Գազի ոլորտի աշխատողների սերնդափոխությունը

1 սեպտեմբերի 2017, 14:45

20 տարի առաջ ստեղծված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն այսօր առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի գազաէներգետիկ ոլորտում: Ընկերության և ընդհանրապես հանրապետության գազի տնտեսության կայացման և զարգացման գործում իրենց անգնահատելի ավանդն ունեն վետերան մասնագետները՝ մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում են համակարգում:

Արդյունավետ և դրական ցուցանիշներով ուղեկցվող գործունեության գրավականը նաև սերնդափոխությունն է: «Գազպրոմ Արմենիա»-ի բազմամյա փորձ ունեցող մասնագետների կողքին ասյօր աշխատում են երիտասարդներ, որոնք ունեն մասնագիտության և իրենց աշխատանքի հանդեպ սեր ու նվիրվածություն, ինչպես նաև մեծ ներուժ: Իսկ դա, ինչպես նշում են աշխատանքի վետերանները, նշանակում է, որ հանրապետության գազի ոլորտի ապագան հուսալի ձեռքերում է:

Մասնագիտական տոնին իրենց աշխատանքային ուղու մասին պատմում են գազի համակարգում ավելի քան 30 տարի աշխատող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները:

Համլետ Խչեյան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տեխնիկական բաժնի պետի տեղակալ — տեխնիկական խմբի ղեկավար

— Գազի համակարգում աշխատում եմ 1978 թվականից, բարձրագույն կրթությունը ստանալուց անմիջապես հետո: Ի դեպ, ասեմ, որ դպրոցն ավարտելուց առաջ որոշել էի ընտրել գազի ոլորտին առնչություն չունեցող մի մասնագիտություն, սակայն միավորների պատճառով ընտրածս բուհը չընդունվեցի: Երիտասարդ էի և, ճիշտն ասած, դա ինձ համար բարդ ժամանակաշրջան էր: Բայց չհուսահատվեցի և 1973 թվականին ընդունվեցի Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» բաժինը: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ իմ կյանքում այդ շրջադարձը բերեց ինձ մի ոլորտ, որը դարձել է հոգեհարազատ, որտեղ աշխատում եմ արդեն շուրջ 40 տարի և աշխատանքս փոխելու մասին երբեք չեմ մտածել:

Ինչպես նշեցի, Հայաստանի գազի տնտեսությունում եմ 1978 թվականից, սկսել եմ աշխատել որպես փականագործ, այնուհետև վարպետ, ավագ վարպետ, ավագ ճարտարագետ, Գավառի միջշրջանային գազի շահագործման Վարդենիսի գազի ծառայության պետ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն: Ի դեպ, աշխատանքային գործունեության մեծ մասն անցել է իմ ծննդավայրում՝ Գեղարքունիքի մարզում:

Աշխատանքիս ամենաբարդ և միաժամանակ ամենակարևոր փուլը համարում եմ Խորհրդային Միության փլուզման տարիները և դրան հաջորդած անցումային ժամանակաշրջանը: Կարևոր, քանի որ Հայաստանի գազամատակարարման դադարեցման պայմաններում շարունակեցինք աշխատել և իսկապես մեծ ջանքերի շնորհիվ կարողացանք պահպանել Վարդենիսի տարածաշրջանի գազի ենթակառուցվածքը, թույլ չտվեցինք, որպեսզի ապամոնտաժվեն գազատար խողովակները, պահպանեցինք նաև Վարդենիսի գազի ծառայությանը պատկանող տրանսպորտային միջոցները: Իսկ 1997 թվականին «ՀայՌուսգազարդ» ընկերության ստեղծումից հետո, երբ Հայաստանում մեկնարկեց Գազամատակարման և գազաֆիկացման վերականգնման ծրագիրը, այդ պահպանված ենթակառուցվածքը մեծ դերակատարություն էր ունեցել:

Այժմ, երբ վերհիշում եմ իմ աշխատանքային օրերի քրոնիկան, Հայաստանի գազի ոլորտում իմ գործունեությունը, հպարտությամբ կարող եմ ասել, որ անսահման սիրում եմ իմ մասնագիտությունը, իսկ աշխատանքը դարձել է իմ կենսագրության անբաժանելի մասը:

Աշոտ Չոբանյան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կենտրոնական արտադրա-կարգավարական ծառայության առաջատար ճարտարագետ-կարգավար

— Հայաստանի գազի համակարգի կարգավարական ծառայությունում աշխատում եմ շուրջ 37 տարի: Երբ երիտասարդ գործընկերներիս հետ զրուցում ենք մեր աշխատանքի մասին, միշտ հիշում եմ և պատմում նրանց, թե ինչքան բարդ էր աշխատանքը 80-ական թվականներին: Այն ժամանակ տեխնոլոգիաներն այսքան զարգացած չէին, չկային համակարգիչներ, և մենք ամեն ժամը մեկ հաշվիչ մեքենաների միջոցով հավաքում էինք ստացված և սպառված գազի վերաբերյալ տվյալները և հաղորդիչ կայանի միջոցով փոխանցում էինք Մոսկվա՝ գլխամասային կենտրոն: Այդ տարիներին աշխատել եմ «Հայտրանսգազ» ձեռնարկությունում, որը գտնվում էր ԽՍՀՄ գազի արդյունաբերության մինիստրության կազմում:

Ժամանակները փոխվեցին, մեր կարգավարական ծառայությունն ապահովված է բոլոր ժամանակակից միջոցներով, սակայն կարգավարի աշխատանքի բնույթը չի փոխվել: Մեզանից մշտապես պահանջվում է օպերատիվություն և ճշգրտություն, քանի որ այսօր էլ կարգավարական ծառայությունում յուրաքանչյուր ժամի համար հավաքվում է տեղեկատվություն ստացված և սպառված բնական գազի ծավալների վերաբերյալ: Իհարկե, այս ամենն արդեն ավտոմատացված է, հաշվարկները կատարվում են համակարգիչների միջոցով, բայց մարդկային գործոնը մեր աշխատանքում շատ կարևոր է. արդյունքները, թվերը և մնացած տեղեկությունները պետք է վերստուգել, ամփոփել, ինչպես ասում են՝ ձեռքով:

Չեմ թաքցնի՝ աշխատանքը բարդ է, պատասխանատվությունը մեծ է, բայց սիրով և պատրաստակամությամբ եմ կատարում այն: Անցած ավելի քան երեք տասնամյակների ընթացքում ոչ մի անգամ չեմ մտածել աշխատանքը փոխելու մասին, չնայած նրան, որ բավականին հրապուրիչ առաջարկներ եղել են:

Գազի ոլորտին անծանոթ մարդիկ երևի թե չեն պատկերացնի, բայց այս համակարգում իսկապես յուրահատուկ մթնոլորտ է, որը մարդուն կապում է իրեն շատ ամուր:

Շատ կարոր է այն, որ աշխատում եմ լավ ղեկավարների հետ, որոնք գնահատում են կատարած աշխատանքը, անհրաժեշտության դեպքում կիսվում են իրենց փորձով, աջակցում են խորհուրդներով, իսկ դժվար պահերին՝ լինելով մեր կողքին, փորձում են լուծել առաջացած խնդիրները: Մեր ամբողջ համակարգն ընդհանրապես մի մեծ ընտանիք է, որտեղ տարիների ընթացքում ձևավորվել են լավ աշխատանքային ավանդույթներ, հարաբերություններ: Իսկ ամենագլխավորն այն է, որ մեզ մոտ չկա անտարբերություն: Աշխատանքում սա շատ կարևոր առանձնահատկություն է:

Այժմ աշխատում եմ երիտասարդների հետ, որոնք մեր գործը շարունակողներն են: Վստահ եմ, որ նրանք կլինեն մեր՝ աշխատանքի վետերանների, արժանի հետևորդները:

Ռուբիկ Վարդանյան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կենտրոնական արտադրա-կարգավարական ծառայության առաջատար ճարտարագետ-կարգավար

— Ավելի քան 35 տարի անընդմեջ աշխատում եմ գազի ոլորտում: 1981 թվականին սկսեցի աշխատել «Հայտրանսգազ» արտադրական միավորումում որպես ճարտարագետ, այնուհետև՝ կարգավար: «Հայտրանսգազ»-ը համամիութենական ենթակայության ձեռնարկություն էր, որը ձևավորվել էր «Մայրուղային գազամուղների անդրկովկասյան վարչություն» հայկական մասնաճյուղի լուծարումից հետո 70-ական թվականների վերջին:

Անցած տարիների ընթացքում աշխատանքիս բնույթը չի փոխվել, այժմ էլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում աշխատում եմ որպես առաջատար ճարտարագետ-կարգավար: Անկեղծորեն ասեմ, որ գազի համակարգում մասնագիտությունս փոխելու ուղղությամբ երբեք չեմ մտածել, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը, իսկ կարգավարական ծառայութունը ինձ համար դարձել է հարազատ վայր, ունեմ շատ լավ ղեկավարներ և գործընկերներ: Բայց նշեմ, որ աշխատանքը բարդ է, պահանջում է մեծ պատասխանատվություն, չէ որ կարգավարները, պարզ բառերով ասած՝ բնական գազի հոսքերի կարգավորման հետ գործ ունեն: Մեր աշխատանքը պահանջում է նաև մասնագիտական բարձ գիտելիքներ, բացարձակ ճշգրտություն հաշվարկներ կատարելիս: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ կարգավարական ծառայության մասնագետները օրը 24 ժամ ձեռքը պահում են հանրապետության գազափոխադրման համակարգի և գազաբաշխիչ ցանցի զարկերակի վրա, որպեսզի հսկա օրգանիզմում ցանկացած խափանման կամ խնդրի դեպքում անմիջապես ձեռնարկվեն համապատասխան գործողություններ հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու համար:

Պետք է նշեմ, որ գործընկերներս գազի ոլորտում երկարամյա, մեծ փորձ ունեցող մարդիկ են, որոնց հետ կարելի է լուծել ցանկացած խնդիր: Այսօր ունենք նաև շատ խելացի, բանիմաց երիտասարդներ, որոնք ընտրել են այս մասնագիտությունը: Ես նրանց խորհուրդ կտամ լինել զգոն, կարողանալ ճիշտ օգտագործել գիտելիքները և, իհարկե, լինել աշխատասեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am