Մեկնարկեցին նոր կառուցվող գազատարի եռակցման աշխատանքները

20 հունիսի 2007, 14:00

Քաջարան-Սիսիան հատվածում մեկնարկեցին 197,4 կմ երկարությամբ Քաջարան-Սիսիան-Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ նոր կառուցվող գազատարի 720 մմ տրամագծով խողովակների եռակցման ու շինհավաքակցման աշխատանքները:

ՌԴ Չելյաբինսկի գործարանի կողմից ներկրված խողովակները տեղափոխվում են Քաջարան-Սիսիան տեղամասի շինհրապարակ, որտեղ էլ «Սնարտ» կապալառու կազմակերպությունն իրականացնում է գազատարի տեղադրման աշխատանքները:

Բարձր լեռնային հատվածներում հարթակների ու խրամուղիների նախապատրաստման աշխատանքները շինարարները հաղթահարում են մեծ դժվարություններով: Այդուհանդերձ, հողային աշխատանքներն 90 տոկոսով ավարտված են և խրամուղիներն արդեն պատրաստ են խողովակների տեղադրմանը:
Աշխատանքներում ներգրավված են 20 փորձառու մասնագետներ, գործի է դրված ժամանակակից տեխնիկա: Առաջին զոդակարերը պահանջում են մասնագիտական մեծ հմտություն և պատասխանատու մոտեցում:

Ըստ տեխնիկական հսկողության մասնագետների, գործը արվում է որակով եւ տեխնիկական նորմերին համապատասխան:

Միաժամանակ «Արմավիրգազմաշ» ՍՊԸ-ում մասնագիտական ստուգում են անցնում այն եռակցող մասնագետները, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել գազատարի շինարարությանը: Աշխատանքի որակի ստուգումը կատարվում է լաբորատոր ուսումնասիրության միջոցով, համապատասխան որակավորում ստացած եռակցողները գործուղվում են աշխատանքի:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am