«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողը դարձավ դոնոր լեյկեմիայով տառապող կանադացի հիվանդի համար

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպության և Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի համագործակցության արդյունքում Ընկերության աշխատող Գայանե Այվազյանը դարձավ դոնոր լեյկեմիայով տառապող կանադացի մի հիվանդի համար։


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունը՝ համագործակցելով Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի հետ, մի քանի տարի առաջ կազմակերպել էր ցողունային բջիջների հավանական դոնորների արյունատվության ակցիա: Ընկերության մինչև 50 տարեկան շուրջ 800 աշխատողներ կամավոր արյուն հանձնեցին Ռեեստրում դոնորագրվելու նպատակով:


Ակցիայի մասնակիցներին տրվել էր գենետիկ կոդ, որը մուտքագրվել էր տվյալների բազայում, որի շնորհիվ անհրաժեշտության դեպքում դոնորին հնարավոր է գտնել դոնորների ազգային ռեեստրում:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի ներկայացուցիչների խոսքով, Գայանեն մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ համաձայնվեց օգնության ձեռք մեկնել։ Նախօրեին հաջողությամբ ավարտվեց դոնորի ցողունային բջիջների հավաքագրման փուլը, որոնց փոխպատվաստման արդյունքում Կանադայում գտնվող հիվանդը հնարավորություն կստանա հաղթահարել ծանր հիվանդությունը:


Ինչպես նշեցին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի ներկայացուցիչները, ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը, հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am