Սարիգյուղ, Խաշթառակ և Լուսաձոր համայքները բնական գազ ունեցան

11 հուլիսի 2006, 15:00

Խորհրդային տարիներին Տավուշի մարզը ամենագազաֆիկացված տարածաշրջաններից էր: Մինչդեռ այսօր մարզի գազաֆիկացման աշխատանքների հետ կապված դեռ շատ անելիքներ կան: Արդեն վերականգնվել է 45 համայնքներից 33-ի գազաֆիկացումը: «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ընթացիկ տարում միայն Տավուշի մարզում կներդնի շուրջ 120 մլն դրամ, որից 75 մլն դրամն արդեն իրացված է:

Հուլիսի 11-ը իրադարձային էր Սարիգյուղ, Խաշթառակ եւ Լուսաձոր համայնքների համար. երկնագույն վառելիքն այս գյուղերում արդեն փաստ է: Սարիգյուղ համայնքը գազաֆիկացված է եղել մինչեւ էներգետիկ ճգնաժամի տարիները: Գազահամակարգի վերականգնումից անմիջապես հետո սարինգյուղցի 5 ընտանիք դարձել է բաժանորդ: Ըստ 390 տնտեսություն ունեցող Սարիգյուղ համայնքի համայնքապետ Կ. Էլարյանի՝ արդեն ստացվել է 32 դիմում՝ բաժանորդ դառնալու ցանկությամբ: Անասնապահությամբ զբաղվող սարիգյուղցիները ուրախացել էին գազի մուտքով, իսկ տանտիկիններն ասում էին, որ վերջապես ազատվեցին փայտի ծխից:

Խաշթառակ գյուղում ներկայումս հաշվվում է 500 տնտեսություն՝ իր 2000 եւ ավելի բնակչությամբ:

Գյուղամիջում երկնագույն վառելիքի ջահը վառվելուց հետո խաշթառակցիները հպարտություն էին ապրում` կենցաղը հարմարավետ դարձնելու ակնհայտ հույսով: Խաշթառակի գյուղապետ Ա. Վանեսյանի խոսքով մի քանի ամսից գյուղում բաժանորդ կդառնան 150–200 տնտեսություն:

Լուսաձոր համայնքը, որտեղ եւս ազդարարվեց բնական գազի մուտքը, համեմատաբար փոքր համայնք է` 150 տնտեսությամբ: Այդուամենայնիվ անսպասելի մեծ էր լուսաձորցիների ուրախությունն ու ոգեւորությունը: Լուսաձորում դեռ 5–6 ընտանիք էր հասցրել գազ ունենալ, իսկ 25–30 տնտեսություն բաժանորդ դառնալու համար դիմում են ներկայացրել գյուղապետարան:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button