Ստորագրվեց համաձայնագիր սպառված բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմի կիրառման վերաբերյալ

21 նոյեմբերի 2011, 12:00

Նոյեմբերի 21-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ բանկերի հետ ստորագրել է հանաձայնագիր սպառված բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմ կիրառելու վերաբերյալ:

Համաձայնագրի ստորագրում

Համաձայնագրի ստորագրում

Ջեռուցման սեզոնին ընդառաջ և բնակիչների սոցիալական հոգսերը թեթևացնելու նպատակով՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժանորդների համար մշակել է սպառված բնական գազի դիմաց վճարումների հարմարավետ և ճկուն մեխանիզմ, որը հնարավորություն է ընձեռում, մասնավորապես ձմռանը, ամսական վճարումները կատարել հավասարաչափ մարումներով և անհամեմատ մատչելի եղանակով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Մովսեսյանի խոսքերով, «Ընկերությունը՝ լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը և ուշադրության կենտրոնում պահելով սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը, մշակել և ներդրել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորինս մատչելի են դարձնում գազասպառող բաժանորդների վճարային պարտավորությունների կատարումը»:

Ըստ Կ.Մովսեսյանի, «նախագծի գաղափարը հետևյալն է. գազ սպառող բաժանորդները, օգտվելով բանկի կողմից տրամադրվող վարկային գծերից, հնարավորություն են ստանում տարվա ընթացքում բնական գազի սպառման դիմաց վճարումները կատարել ամսական հավասարաչափ մարումներով՝ այդպիսով թեթևացնելով ձմռան ամիսների ֆինանսական ծանրաբեռնվածությունը։ Այսինքն՝ բաժանորդը տարվա բոլոր ամիսներին վճարում է միևնույն ֆիքսված գումարը բանկին, իսկ գազի սպառման դիմաց վճարը „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ-֊ին կատարում է բանկը։ Այս մեխանիզմի հիմքում դրված է նաև „ամռան ամիսներին ձմռան ամիսների համար կուտակելու“ գաղափարը։»


Նախաձեռնությունն իրականացնելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն համագործակցության առաջարկ է ներկայացրել մի շարք առևտրային բանկերի: Համագործակցության առաջարկին արձագանքել են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ բանկը:


Համագործակցության շրջանակում գազասպառող բաժանորդներին առաջարկվում է սպառված բնական գազի դիմաց վճարումները կատարել նշված բանկերի կողմից տրամադրվող վարկային միջոցների հաշվին: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանի խոսքով, «այս նախաձեռնությունը կարող է լայն կիառում ստանալ: Մենք արդեն իրականացրել ենք պիլոտային ծրագիր Հայաստանի տարածաշրջաններից մեկում: Հաշվի առնելով ծրագրի արդյունքները՝ կարող ենք ասել, որ սպառված բնական գազի դիմաց վճարումների այս եղանակից կօգտվեն ոչ միայն տնային տնտեսությունները, այլ նաև գազ սպառողների այլ խմբեր»:


«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ի վարկային գիծը բացվում է հաճախորդի բանկային հաշվին: Տվյալ ծառայությունից կարող են օգտվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ բանկը տրամադրում է ArCa տեսակի «ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ» պլաստիկ քարտեր, որոնց հետ համատեղ տրամադրվող վարկային միջոցները հնարավոր է օգտագործել միայն սպառված գազի դիմաց ամսական վճարումներ կատարելու համար: Բանկը վարկային միջոցները տրամադրում է միայն ֆիզիկական անձանց: Վճարումները կատարվում են ավտոմատ եղանակով՝ առանց բաժանորդի կողմից լրացուցիչ միջամտության:


«Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձմռան ամիսներին բնակիչներն ունենում են կոմունալ վճարումներ կատարելու խնդիր և այն լուծելու համար որոշեցինք համագործակցել „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար», — նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, վարկային տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Սպառված բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմից օգտվելու համար «ՀայՌուսգազարդ»-ի բաժանորդները կարող են դիմել նշված բանկերի ցանկացած մասնաճյուղ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am