Կլոր սեղան հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ

5 հունիսի 2008, 14:00

Հանրապետությունում գազասպառման համակարգերի ներտնային սպասարկման ընթացքում ծագող խնդիրներ եւ դրանց լուծման ուղիներ քննարկվեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում հրավիրված կլոր սեղանին, որին մասնակցում էին «ՀայՌուսգազարդ»-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«ՀայՌուսգազարդ»-ի տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի խոսքով, նման հանդիպումները պետք է լինեն պարբերաբար, որոնց ընթացքում վեր հանված խնդիրներն ու առաջարկությունները կնպաստեն համակարգում ծառայության որակի բարձրացմանն ու աշխատանքի արդյունավետությանը: Նրա տեղեկացմամբ` գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկումը 2007թվականի հուլիսից «ՀայՌուսգազարդ»- ի հետ պայմանագրային կարգով իրականացնում է «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ն, սակայն պատասխանատվությունը կրում է «ՀայՌուսգազարդ»-ը, ուստի Ընկերությունը ավելի քան շահագրգիռ է բաժանորդներին մատուցվող ծառայության որակով ու անվտանգության ապահովման խնդիրներով:

Անդրադառնալով «Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ի մեկ տարվա կատարած աշխատանքներին, Ա. Հովսեփյանը նշեց, որ կատարվել է բավականին մեծ ծավալի աշխատանք կառուցի ձևավորմանը զուգահեռ, միաժամանակ ընդգծելով մասնագետների որակավորման բարձրացման, ընկերության գործունեության հաշվետվության համակարգի մշակման եւ աշխատանքների վրա հսկողության ուժեղացման անհրաժեշտությունը:


«Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ի տնօրեն Սամվել Մհերյանի խոսքով` ՀՀ տարածքում ներկայումս գործում է ընկերության` գազասպառման տեխնիկական համակարգերի սպասարկման 17 ծառայություն եւ 44 տեղամաս: Ընկերությունն իրականացնում է շուրջ 530 հազար բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի սպասարկում: «Էյ-Ջի-Սերվիս»-ի ներկայիս աշխատակիցների թիվը 806 է, որոնք փուլ առ փուլ վերապատրաստման դասընթացներ են անցնում: Ծառայությունն անհրաժեշտ որակով իրականացնելու նպատակով ընկերությունը ձեռք է բերել ժամանակակից տեխնիկա, 51 ավտոտրանսպորտային միջոց, գազափնտրիչ, ծխաօդատար ուղիների մաքրման եւ ախտորոշման նորագույն սարքեր:

Այս տարվա մայիսի 1-ի դրությամբ, ըստ Ս. Մհերյանի, ընկերությունն իրականացրել է 361 հազար 59 ստուգայց: Սպասարկվել է 313 հազար 946 բաժանորդ, 47 հազար 113 բաժանորդ չի սպասարկվել փակ դռների պատճառով: Կատարված ստուգայցերի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել է տեխնիկական անվտանգության գծով առկա թերությունների արձանագրման 65 հազար 364 ակտ: 2008թ. մայիսի 1-ի դրությամբ սպասարկվել է կենցաղային գազասպառման 1293 եւ ոչ կենցաղային նպատակներով գազասպառման 876 օբյեկտ:

«Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ի տնօրենն անդրադարձավ ներտնային սպասարկման վերաբերյալ բնակիչ-բաժանորդներից ստացվող բողոքներին, ինչպես նաև ծառայության ընթացքում ծագող հիմնական խնդիրներին,որոնք վերաբերում են փակ դներին, թերությունների վերացման եզրակացության ակտներին, ոչ գործարանային սարքերի օգտագործմանը և այլն: Գազասպառման համակարգերի անվտանգ օգտագործման համար «Էյ-Ջի-Սերվիս»-ի կողմից առաջիկայում կիրականացվեն ջեռուցման վառարանների անվճար տեղադրման եւ ապամոնտաժման աշխատանքներ:


Մասնակիցներն ադրադարձան նաև վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրականացված «Բնական գազ սպառողների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման գործընթացի ուսումնասիրությանը», որի աշխատանքներին ներգրավվել են «Բնակ-կոմունալ ոլորտի աշխատողների միություն», «Սպառողների իրավունքների պաշտպանություն» և «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 2007թվականի արդյունքներով գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման վերաբերյալ արձանագրված ցուցանիշները աշխատանքային խումբը համեմատել է 2006 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հետ:


Համեմատությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2007թվականի ընթացքում տեխնիկական սպասարկման համար կատարված այցերի ցուցանիշը 2006 թվականի համեմատ աճել է 11.8 տոկոսով: Նկատելի է նաև 2007 թվականի ընթացքում կատարված սպասարկման աշխատանքների որակի բարձրացման միտումը 2006 թ.-ի համեմատ: Ըստ աշխատանքային խմբի, որակի բարելավումը ակնառու է դարձել «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ին սպասարկման աշխատանքների կատարման պարտավորությունները փոխանցվելուց հետո: Ինչը սակայն չի նշանակում, որ բացթողումներ կամ թերացումներ կառույցի կողմից կատարված աշխատանքների ուսումնասիրության ընթացքում չի արձանագրվել:Ծխաօդատարների զննումների կատարման ցուցանիշը շարունակում է մնալ մտահոգիչ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ պատրաստ է լրացուցիչ ջանքեր ներդնել առկա բացթողումները վերացնելու համար:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am