Ինչպիսի՞ն է լինելու Ծաղկաձորի Marriott-ը

«Հայռուսգազարդ» ընկերության Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստյան տունը այլեւս կոչվում է «Tsaghkadzor Marriott Hotel» եւ մոտ ապագայում պաշտոնապես կբացի իր դռները:


«Հայռուսգազարդ»-ը որոշեց վերակառուցել «Ադիգազ»-ը 2011թ. գարնանը եւ մտադրությունների մասին հուշագիր կքնեց Marriott ցանցի հետ: Ս.թ. օգոստոսին «ՀայՌուսգազարդ»-ի տնօրինությունը եւ Marriott International Inc ընկերությունը պայմանագիր կնքեցին այն մասին, որ «Ադիգազ» հանգստյան տան կառավարումը կանցնի Marriott ընկերությանը:


Հյուրանոցի սեփականատերը «Հայռուսգազարդն» է, իսկ կառավարումն իրականացվելու է Marriott ընկերության կողմից` 30 տարի ժամկետով կնքված պայմանագրի հիման վրա:

Նախագիծը կյանքի է կոչվել «Գազպրոմ» ընկերության գործուն եւ իրական աջակցության արդյունքում:

«Tsaghkadzor Marriott Hotel» կփորձի կոտրել ծաղկաձորյան սեզոնային բիզնեսի վերաբերյալ ձեւավորված կարծրատիպը: Շինարարական եւ բարեկարգման աշխատանքները տեւել են ընդամենը 18 ամիս: Մինչեւ Marriott-ի պաշտոնական բացումը Մեդիամաքս-ը եղել է հյուրանոցային համալիրում եւ զրուցել պատասխանատուների հետ:

Ծաղկաձորի Marriott հյուրանոցի գլխավոր տնօրեն Սամվել Մանուկյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ կառույցը համապատասխանում է բոլոր միջազգային ստանդարտներին:

Շենքի ճարտարապետությունը եւ դիզայներական աշխատանքներն արվել են Marriott-ի մասնագետների կողմից, որոնք հրավիրվել էին Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Աշխատանքներին մասնակցել են նաեւ հայ մասնագետներ:


Հյուրանոցային համալիրի հիմնական շենքում կան 65 համարներ, ինչպես նաեւ 7 քոթեջներ` յուրաքանչյուրում 5-ական սենյակ: Հյուրանոցի տարածքում կան մանկական, ինչպես նաեւ հանդիսությունների ու հանդիպումների համար նախատեսված սրահներ, ռեստորաններ, սրճարան, թեյարան, բարեր, լողավազան: Կառույցի ներսում կգործեն 2 խանութներ, իսկ դրսում կան թենիսի կորտ, մինի-ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտեր:

«Հյուրանոցը գերազանցելու է բոլոր սպասելիքները: Այն նպատակ ունի ապահովել լիարժեք ընտանեկան ժամանց, քանի որ Ծաղկաձորում զարգացած ենթակառուցվածքներ չկան», — ասել է Սամվել Մանուկյանը: Հյուրանոցի Tea house թեյարանը փորձելու է ներդնել անգլիական թեյախմության մշակույթը: Առանձնանում է նաեւ Revolver բարը, որին կից գործելու է Հայաստանում միակ ինտերակտիվ հրաձգարանը:


Հյուրանոցին կից կառուցվել է նաեւ մեկ այլ մասնաշենք, որտեղ լինելու է խաղատուն, ռեստորան, բար եւ դիսկոտեկ: Այս մասնաշենքը տնօրինվելու է ոչ թե Marriott-ի, այլ «Հայռուսգազարդ»-ի կողմից:

Ծաղկաձորի Marriott-ում աշխատելու համար արդեն ներգրավվել են 60 աշխատակիցներ: Մեր այցելության ընթացքում նրանց համար դասընթացներ էին անցկացվում Marriott համակարգի ծրագրերով` արտերկրից հրավիրված մասնագետի կողմից:

«Հյուրանոցի աշխատակիցների թիվը կհասնի 100-ի, եւ նրանց 70%-ը Ծաղկաձորից եւ հարակից բնակավայրերից են, մնացածը` Երեւանից են: Արտասահմանից հրավիրված են միայն հասարակական սննդի ղեկավարը եւ շեֆ-խոհարարը», — տեղեկացրել է Սամվել Մանուկյանը:

Հյուրանոցի գլխավոր ինժեներ Կարեն Մելքումյանը ծանոթացրել է կառույցի ինժեներական լուծումներին` նշելով, որ ներդրվել է գերժամանակակից հակահրդեհային համակարգ, որն իր տեսակով միակն է տարածաշրջանում:


Բոլոր ինժեներական համակարգերի (օդափոխություն, կաթսայատուն, վերելակներ, տեսահսկում եւ այլն) կառավարումը իրականացվում է միասնական սերվերի միջոցով: Վերելակները հոսանքի բացակայության դեպքում աշխատում են հատուկ մարտկոցի օգնությամբ:

Հյուրանոցի բոլոր համարներն ապահովված են Wi-Fi կապով, որի համար Հրազդանից Ծաղկաձոր առանձնացված ինտերնետային մալուխ է բերվել: Բոլոր սենյակները ապահովված են նաեւ արբանյակային հեռուստատեսությամբ եւ միջազգային հեռախոսակապով: Հյուրանոցի վաճառքների գծով տնօրեն Մանվել Արեւշատյանը մեզ հետ զրույցում ասել է, որ սպասարկումը «Tsaghkadzor Marriott» հյուրանոցում համապատասխան է լինելու միջազգային ամենաբարձր շափանիշներին և շուկայական պահանջներին:


Նրա խոսքերով, դժվար է կռահել` մեծամասամբ արտասահմանցիներին կհյուրընկալեն, թե հայաստանցիներին: «Ծաղկաձորում հանգստացողների մեծ մասը հիմնականում Երեւանից է գալիս, այնպես որ, ավելի շատ հյուրեր սպասվում են հենց մայրաքաղաքից», —նկատել է նա:

Հեղինակ: Մարիամ Մանոյան

Աղբյուր: լրատվական գործակալություն «Մեդիամաքս»