Ավարտվեց Իրան-Հայաստան գազատարի վերջին՝ Քաջարան-Արարատ մայրուղային հատվածի կառուցումը

Արարատի մարզի Վեդի քաղաքին հարակից տարածքում երեկ հանդիսավորությամբ ազդարարվեց 186,3 կիլոմետր երկարությամբ Քաջարան-Արարատ մայրուղային գազատարի գծային հատվածի կառուցման ավարտը, որով ամբողջացավ Իրան-Հայաստան 207 կմ-անոց գազատարի խողովակաշարը։ Երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ականատես եղան վերջին հատվածի խորհրդանշական եռակցմանը։ Ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին Քաջարան-Արարատ մայրուղային գազատարի վերջին հատվածի կառուցման ավարտի կապակցությամբ՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշեց. «ՀՀ կառավարության եւ „Գազպրոմ“ ընկերության միջեւ հարաբերությունները դասական օրինակ են, թե ինչպես կարելի է միասին աշխատել ու բարեկամություն անել»:։ Ըստ Կ. Կարապետյանի՝ գազամուղի անցկացման գաղափարը ծագել է դեռեւս 1990-ականներին, եւ «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի ստորագրումից հետո ռեկորդային ժամկետներում հավակնոտ ծրագիրն իրականություն դարձավ։

Ընկերության գլխավոր տնօրենի խոսքերով, կառույցը եզակի է, 3000 մետր բարձրության վրա մարդուն շատ դժվար է գործել, անգամ տեխնիկան չի կարող աշխատել, այնպես որ, այն կարող է անգամ Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվել։ «Մենք կառուցեցինք, կառուցեցինք եւ վերջապես ավարտեցինք կառուցելը»,-կատակով ասաց նա՝ վկայակոչելով հայտնի մուլտֆիլմի հերոսի խոսքերը։ Կ. Կարապետյանն իր երախտագիտությունը հայտնեց նախագահ Ս. Սարգսյանին, ում մասնակցությունը միջոցառմանը վկայում է այն մասին, թե երկրի ղեկավարությունն ինչ մեծ ուշադրություն է հատկացնում էներգետիկ անվտանգության խնդիրներին։ Դա նկատելի է եղել նաեւ այն շրջանում, երբ երկրի ղեկավարը Հայաստանի վարչապետն էր, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը։ Նա շնորհակալություն հայտնեց նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում անմիջական հսկողության եւ ուշադրության ներքո է սկսվել մեծածավալ եւ հավակնոտ գազաֆիկացման ծրագիրը, սկիզբ է դրվել գազաէներգետիկ մեծ ծրագրերին, որոնք ընկերությանը հնարավորություն տվեցին շահույթ ստանալ՝ թափ վերցնելով դեպի զարգացման հաջող ընթացք։ Նա երախտիքի խոսքեր ուղղեց նաեւ իրանական կողմին, էներգետիկայի նախարարությանը, գործընկերներին, շինարարներին՝ հավաստելով, որ բոլոր օղակները ջանացել են հատկապես հարմար պայմաններ ստեղծել «ՀայՌուսգազարդ»-ի աշխատանքները կատարելու համար։ Կ. Կարապետյանը հարկ համարեց երկրի ղեկավարությանը, բաժնետերերին հայտարարել, որ սա հզոր ծրագրերի ու նախագծերի միայն սկիզբն է, եւ անպայման կունենա իր արժանի տեղը տարածաշրջանային էներգետիկ շուկայում։
Նշենք, որ Քաջարան-Արարատ գազատարը կառուցվել է բարդ լեռնաերկրաբանական եւ եղանակային պայմաններում՝ ծովի մակերեւույթից 1500–3000 մետր բարձրության վրա, ինչը ծրագիրը դասում է յուրահատուկ նախագծերի շարքին։ Աշխատանքներն իրանականացվել են կապալառու ինը կազմակերպությունների ուժերով, շինարարությանը մասնակցել են տարբեր մասնագիտությունների շուրջ 1000 մասնագետներ։ Քաջարան-Արարատ մայրուղային գազատարը մասնակցելու է Հայաստանի կենտրոնական շրջաններ իրանական գազի փոխադրմանը՝ ՋԷԿ-երում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով։ Մատակարարվող գազի դիմաց վճարումներն իրականացվելու են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքով։ Երեւանի ՋԷԿ-ի (230 ՄՎտ) եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի (480 ՄՎտ) հզորություններով արտադրված էլեկտրաէներգիան պետք է ապահովի դրա պայմանագրային ծավալի առաքումն Իրան, իսկ «շահութաբեր» էլեկտրաէներգիայի իրացումը՝ գազի փոխադրման եւ ծրագրի ներդրումների վերադարձը։ Ավելի քան 130 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային այս ծրագրի իրականացումը հայ-ռուսական համատեղ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն սկսել է 2007թ.։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է «Գազպրոմ» ԲԲԸ օգտին «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցների հաշվին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2004թ. նախաձեռնել էր Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, որի նպատակն էր ընդլայնել երկիր բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան, ստեղծել տեխնոլոգիական երկրորդ մուտքային գիծը։
«Գազպրոմ» ԲԲԸ կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի գնահատմամբ, այս գազատարը, անկասկած, Հայաստանի էներգետիկ ապահովման համար դառնալու է շատ կարեւոր օղակ, այն նաեւ լուրջ նախագիծ է հայ սպառողներին ավելի հուսալի եւ կայուն էներգառեսուրսներ մատակարարելու առումով։ Արձանագրելով, որ նախագիծը դյուրին չէր, գործը կատարվել է բարդ լեռնային պայմաններում՝ շատ սեղմ ժամկետներում, նա շնորհակալություն հայտնեց շինարարներին անձնուրաց աշխատանքի համար։ «Նախագիծն իրականացվել է մեր համատեղ ընկերության՝ „ՀայՌուսգազարդի“ կողմից։ Այս ընկերությունը, անկասկած, համագործակցության օրինակ է երկու երկրների միջեւ, որը կարելի է հանգիստ ներառել դասագրքերում»,-ասաց նա՝ հավելելով, որ նման նախագիծը կարող էր կյանքի կոչվել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարձր մակարդակի քաղաքական համագործակցության հիմքի վրա։ «Մեր համագործակցությունը էներգետիկ ոլորտում կրում է երկարաժամկետ ու ռազմավարական բնույթ։ Սա ամբողջովին բաց համագործակցություն է, որը հիմնված է բարեկամության եւ փոխադարձ շահի վրա»,-եզրափակեց Ա. Միլլերը։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի տեղեկացմամբ, ավարտվել են գազատարի կառուցման աշխատանքները, մի քանի օրից նախատեսում են փորձարկել այն՝ հանձնելով շահագործման։ «Իրանական կողմից գազը մենք կարող ենք բերել այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն ունենանք։ Այս խողովակաշարի կառուցումը հնարավորություն կտա բերել տարեկան մինչեւ 2,3–2,5 միլիարդ խմ գազ, որը ֆորսմաժորային իրավիճակում կապահովի ամբողջ հանրապետության էներգետիկ անվտանգությունը»,-ասաց նա։ Նախարարի խոսքերով, իրանական կողմը գազ կմատակարարի, երբ Հայաստանը դրա անհրաժեշտությունը զգա. առկա պայմանագրերի շրջանակներում մատակարարման որեւէ խնդիր չի կարող ծագել։ «Նման կառույցի շինարարության համար բավական փորձ եւ հմտություն է պետք։ Տարածաշրջանում ներկայումս նման հնարավորություններ, հզորություններ եւ մասնագետներ ունենք միայն մենք, եւ տարածաշրջանային կտրվածքով կարող ենք բավական լուրջ ծրագրեր իրականացնել»,-հավատացնում է նախարարը։ Ըստ նրա՝ բոլոր աշխատանքները նպատակաուղղված են երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի, հուսալիության բարձրացմանը, ինչն անմիջականորեն կանդրադառնա նաեւ շարքային սպառողի վրա։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով գազի տարանցման խնդրին, ապա դրա համար նախ պետք է հայտ լինի որեւէ պետության կողմից, գազ մատակարարող եւ տարանցիկ երկրները համաձայն են։ «Երբ նման համաձայնություն ձեռք կբերվի Իրանի եւ մյուս երկրների միջեւ, եւ տարանցման համար կդիմեն մեզ, մենք, բնականաբար, ելնելով երկրի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական շահավետությունից, համապատասխան որոշում կկայացնենք»,-նշեց Ա. Մովսիսյանը։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը նույնպես կարեւորեց երկու երկրների միջեւ ռազմավարական նշանակության ծրագրի իրագործումը։ «Երբ նախագծվում էր այս ծրագրի փաստաթուղթը, ոչ ոք չէր հավատում, որ այն կիրագործվի, սակայն այսօր այն արդեն իրողություն է»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կնպաստի, որ էլ ավելի ջերմանան Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների հարաբերությունները։ Դեսպանի կարծիքով, գազատարը կարող է դառնալ նաեւ տարանցիկ, սակայն դա հետագա բանակցությունների հարց է։ Նա իրազեկեց, որ մինչեւ ամսվա վերջը Իրանը պատրաստ կլինի գազ արտահանել Հայաստան, առկա որոշ տեխնիկական խնդիրներ արդեն լուծվում են. սկզբնական շրջանում Իրանը կկարողանա մատակարարել տարեկան 1 մլրդ խմ գազ։ «Մենք ցանկանում ենք, որ այս տարի ձմռանը Հայաստանի բնակիչների տներում տեղադրված վառարաններում վառվի իրանական գազը»,-ասաց դեսպանը։ Ըստ պայմանավորվածության՝ Հայաստանն ու Իրանը էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակումը կիրականացնեն հետեւյալ հարաբերակցությամբ՝ 1 խմ գազի դիմաց՝ 3 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։
«ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի՝ շինարարության գծով խորհրդական Վլադիմիր Մարգարյանը նշեց, որ խորհրդանշական զոդումն իրականացվում է ընդունող կայաններից մեկում, որը ռազմավարական հանգույց է, այն գտնվում է մշտական հսկողության ներքո։ Տարեկան մեկ կամ երկու անգամ հենց այս հատվածից է գազատարը մաքրվում։ Նա հավաստեց, որ «սարերով եւ ձորերով» անցած, աննախադեպ բարձրության վրա գտնվող խողովակաշարը պատրաստ է, եւ սպասում են իրանական գազին։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, չնայած տարածաշրջանում տեղի ունեցած օգոստոսյան իրադարձություններին, Իրան-Հայաստան գազատարը շարունակում է ունենալ ռազմավարական նշանակություն։ «ՀայՌուսգազարդ» ընկերության ռազմավարական նպատակը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ կազմակերպություն դառնալն է. ինչը կապահովի ընկերության մասնակցությունը էներգետիկ ծրագրերին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում։ Այդ նպատակին հասնելու համար, ըստ ընկերության պատասխանատուների, անհրաժեշտ է ամրապնդել «ՀայՌուսգազարդի» դիրքերը էլեկտրաէներգիայի արտահանման շուկայում, ավարտել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումն ու արդիականացումը, միավորել գործող չորս բլոկները՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հետ ընդհանուր արտադրական համալիր ստեղծելու նպատակով, մասնակցել Հայաստանում նավթամթերքի տերմինալի շինարարությանը եւ արտասահմանյան գազաէներգետիկ նախագծերին։
Միջոցառման ավարտին մեկ տասնյակից ավելի շինարարներ եւ աշխատակիցներ գազատարի կառուցման գործում ունեցած ավանդի համար պարգեւատվեցին ընկերության պատվոգրերով ու թանկարժեք նվերներով։

Հեղինակ: Օֆելյա Կամավոսյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ