Աշխատանքային քննարկում՝ բնական գազի սակագների վերանայման հարցի շուրջ

5 հունիսի 2020, 13:42

Հունիսի 4-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հարցի շուրջ, որին մասնակցել են նաև փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

2020 թ. ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտերի վերաբերյալ առաջարկություններ եւ պարզաբանումներ ներկայացվեցին ՀԾԿՀ-ի եւ Ընկերության կողմից:

«Գազափոխադրման համակարգը գտնվում է անմխիթար ծանր վիճակում: Ընկերությունը երկրում մեծածավալ ներդրումներ է իրականացրել, սակայն աշխատում է վնասով», — իր խոսքում մասնավորապես նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Մեր առաջարկված սակագնով ընկերությունը նախատեսում է 10 տարվա կտրվածքով ունենալ շուրջ 60 մլրդ դրամ միջին մարժա և զուգահեռ կփորձենք իրականացնել 230 մլրդ դրամի ներդրումներ: Ի դեպ, այս ներդրումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի շրջանակում, որով նախատեսվում է մեր համակարգը ներկա վիճակից հնարավորինս մոտեցնել միջազգային ցուցանիշներին», — ասաց Հ. Թադևոսյանը:

Ըստ Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի, համակարգում անհրաժեշտ է իրականացնել նորմատիվային ծախսեր, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ՝ գազափոխադրման համակարգի մաշվածության հետ կապված: «Ներդրումներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել նաև ընթացիկ ծախսեր: Անհրաժեշտ է հավասարակշռել մատակարարի և սպառողների շահերը», — նշեց Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը:

«Սպառողներին հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլարով գազի վաճառքը միֆ է», — ընդգծեց Հ.Թադևոսյանը, պարզաբանելով, որ գազը մինչ այսօր վաճառվել է 255 դոլարով, այն դեպքում, երբ սկսած 2019 թվականից սահմանին ձեռք է բերվում 165 դոլարով:

«Տարբերութունից ստացվում է 90 դոլար, որից շուրջ 43 դոլարը „Գազպրոմ ԱրմենիաՓԲԸն վճարում է ՀՀ պետական բյուջե որպես ավելացված արժեքի հարկ և այս պահի դրությամբ համարվում է Հայաստանի առաջին խոշոր հարկատուն: Մնացած 47 դոլարից շուրջ 12-ը բնական տեխնոլոգիական կորուստներն են: Մնացած 35 դոլարից շուրջ 19-ը աշխատավարձն է: Այսինքն, համակարգի շահագործման, մաշվածության և շահույթի համար մնում է շուրջ 16 դոլար», — մասնավորապես ասաց Հ.Թադևոսյանը:

«Մեծ թվերը ֆիկցիա է, հետևաբար Ընկերության գերշահույթի մասին որևէ խոսք չի կարող լինել», ընդգծեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը:



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am