Արցախցի հերոսների զավակները հյուրընկալվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների ընտանիքներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները hանդես են եկել «Հերոսի զավակը իմ զավակն է» նախաձեռնությամբ, որի շրջանակում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված արցախցի հերոսների զավակները հյուրընկալվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների ընտանիքներում:

Նախաձեռնության նպատակն է հերոսների պատանի զավակներին ժամանակավորապես լիցքաթափել հետպատերազմական մթնոլորտից, ծանոթացնել Հայաստանի պատմամշակութային վայրերի հետ, կազմակերպել ամառային հանգիստը, ինչպես նաև միջավայր ստեղծել որպեսզի հասակակից երեխաները մտերմանան միմյանց հետ և ընկերական կապեր հաստատեն:

Գրիգորը, Հայկը, Հարութը և Հրայրը մայոր Սուրեն Մելքումյանի որդիներն են:

Հադրութցի մայորը Արցախի Պաշտպանության բանակում ծառայում էր 1997թ.-ից: Ավարտելով Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, նորից վերադարձել էր Հադրութ՝ ծառայության անցնելու նպատակով: Մայոր Սուրեն Մելքումյանի ծառայությունները գնահատված են «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի և ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալներով:

Սուրեն Մելքումյանը զոհվել է ապրլին, մարտական գործողությունների ժամանակ՝ անկատար թողնելով բազմաթիվ ծրագրեր և երազանքներ:

«Սուրենը 4 որդի ունի, միշտ ասում էր՝ դիրքեր եմ բարձրանում, որ երեխաներս ինձնով հպարտանան, պարծենան: Այդպես էլ եղավ. չորս որդիները պիտի միշտ իմանան, որ իրենց հայրը հերոսի մահով է ընկել», — պատմում են նրա ընկերները:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Սուրենի չորս որդիները մոր՝ տիկին Արևի հետ հյուրընկալվել են Արմավիրի ԳԳՄ-ի տնօրեն Սաշիկ Մկրտչյանի տանը և արդեն հասցրել են հարազատանալ այնքան, որ տանտիրոջը՝ Սաշիկ Մկրտչյանին դիմում են որպես հորեղբայր: Երեխաների առօրյան բավականին հագեցած է՝ էքսկուրսիաներ Էջմիածին, Խոր Վիրապ, այցելություններ ժամանցի վայրեր, խաղային ատրակցիոներ և այլն: Չորսամյա Հրայրի ամենասիրած զբաղմունքը հեծանիվն է, իսկ մեծ եղբայրները նախընտրում են լողավազանը: Մայրը՝ տիկին Արևը նշում է, որ երեխաներին պետք է հատկապես ընտանեկան միջավայր, իսկ Մկրտչյանների համոզմամբ՝ երկու ընտանիքների շփումը խոստանում է դառնալ ավելի բարեկամական ու շարունակական:

Զուգադիպություն է, թե ճակատագրի խաղ, փոխգնդապետ Ռոման Պողոսյանը զոհվեց ապրիլի 2-ին մարտական ծառայության ժամանակ, հուղարկավորվեց իր ծննդյան օրը:

Ռոմանը ղեկավարել է զորամասի հրետանային բաժանմունքը` շարքային զինվորականից հասնելով փոխգնդապետի կոչման: 2015թ. ավարտել էր նաև ՌԴ Սանկտ Պետերբուրգի բարձրագույն զինվորական ակադեմիան` կարմիր դիպլոմով:

Ծառայության ընթացքում բազմիցս արժանացել է խրախուսման` պատվոգրերի, մեդալների: Նրա կուրծքը զարդարել են «Անբասիր ծառայության» 1-ին և 2-րդ աստիճանի, «Վ. Սարգսյանի անվան», ՀՀ Նախագահի կողմից ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալները:

Ռոմանը ընտանիքի օրինակելի հայր էր: Նրա զավակները՝ Անահիտը, Գագիկը և Գոռը, այս օրերին հյուրընկալվել են Արագածոտնի ԳԳՄ-ի տնօրեն Ռուբիկ Հայրապետյանի տանը: Ընտանիքի անդամների հետ անմիջական ու ջերմ շփումը, համատեղ զբոսանքներն ու ժամանցի կազմակերպումը լավ ու հաճելի հուշեր կթողեն ամառային արձակուրդներից: Անահիտն ու Շահանեն՝ Ռ. Հայրապետյանի թոռնուհին, արդեն ընկերուհիներ են. խոսում են իրենց հետաքրքրող թեմաներից, կիսվում են տպավորություններով ու կարծիքներով: Գագիկն ու Գոռը ունեն շատ նախասիրություններ, որոնց մասին սիրում են պատմել: Պատմում են նաև Ղարաբաղից, հայրենի Հադրութից: Հայրապետյանների ընտանիքի հոգատար ու բարյացակամ վերաբերմունքը ընտանեկան ջերմ մթնոլորտ է ստեղծել նրանց համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am