«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պարտատոմսերի երկրորդ թողարկման պաշտոնական մեկնարկը տրված է

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կենտրոնական գրասենյակում այսօր կայացավ Ընկերության կորպորատիվ պարտատոմսերի երկրորդ թողարկման շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ Էներգետիկայի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները, ՀՀ Կենտրոնական բանկի, պետական այլ գերատեսչությունների, գործարար ու ֆինանսաբանկային շրջանակների ներկայացուցիչներ:

2008թ. հունիսին Հայաստանի Կենտրոնկան Բանկը գրանցեց «ՀայՌուսգազարդ» Ընկերության կորպորատիվ պարտատոմսերի երկրորդ թողարկումը` 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը` 50 000 ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը` 3 տարի, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը` 9.5%: Պարտատոմսերը տեղաբաշխվելու են զեղչով կամ անվանական արժեքից ցածր գնով, որի արդյունքում ներդրողների պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կկազմի 10%: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն` տեղաբաշխողների խումբ կազմելով «Արմենբրոք» ՓԲԸ-ի և «Արցախ բանկ» ՓԲԸ-ի հետ: Պարտատոմսերի առաջին թողարկումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն իրականացրեց ուղիղ մեկ տարի առաջ` 2007 թվականի հուլիս ամսին` նպատակ հետապնդելով շուկայից ներգրավված միջոցներն ուղղել ներդրումային ծրագրերին, մասնավորապես պոտենցիալ բաժանորդների գազաֆիկացմանը:


«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի խոսքով, «ՀայՌուսգազարդ»-ն այսօր 900 մլն. դոլար կանոնադիր կապիտալ ունեցող Ընկերություն է: Մինչեւ տարեվերջ այն կկազմի 1 մլրդ 150 մլն. դոլար, իսկ շուկայական կապիտալիզացիան` 1,5–2 մլրդ դոլար:

«Մինչ այսօր զուտ գազի համակարգում մենք կատարել ենք 110 մլն դոլարի ներդրումներ: Մոտակա երկու տարվա ընթացքում ներդրումները կկազմեն մոտ 700 մլն դոլար` Իրան-Հայաստան գազամուղի շարունակությունը, 5-րդ էներգաբլոկի վերակառուցումը, ստորգետնյա գազապահեստարանի հզորությունների մեծացումը, յուրաքանչյուր բաժանորդի բնակարանում անվտանգության ազդանշանային սարքերի տեղադրումը և այլն:

Միայն այս տարի 20 մլն դոլարի ներդրումներ են կատարվելու գազամատակարարման ճնշումների ապահովման համար: Հետագայում նախատեսում ենք կառուցել կոմպրեսորային կայաններ, ինչի արդյունքում մենք կլինենք մաքսիմալ հուսալի եւ կախված չենք լինի հարեւան տրանզիտոր երկրներից»: Ընկերության ղեկավարը շեշտեց, որ ներդրումների հիմնական մասն ուղղված է երկրի էներգետիկ անվտանգությանը եւ բաժանորդներին որակյալ ծառայություն, որակյալ գազամատակարարում ապահովելու համար: Չնայած ծախսվող գումարները բիզնես ուղղվածություն ունեն, սակայն անմիջապես շուկայի մեծացմանը, լրացուցիչ եկամուտներին ուղղված չեն:


«Կարծում եմ, մեր թիմի անդամները կատարում են բավականին լուրջ աշխատանք:

Տարածաշրջանում „ՀայՌուսգազարդ“-ն իր ուրույն տեղն ունի և հետագայում շատ ավելի մեծ կշիռ կունենա էներգետիկ համագործակցության ոլորտում», — եզրափակեց Կ.Կարապետյանը: Ողջունելով առիթը, ԿԲ նախագահի տեղակալ Վ. Գաբրիելյանը նշեց, որ այս պահին «ՀայՌուսգազարդը» հանդիսանում է Հայաստանի կորպորատիվ թողարկողներից խոշորագույնը: Ըստ նրա, Ընկերությունը 1 մլրդ դրամի պարտատոմսեր ունի շրջանառության մեջ, ԿԲ վարկանիշային կարգով «ՀայՌուսգազարդ»-ին շնորհվել է այս պահին տրամադրված ամենաբարձր վարկանիշը ` Բ վարկանիշը, ապա այս արժեթուղթը ամենաշատ շրջանառվող պարտատոմսն է բորսայական շրջանառությունում և կարող է օգտագործվել ԿԲ-ի բոլոր գործառնություններում: «Մեզ համար խիստ էական է, որ կապիտալի շուկայի զարգացման այս փուլում „ՀայՌուսգազարդ“-ը դիմում է կապիտալի շուկային՝ միջոցներ ներգրավելու համար, եւ հուսով ենք, որ Ընկերությունը շարունակելու է աշխատել այս ոլորտում»-նշեց նա: Ընկերությունը նպատակ ունի շարունակել իր ակտիվ գործունեությունը արժեթղթերի շուկայում` կազմակերպելով պարտատոմսերի թողարկումներ ոչ միայն ՀՀ-ում, այլ` մոտ ապագայում նաև Ռուսաստանի Դաշնությունում: Ընկերությունն ունի բավականին հավակնոտ ներդրումային ծրագրեր, որոնք կապված են ոչ միայն հիմնական գործունեության հետ, այլ նաև միտված են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ —ն հզոր բազմապրոֆիլ էներգետիկ կոնցեռնի վերածմանը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իր գործունեության ֆինանսավորման նպատակով օգտվում է ոչ միայն սեփական, այլ նաև փոխառու միջոցներից, մասնավորապես արժեթղթերի շուկայի պարտքային գործիքների միջոցով ներգրավվող ֆինանսական միջոցներից` ոչ միայն արդյունավետ օգտագործելով ներգրավված միջոցները, այլ նաև նպաստելով ՀՀ կապիտալի շուկայի զարգացմանն ու կայացմանը, քանի որ միայն կայուն գործող կապիտալի շուկայի առկայության պարագայում հնարավոր կլինի իրականացնել լայնածավալ ներդրումային ծրագրեր: Կապիտալի շուկայի լիարժեք ձևավորմանն ու զարգացմանն են ուղղված նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, որոնք էապես կխթանեն ինստիտուցիոնալ ներդրողների գործունեությունը շուկայում` նպաստելով կապիտալիզացիայի մեծացմանը: Այն իր հերթին լրացուցիչ ֆինանսական հնարավորություն կարող է դառնալ Ընկերության ներդրումային ծրագրերում միջոցներ ներգրավելու, ինչպես նաև համակարգում սոցիալական նախագծեր իրականացնելու առումով: Ներդրումային ծրագրերի շրջանակում Ընկերությունը չի բացառում նաև, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերը ազատ շրջանառելի կարող են դառնալ Հայաստանի Ֆոնդային Բորսայում, ինչը ոչ միայն լրացուցիչ ֆինանսական աղբյուրի հնարավորություն կտա, այլ նաև աշխատակիցներին որոշակի օպցիաներ տրամադրելով` լուրջ շարժառիթներ կստեղծի համակարգի արդյունավետ գործունեության համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am