«Մենք գտնում ենք, որ սպառողներին որակյալ գազամատակարարումը մեր կարևոր խնդիրն է և գնում ենք դրան»

7 փետրվարի 2007, 14:00

Հարցազրույց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի հետ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյան

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյան


—Պարոն Հովսեփյան, ինչով առանձնացավ 2006 թվականը «ՀայՌուսգազարդ»-ի գործունեության մեջ:

—2006 թվականը առանձնահատուկ էր հատկապես այն առումով, գուցե մի քիչ փիլիսոփայորեն հնչի, բայց մենք կարողացանք մեզ համար հասկանալի դարձնել, թե ինչ ունենք, ուր ենք գնում, ինչ ճիշտ քայլեր պետք է անենք հանրապետության հուսալի գազամատակարարումը ապահովելու համար: Այս առումով ես շատ կարեւորում եմ Ստորգետնյա գազապահեստ-կայանի վերակառուցման եւ արդիականացման հետ կապված աշխատանքները, քանի որ տարածաշրջանում ընթացող էներգետիկ տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված վերջին զարգացումները մեզ թելադրում են արագ եւ ճիշտ քայլեր կատարել, որպեսզի չմնանք մեկուսացված վիճակում:

—Այդ դեպքում որոնք են մեր հեռանկարային քայլերը` էներգետիկ այլընտրանքի ռազմավարության առումով:

—Այդ առումով հատկապես կարեւոր է Ստորգետնյա գազապահեստ-կայանի արդիականացման հարցը, ինչպես նաեւ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, որոնց ուղղությամբ արդեն կատարվել են լուրջ աշխատանքներ: Մեր մշտական գործընկեր ռուսաստանյան «Պոդզեմգազպրոմ» ընկերությունից բացի Ստորգետնյա գազապահեստ-կայանի արդիականացման ծրագրում ներգրավվել է նաեւ ֆրանսիական «Գազ դը Ֆրանս»-ի դուստր ձեռնարկությունը` «Ֆրագազը», եւ հուսով ենք, մոտ ապագայում խնդիրը լուծում կունենա` հասցնելով պահեստավորման ծավալները նախկինում հասանելի ցուցանիշներին:

—Այդ ուղղությամբ ինչ է արվել մասնավորապես անցյալ տարվա ընթացքում:

—2006 թվականին կարողացանք պահեստավորել 110 մլն խ.մ, հիմնականում կառուցել աղաջրագծի 200 հազար խ/մ տարողությամբ պահեստարան` դրան հասնող 9 կմ աղաջրագծով: 2007–08թթ. նույնպես նախատեսում ենք կառուցել եւս մեկ աղաջրապահեստ` 400 հազար խ/մ տարողությամբ: Դա հնարավորություն կտա ձեռնամուխ լինելու նոր հորերի կառուցման` պահեստավորման ծավալները հասցնելով 150 մլն խ.մ-ից ավելի:

—Առաջնահերթությունների թվուն Դուք նշեցիք նաեւ Իրան_Հայաստան գազամուղի կառուցումը:Եթե կարելի է, մանրամասնեք, թե ինչ է արվել այդ ուղղությամբ:

—Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական, տնտեսական, ինչու չէ նաեւ գազատրանսպորտային համակարգի տեխնիկական վիճակը` էներգետիկ անվտանգության տեսանկյունից կարեւոր է նաեւ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը: Առաջին 40 կմ Մեղրի-Քաջարան հատվածը <ՀայՌուսգազարդ>—ի մասնակցությամբ հիմնականում ավարտվել է,եւ սկսվել է մնացած Քաջարան —Արարատ հատվածի նախապատրաստական աշխատանքների իրականացումը` գազատրանսպորտային համակարգի ընդլայնման նպատակով: Առաջին էտապում Մեղրի —Քաջարան գազատարի կառուցումով հնարավորություն կընձեռվի հանրապետություն ներկրել 200–300 մլն խ/մ բնական գազ, իսկ Քաջարան-Արարատ գազատրանսպորտային ցանցի ընդլայնումից հետո հնարավոր կլինի սկզբում 1,0 մլրդ, իսկ ապագայում մոտ 2,3 մլրդ խ.մ ծավալով գազ հասցնել հանրապետության կենտրոնական արդյունաբերական գոտի: Այսպիսով Իրան —Հայաստան գազամուղը եւ Ստորգետնյա գազապահեստ-կայանը զգալիորեն կապրապնդեն մեր երկրի էներգետիկ անվտանգությունը:

—Պարոն Հովսեփյան, ինչ վիճակում են մայրուղային գազատարները:

—2006թ.-ին լուրջ ուսումնասիրություններ են կատարվել գործող մայրուղային գազատարների տեխնիկական վիճակի վերաբերյալ, նախանշվել են այն խնդիրները, որ պետք է լուծվեն մոտակա տարիներին, որպեսզի իջեցնենք վթարների եւ դրանց հետ կապված անջատումների հավանականությունը: Մայրուղային գազատարների հուսալիության բարձրացման համար կարեւոր գործոն է էլեկտրաքիմպաշտպանիչ կայանների տեղադրումը: Այս առումով արդեն մեծածավալ աշխատանքներ են կատարվել եւ կշարունակվեն 2007-08թթ.-ին:

—Պարոն Հովսեփյան, որքան են կազմում կորուստները համակարգում:

—Վերջին տարիներին բաշխիչ ցանցերում հաջողվել է իջեցնել կորուստները` հասցնելով այն ԱՊՀ երկրների համար աննախադեպ ցուցանիշի` 3 տոկոս:

—Ինչի շնորհիվ:

—Հիմնականում ճիշտ մենեջմենթի եւ լուրջ տեխնիկական քայլերի շնորհիվ: Մասնավորապես, լիովին արդիականացվել է հաշվառման համակարգը, չափման հանգույցները զինված են ժամանակակից էլեկտրոնային չափիչ սարքերով: Այսօր չունենք այնպիսի առանձին օղակ, որը հաշվառման մեջ չի: Հետագա տարիներին ակնկալում ենք այս ոլորտում նոր զարգացումներ, մտադիր ենք ժամանակակից կապի միջոցներով, մասնավորապես GPRS համակարգով հաշվիչ հանգույցներից կենտրոնացնել տեղեկատվությունը, ինչը մեզ հնարավորություն կտա արագ արձագանքելու ցանկացած շեղումներին` հայտնաբերելով կորուստները ու կանխարգելելով դրանք:

—Գազամատակարարման ամբողջ շղթայում` ներկրում, տեղափոխում բաշխում, ակնհայտորեն կարեւորվում է վերջնական սպառողի անվտանգության հարցը: Ունեք նորություններ այս առումով:

—Այո, մեծածավալ ներդրումներ ենք իրականացրել նաեւ բնակչության գազամատակարարման անվտանգության ուղղությամբ: Բոլոր գազաբաշխիչ կայաններում տեղադրվել եւ այժմ փորձարկվում են գազի հոտավետությունն ապահովող էլեկտրոնային ինքնաշխատ սարքեր` մոտ կես միլիոն դոլար ընդհանուր արժեքով:

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում նախագծային եւ այսօր գործող գազաբաշխման ցանցը նախատեսված չէր հիմնականում անհատական ջեռուցման համար, եւ այն, որ արդեն չի գործում կենտրոնացված ջեռուցման համակարգը, խնդիր է առաջացել ապահովել բնակչությանը մատակարարվող գազի այնպիսի ճնշում, որը հնարավորություն կտա օգտագործել ժամանակակից անհատկան ջեռուցման սարքեր: Այս առումով առաջին անգամ Հայաստանում որոշ թաղամասերի համար` Հարավ-արեւմտյան, Դավիթաշեն, Նորքի զանգվածներ եւ այլն, կիրառեցինք միջին ճնշումից գազամատակարարման իրականացման տեխնոլոգիան: Ինչը իր հերթին երաշխիք է, որ ձմռան ընթացքում սպառման ամենապիկ շրջանում բաժանորդը սպառման հետ որեւէ խնդիր չի ունենա: Ասեմ, որ դրա ականատեսը մենք եղանք Երեւանում` դեկտեմբեր-հունվար ամիսներին: Զուգահեռաբար լուրջ փոփոխության է ենթարկվել Երեւան քաղաքի գազաֆիկացման գլխավոր հատակագիծը` հաշվի առնելով անհատական ջեռուցման խնդիրները: Դա կբերի գործող ցանցի լուրջ վերաձեւավորման եւ դրա հետեւանքով նոր շինարարության արժեքի բարձրացման: Սակայն մենք գտնում ենք, որ սպառողներին որակյալ գազամատակարարումը մեր կարեւոր խնդիրն է եւ գնում ենք դրան:

—Պարոն Հովսեփյան, ջեռուցման շրջանում բաժանորդները երբեմն բողոք են բարձրացնում գազի մաքրության հետ կապված:

—Այո, ինչ որ տեղ լրջագույն խնդիր է նաեւ ներկրվող եւ բաշխվող բնական գազի որակական ցուցանիշի բարձրացումը մինչեւ պահանջվող նորմերի: Այդ նպատակով մտադիր ենք 2007–08թթ. ՀՀ սահմանին կառուցել մաքրման կայան, ինչպես նաեւ լիարժեք արդիականացնել եւ գործարկել բոլոր գազաբաշխիչ կայանների մաքրման սարքավորումները: Արդյունքում հատկապես ձմռան ամիսներին կտրուկ կնվազեն գազամատակարարման ընդհատումները` խողովակների խցանումների կամ դրանց հիդրավլիկ ցուցանիշների խախտման հետ կապված: Նախնական գնահատումներով այս խնդրի իրականացման համար կպահանջվի մոտ 1,5–2 մլն դոլարի ներդրում:
LiveJournal Share Button