Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը հանձնվեց լիարժեք շահագործման

2 դեկտեմբերի 2013, 12:00

Դեկտեմբերի 2-ին ամբողջական ծավալով շահագործման հանձնվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում: Թողարկման մեկնարկի արարողությանը մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ —Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Հանդիսավոր արարողությանը Գյումրիի պետական դրամատիկական թատրոնից հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետեւել են ՌԴ եւ ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Սերժ Սարգսյանը:

Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման  արարողություն

Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողություն


Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի տարածքում շրջայցից հետո Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է կայանի և «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակիցներին էներգաբլոկի լիարժեք շահագործման կապակցությամբ: Իր խոսքում «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահը, մասնավորապես, նշել է. “Այսօր իսկապես պատմական օր է, քանի որ ստորագրվելու է համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի «Գազպրոմ»-ը ձեռք է բերում «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը և դառնում է ընկերության լիակատար բաժնետեր: Այսպիսով, «ՀայՌուսգազարդ»-ը ներգարվվում է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունների համերաշխ ընտանիքում:

Այսօր նաև ստորագրվելու է Հայաստանի համար շատ կարևոր պայմանագիր գազի մատակարարման վերաբերյալ: Սահմանվելու է նոր գին, և Հայաստան մատակարարվող գազի այդ գինը փոխկապակցած է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ: Անկասկած, սա չափազանց հզոր ազդակ է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
«Գազպրոմ»-ը թիվ մեկ և իր ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, բայց միաժամանակ նաև սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն է: «ՀայՌուսգազարդ»-ը՝ միանալով դուստր ձեռնարկությունների համերաշխ ընտանիքին, դառնում է լիիրավ ընկերություն իր պարտավորություններով, բայց նաև իր իրավունքներով: Մեզ համար շատ կարևոր այս դուստր ընկերության համար ևս կգործեն բոլոր այն սոցիալական կանոնակարգերը, որոնք առկա են «Գազպրոմ”— ում»: Մասնավորապես, դա վերաբերում է նաև աշխատավարձերին”:
Իր հերթին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը շնորհավորելով ներկաներին՝ կարևորել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի և կայանի փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլի ավարտը:
«Ցանկանում եմ հատկանշել „Գազպրոմ“ ԲԲԸ ղեկավարության և անձամբ Ալեքսեյ Միլլերի աջակցությունն այս հարցում, ով վստահեց և ընդառաջեց մեզ, որպեսզի մեր ծրագրերը կյանքի կոչվեն», — ընդգծել է Վ.Հարությունյանը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի և նվիրված աշխատանքի շնորհիվ կյանքի է կոչվել լայնածավալ և համարձակ մի նախագիծ, որի արդյունքների ականատեսն ենք այսօր:

Տեղեկանք

2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջեւ կնքված Համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ձեռք է բերել «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի գույքը՝ շինարարությունն ավարտելու և արդիականացնելու պարտավորություններով:
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 465,2 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:
Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը և հետևանքներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հետեւողականորեն շարունակել է ծրագրի իրականացումը՝ փոխառու միջոցների ներգրավման հարցում համագործակցելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մի շարք ֆինանսական հաստատությունների հետ:
«Հրազդան- 5»-ը նորագույն տեխնոլոգիական լուծումներով բացառիկ կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: «ՀայՌուսգազարդ»-ի մասնագետների ջանքերով կայանում կիրառվել է արտադրական նոր եղանակ` համակցելով շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս 1կՎտ.ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսել 278 գրամ պայմանական վառելիք և թույլ է տալիս նվազեցնել ջերմային կայանում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:
Հաշվի առնելով տեխնոլոգիական նորարությունները «ՀայՌուսգազարդ» ընկերությունը քայլեր է ձեռնարկում էլեկտրաէներգիայի արտադրության այս եղանակը պատենտավորելու ուղությամբ, քանի որ հայ մասնագետների կողմից մշակված տեխնիկական լուծումներն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումը մեծ հետաքրքրություն են առաջացրել արտերկրների գործընկերների մոտ:
Էներգաբլոկի դրվածքային հզորությունը 300 ՄՎտ-ից հասցնելով 467 ՄՎտ-ի և շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:
2012 թվականի հուվարից կայանը գտնվում էր փորձարարական —արդյունաբերական շահագործման փուլում՝ ներգրավվելով ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում: 2013 թվականի դեկտեմբերի 2-ից էներգաբլոկը հանձնվել է շահագործման:

Ծրագրի ընթացք

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշմամբ հաստատված ծրագրերի հիման վրա իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու գործընթացները, որոշվել են կայանի գլխավոր նախագծողը սարքավորումների մատակարար-գործարանները, կապալառու և թողարկման-կարգաբերման գլխամասային կազմակերպությունները:

Նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման և այլ աշխատանքներ կատարելու համար ծրագրի շրջանակում կնքվել է ավելի քան 200 պայմանագիր, որից 67-ը՝ արտասահմանյան կազմակերպությունների հետ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մասնագիտացված ստորաբաժանումը՝ «Հրազդան-5»-ի Տնօրինությունը, իրականացրել է էներգաբլոկի ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված բոլոր աշխատանքները՝ վերատեղադրվել է 13 կմ երկարությամբ տեխնիկական ջրամատակարարման խողովակաշար, 15 կմ երկարությամբ բարձր ճնշման գազատար, վերականգնվել է ներկայանային և շինհրապարակին հարակից շուրջ 6 կմ երկարությամբ գերատեսչական երկաթուղին:
Կայանի վերակառուցման և արդիականացման համար արտասահմանից «Հրազդան-5»-ի շինհրապարակ են առաքվել 18 հազար տոննա ընդհանուր քաշով ինչպես փոքր, այնպես էլ գերծավալուն տարբեր տեսակի սարքավորումներ՝ 235 երկաթուղային վագոններով և 437 հատուկ բեռնափոխադրիչներով:
«Հրազդան-5»-ում տեղադրված է Հայաստանի էներգահամակարգում ամենախոշոր տրանսֆորմատորը, շոգետուրբինի գենարատորը և կառուցված է Անդրկովկասում ամենախոշոր երկաթբետոնե փողը, մոնտաժված է «գլխամասային» տեսակի ցածրներուժային շոգեգեներատոր և եզակի «չոր» հովացման աշտարակ: Ներդրված է ջերմային գործընթացների կառավարման նոր սերնդի ավտոմատացված համակարգ: Էներգաբլոկի շինարարության ու արդիականացման ծրագիրն իրականացվել է ռեկորդային ժամկետներում` շինարարական և մոնտաժային աշխատանքները տևել են 2,5 տարի:
Նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքների ու փաստաթղթային համապատասխան ձեւակերպումների, ինչպես նաև Հարավ-Կովկասյան երկաթուղու անձնակազմի հետ համախմբված ու համակարգված աշխատանքի արդյունքում «Հրազդան-5»-ի շինհրապարակ է տեղափոխվել 196 տ քաշով 300 ՄՎտ գեներատորի ստատորը, որն արտադրվել էր դեռևս 1992թ. փետրվարին «Էլեկտրոսիլա» գործարանում և գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում:
Հայաստանում առկա ամենահզոր շոգետուրբինի 300 ՄՎտ գեներատորի համար առաքվել է նաև հանրապետության էներգետիկ համակարգի խոշորագույն 400 000 կՎԱ հզորությամբ 220/20 կՎ տրանսֆորմատորը, որն արտադրվել է Զապորոժիեի Տրանսֆորմատորների գործարանում՝ 197 տոննա տրանսպորտային քաշով:
«Հրազդան-5»-ում կառուցվել է 270 մ բարձրությամբ, 11400 մմ տրամագծով եւ 8 մմ պատերի հաստությամբ մետաղական փող` հաշվարկված 9 բալ սեյսմակայունության համար, որը խոշորագույնն է Անդրկովկասում:
Այն նախատեսված է արտանետվող գազերի արգասիքների համար, որի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն կնվազի ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում:
էներգաբլոկի շինմոնտաժային աշխատանքներն իրականացվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Ջերմաէներգաշինմոնտաժ — երրորդ տրեստ» և Ռուսաստանի Դաշնության «Ջերմաէներգամոնտաժ» կազմակերպությունների կողմից, որոնք ծանրակշիռ փորձ ու մասնագիտական հեղինակություն են վայելում արտերկրներում:
Էներգաբլոկի 60 օբյեկտներում միաժամանակ իրականացվող շինմոնտաժային աշխատանքներում ներգրավվել են ավելի քան 1000 մասնագետ:
Հատուկ ուշադրություն է հատկացվել նաև կայանի շահագործող անձնակազմի վերապատրաստմանը: 7 մասնագիտություններով անձնակազմի 52 աշխատակիցներ վերապատրաստման հատուկ ծրագիր են անցել Կիրիշսկի ՊՇԷԿ-ում (ՌԴ) և Մինսկի ՋԷԿ-ում:
Էներգաբլոկի հիմնական տարրերի համալիր փորձարկման, թողարկման և կարգաբերման աշխատանքները իրականացվել են արդեն մասնագիտացված շահագործող անձնակազմի մասնակցությամբ:
Կայանում ներդրվել է նոր սերնդի և գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ավտոմատացված կառավարման համակարգ, որն ապահովում է կայանի անխափան և հուսալի շահագործումը:

Պատմություն

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման որոշումը կայացվել էր դեռևս Խորհրդային տարիներին՝ 70-ականների վերջերին: 1984թ. ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացիայի նախարարության «Ջերմաէներգապրոեկտ» ինստիտուտի կողմից մշակվել է նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, իսկ 1987թ-ին ԽՍՀՄ էներգետիկայի նախարարությունը հաստատել 5-րդ էներգաբլոկի շինարարության փաստաթղթերը: Այդ ժամանակ Հայաստանի իշխանություններին հաջողվեց ձեռք բերել ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի թույլտվությունը ` 1989թ-ի դեկտեմբերին 5-րդ էներգաբլոկի շինարարական աշխատանքները սկսելու համար: Խորհրդային Հայաստանի համար սա աննախադեպ խոշոր շինարարություն էր, որի նախագծանախահաշվային արժեքը 80-ականների գներով կազմում էր 343 մլն. 710 հազար խորհրդային ռուբլի:

Հանրապետության անկախացման դժվարին ճանապարհին` 1990-1992թթ-ի ընթացքում «Հրազդան-5»-ի շինարարությունը կանգ առավ: Նորանկախ Հայաստանը հայտնվեց էներգետիկ ճգնաժամի մեջ:
Կարճ ժամանակ անց, 1993թ-ին, Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան շարունակելու 5-րդ էներգաբլոկի շինարարությունը: Այդ նպատակով 57,5 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր կնքվեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ, շինարարական աշխատանքները շարունակվեցին մինչև 1997թ-ը և դարձյալ դադարեցին` այս անգամ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով:





Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button