եւ գազաֆիկացման արդյունքում 2002թ. եղած 21 տոկոս մակարդակը հասցրել է 91 տոկոսի՝ ներդնելով 31,4 մլրդ դրամ։ Ընդ որում՝ գազաֆիկացնելով նաեւ նախկինում գազ չսպառող երեք քաղաքային եւ 102 գյուղական համայնքներ։

Հեղինակ: Պետրոս Սարուխանյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ