Աշխատանքային այց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ

Փետրվարի 29-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն աշխատանքային այց է կատարել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ:

Ներկայումս կայանը գտնվում է փորձարարական —արդյունաբերական շահագործման փուլում եւ շարունակում է ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացը՝ համաձայն ՀՀ էներգահամակարգի օպերատորի կողմից սահմանվող ռեժիմների:
Վ. Հարությունյանը եղել է կաթսատուրբինային, քիմիական, էլեկտրատեխնիկական, ջերմային չափումների եւ ավտոմատիկայի արտադրամասերում, կայանի կառավարման ավտոմատացված կենտրոնում, ծանոթացել է աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ:
Նա շնորհակալություն է հայտնել Հրազդան 5-ի անձնակազմից, որը կարճ ժամանակահատվածում և մասնագիտական բարձր կարողություններ ցուցաբերելով կարողացել է ավարտին հասցնել էներգաբլոկի արդիականացման ծրագիրը:
«Դժվար է բառերով արտահայտել, թե ինչ աշխատանք է իրականացվել և ինչ մեծ նշանակություն ունի էներգաբլոկի շահագործումը մեր էներգահամակարգում: Շնորհակալությում եմ հայտնում յուրաքանչյուր աշխատակցից և հպարտ եմ, որ ձեր ջանքերով կյանքի կոչվեց այս նախագիծը: Պետք է նաև մտածենք մեր մասնագետների կողմից ստեղծված և „Հրազդան 5“-ում կիրառված տեխնոլոգիաները պատենտավորելու, մեր աշխատանքի ընթացքում կուտակված փորձն այլ երկրներում կիրառելու ուղղությամբ: Բացի այդ, անհրաժեշտ է մեր մասնագետների փորձը փոխանցել երիտասարդներին և էներգետիկների նոր սերունդ վերապատրաստել», — նշել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
2011 թվականի դեկտեմբերի վերջին «Հրազդան-5»-ում իրականացվեց կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժ անընդհատ աշխատել են բեռնվածության տակ: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը հանրապետության էներգահամակարգին է միացվել 2012թ. հունվարի 18-ին:
Մասնագետների գնահատմամբ, «Հրազդան-5»-ի վերակառուցման համար օգտագործված նորագույն, տեխնոլոգիապես բարդ սարքավորումները, ներդրված ժամանակակից տեխնոլոգիաները, աննախադեպ տեխնիկական լուծումները կառույցը դարձնում են եզակի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև աշխարհում:
«Հրազդան-5»-ում տեղադրված է Հայաստանի էներգահամակարգում ամենախոշոր տրանսֆորմատորը, շոգետուրբինի գենարատորը և կառուցված է Անդրկովկասում ամենախոշոր երկաթբետոնե փողը, մոնտաժված է «գլխամասային» տեսակի ցածրներուժային շոգեգենարատոր և եզակի «չոր» հովացման աշտարակ: Ներդրված է ջերմային գործընթացների կառավարման նոր սերնդի ավտոմատացված համակարգ: Էներգաբլոկի շինարարությունն ու արդիականացումն իրականացվել է ռեկորդային ժամկետներում` 6 տարում:
Էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 ՄՎտ-ի և շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում: