Հ.Թադևոսյան. Հայաստանը կարող է տնտեսել տարեկան շուրջ 30 մլն խ.մ գազ մայրուղային գազատարի նորոգման արդյունքում

24 դեկտեմբերի 2020, 14:01

Հայաստանը կարող է տնտեսել տարեկան շուրջ 30 մլն խ.մ գազ հայ-ադրբեջանական սահմանագոտուն հարակից մայրուղային գազատարի վրա իրականացված նորոգման աշխատանքների արդյունքում: Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հ.Թադևոսյանը:

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի «Կարմիր Մամուրջ-Սևքար-Բերդ» 15 կիլոմետրանոց սահմանամերձ հատվածը կառուցվել էր 1992 թվականին և շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 27 տարի, գազատարի այդ հատվածի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չէր եղել իրականացնել: 2020 թվականի առաջին կիսամյակում իրականացվել են գազատարի վերոհիշյալ հատվածի վերականգնողական աշխատանքներ:

«Նորոգման աշխատանքների արդյունքը զգացվեց արդեն ս.թ. հունիսից, երբ աշխատանքներն ավարտվեցին: Ամսական մենք խնայում ենք 2–3 մլն խ.մ գազ, տարեկան արդյունքը կազմում է շուրջ 30 մլն», — ընդգծել է Հ.Թադևոսյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենի խոսքով, ընդհանուր առմամբ Հայաստանի մայրուղային գազատարներն ունեն զգալի մաշվածություն՝ գազափոխադրման համակարգի շուրջ 40 տոկոսի շահագործման ժամկետը գերազանցում է 30 տարին: Առաջիկայում գազատարների նորոգման աշխատանքները կշարունակվեն այլ ուղղություններով, այդ թվում դեպի սահմանամերձ Բերդ քաղաք հատվածում, ինչպես նաև Գորիսի տարածաշրջանում և մի շարք այլ ուղղություններով:

Ինչպես նշել է Հ.Թադևոսյանը, ներկայում կորուստները համակարգում կազմում են շուրջ 5,7 տոկոս, նախանշված աշխատանքների արդյունքում մինչև 2025 թվականը այդ ցուցանիշը պետք է նվազի՝ հասնելով 3,9 տոկոսի, իսկ մինչև 2030 թվականը՝ մինչև 3 տոկոս:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am