Կ.Կարապետյան. «Շարունակվելու է Ռուսաստանից Հայաստան գազի անխափան մատակարարումը»

Շարունակվելու է Ռուսաստանից Հայաստան գազի անխափան մատակարարումը: «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով մամուլի այն հրապարակումը, ըստ որի` Ռուսաստանի որոշումը` դադարեցնել գազի մատակարարումը Վրաստան կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա, նկատեց, որ Ռուսաստանը ներկայումս Վրաստանին գազ չի մատակարարում, եւ այդ իսկ պատճառով խոսել դրա դադարեցման մասին անիմաստ է: ՙՌուսաստանից Հայաստան մատակարարվող գազի խնդիր չի լինի՚, —հավաստիացրեց Կ.Կարապետյանը:

Նշենք նաեւ, որ Իրան-Հայաստան գազատարով իրանական կողմը գազ կմատակարարի, երբ Հայաստանը դրա անհրաժեշտությունը զգա. առկա պայմանագրերի շրջանակներում մատակարարման որեւէ խնդիր չի կարող ծագել: Այդ խողովակաշարը հնարավորություն կտա բերել տարեկան մինչեւ 2,3–2,5 միլիարդ խմ գազ, որը ՙֆորս մաժորային՚ իրավիճակում կապահովի ամբողջ հանրապետության էներգետիկ անվտանգությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Իրան-Հայաստան գազատարի Քաջարան-Արարատ մայրուղային գազատարի գծային հատվածի բացման ժամանակ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը վստահեցրեց, որ մինչ ամսվա վերջ Իրանը պատրաստ կլինի գազ արտահանել Հայաստան. առկա որոշ տեխնիկական խնդիրներն արդեն լուծվում են: Սկզբի համար Իրանը կկարողանա տարեկան մատակարարել 1 միլիարդ խմ գազ:

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ