Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի հետ իրականացվեցին գազի որակի համատեղ ստուգումներ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն Ընկերության ղեկավարության հետ քննարկել է բնակչությանը մատակարարվող բնական գազի որակին, գազի սպառման ծավալներին առնչվող հարցեր, ինչպես նաև սպառողական շուկայի հետ կապված մի շարք այլ խնդիրներ:

Պարզաբանումներ տալով բարձրացված հարցերին՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542–87: Նշված ստանդարտի համաձայն, սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 Կկալ ցածր: Հանրապետություն ներկրվող բնական գազի որակական հատկանիշները ստուգման են ենթարկվում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում, ինչպես նաև հայ-վրացական սահմանին գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանում: Մատակարարվող բնական գազի ջերմատվության արժեքը մեկ խորանարդ մետրում 8000 կիլոկալորիայից ցածր երբեք չի եղել:
«ՀայՌուսգազարդ»-ն ունի ստացիոնար և շարժական լաբորատորիաներ, որտեղ կանոնավոր կերպով կատարվում են բնական գազի որակական հատկանիշների ստուգումներ:
Նման լաբորատորիաներ ունեն Հայաստանի խոշորագույն գազ սպառողները՝ Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը և «Արարատցեմենտ» գործարանը: Այսինքն, բացի «ՀայՌուսգազարդ»-ի լաբորատորիայից, Հայաստանում կա ևս երեք անկախ լաբորատորիա:
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն այդ սպառողների հետ ստորագրել է աշխատանքային կարգ, համաձայն որի իրականացվում են գազի որակի համատեղ փորձարկումներ և փոխստուգումներ: Ընդ որում, այդ լաբորատորիաները համատեղ աշխատում են ամեն օր՝ վերահսկելով մատակարարվող գազի որակը:
Բացի այդ, յուրաքանչյուր տասնօրյակը մեկ «ՀայՌուսգազարդ»-ը մամուլում հրապարակում է ըստ տարածքների մատակարարված բնական գազի ջերմատվության միջին արժեքների մասին տեղեկատվություն: Ընկերությունը հրապարակում է նաև ամփոփ տեղեկատվություն՝ ըստ տասնօրյակների և ամսվա կտրվածքով: Այդ տեղեկությունները հաշվետվության տեսքով ներկայացվում են նաև ՀԾԿՀ:
Հ.Թադևոսյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ գազի որակի մասին տեղեկատվությունը հասանելի է բոլորին, միաժամանակ նշելով՝ որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ տալ բոլոր հարցերին, կազմակերպել համատեղ քննարկումներ: «Մենք ուրախ կլինենք, որպեսզի նման հանդիպումները և աշխատանքային քննարկումները նպաստեն և ավելի արդյունավետ դարձնեն աշխատանքը, ինչի արդյունքում կշահեն մեր սպառողները», — նշեց Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետը:
Ինչ վերաբերում է 2011–2012թթ. ջեռուցման սեզոնի ընթացքում գազի սպառման ծավալների ավելացմանը, Հ.Թադևոսյանը նշեց, դա պայմանավորված է եղանակով, քանի որ նշված ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը զգալիորեն ցածր է եղել նախորդ ձմռան համեմատ: Համապատասխանաբար, այս ջեռուցման սեզոնին սպառումն ավելացել է:
Քննարկման ավարտից հետո Սպառողների ազգային ասոցիացիայի աշխատանքային խումբն այցելեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի լաբորատորիա, որտեղ իրականացվեց բնական գազի որակի համատեղ հետազոտություն:
Հանդիպման ավարտին Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մ.Հակոբյանը նշեց, որ իրենց կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Քննարկումների արդյունքում Ասոցիացիայի աշխատանքային խումբն ընդունեց այն եզրակացությունը, որ բնակիչների բողոքները հիմնականում անարդարացի են:
«Մեր այցի նպատակն էր քննարկել ազգաբնակչության կողմից բարձրացվող խնդիրը, որը վերաբերում է սպառված գազի դիմաց ավել վճարվող գումարներին: Մենք տեղում ծանոթացանք բոլոր աշխատանքների հետ, մանրամասնորեն քննարկվեցին բոլոր հարցերը, և մենք համարում ենք, որ ինչ-որ տեղ անարդարացի են այդ բողոքները: Ինչ վերաբերում է գազի որակի խնդրին, ապա այդ հարցը նույնպես քննարկվեց և պարզեցինք, որ գազի կալորիականությունը համապատասխանում է սահմանված նորմերին: Լաբորատոր հետազոտություն իրականացվեց մեր մասնագետների մասնակցությամբ և պարզվեց, որ եթե գազի կալորիականությունը սահմանված է 7900 կիլիկալորիա, ապա իրականում այն նույնիսկ ավելի բարձր էր: Մենք սպառողներին մանրամասնորեն տեղյակ կպահենք այսօրվա հանդիպման արդյունքների մասին, որպեսզի մեր ազգաբնակչության անհանգստությունն այդ բոլոր հարցերի վերաբերյալ փարատվի: Վերջապես, մենք պետք է աստիճանաբար միմյանց վստահենք, այսինքն՝ սպառող-ծառայություն մատուցող հարաբերությունները պետք է այնպիսին լինեն, որ սպառողն իրոք վստահի ծառայությունները մատուցողին», — նշեց Մ.Հակոբյանը: