Ա․Հակոբյան․ Ընթացիկ տարում մեծ ծավալով աշխատանքներ են նախատեսված գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն Գլխավոր տնօրենի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2023թ․ արտադրատնտեսական գործունեության նախնական արդյունքները, ինչպես նաև ընթացիկ տարում նախատեսված ծրագրերին և աշխատանքներին առնչվող հարցեր։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նշեց, որ ըստ օպերատիվ տվյալների անցած տարի արձանագրվել են բավականին նշանակալի արդյունքներ Ընկերության գործունեության բոլոր ուղղություններով։

«2022թ․ համեմատ կարողացել ենք հասնել առավել նշանակալի ցուցանիշների, և դա մեր բոլորիս համակարգված աշխատանքի արդյունքն է», — ընդգծեց Ա․Հակոբյանը։

Նշվեց, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից համաձայնեցված Ընկերության 2024–2028թթ․ ներդրումային ծրագրի արժեքը կազմում է շուրջ 149 մլրդ դրամ։

Ընթացիկ տարում ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայի շրջանակում նախատեսված են մեծ ծավալով աշխատանքներ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի խոսքով, ժամանակի պահանջն է, որպեսզի աստիճանաբար անցում կատարվի Ընկերության արտադրական գործընթացների թվայնացմանը։

«Թվային անցումը մեր առաջնահերթ խնդիրն է։ Մասնավորապես, արդեն ձեռնարկված են որոշակի քայլեր Ընկերության կարգավարական գործընթացների օպերատիվ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ։ Անհրաժեշտ է հետագայում ընդլայնել թվային տեխնոլոգիաների կիրառումը մեր գործունեության այլ ուղղություններով նույնպես», — ընդգծեց Ա․Հակոբյանը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ընկերության կադրային քաղաքականությանը։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նշեց, որ կադրային ռեզերվի ձևավորումը, հատկապես ինժեներատեխնիկական անձնակազմի համալրումը պրոֆեսիոնալ մասնագետներով օրակարգային է Ընկերության համար։ Այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանքի կարևոր բաղադրիչներից է համապատասխան մասնագիտացված բուհերի և ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ակտիվացումը։

Ընկերության սոցիալական քաղաքականության համատեքստում նշվեց, որ անցած տարի իրագործվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու մեծ ծրագիր, որի շրջանակում նաև լուծվել է «Արցախգազ» ընկերության մի շարք մասնագետների զբաղվածության խնդիրը, ովքեր աշխատանքի են անցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am