Գազի սակագինն այս տարի չի փոխվի

«ՀայՌուսգազարդը» այս տարի գազի սակագնի փոփոխության հայտ չի ներկայացնի։ Այս մասին երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, ընկերության 2008¬2010թթ. ներդրումային ծրագրի քննարկումից հետո, հայտնեց «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Նա դժվարացավ ասել, թե երբ կավարտվի գազի սակագնի սուբսիդավորումը, որովհետեւ դա ոչ թե «ՀայՌուսգազարդի», այլ կառավարության որոշելիք խնդիրն է։ Նամանավանդ սուբսիդավորման համար, ըստ Կ.Կարապետյանի, կարող են լինել տարբեր աղբյուրներ, այդ թվում եւ պետական բյուջեն։


Առաջիկա երեք տարիների ընթացքում «ՀայՌուսգազարդը» նախատեսում է ներդնել ընդհանուր առմամբ ավելի քան 45,1 մլրդ դրամ, որը կհատկացվի հիմնականում երեք ուղղություններով՝ գազափոխադրման ցանցի թողունակության ավելացման, համակարգում ճնշման կարգավորման եւ անվտանգության բարձրացման։

Ինչպես հանձնաժողովի նիստում հայտնեց ընկերության ներկայացուցիչը, գազափոխադրման համակարգի թողունակության ավելացման եւ կառավարության կողմից նախաձեռնված գազաէներգետիկ նախագծերով նախատեսված պայմանների ապահովման նպատակով 2008¬2009թթ. ծրագրվում է իրականացնել Քաջարան¬Արարատ 197,4 կմ երկարությամբ 720 մմ տրամագծով նոր գազատարի կառուցումը։ Դրա համար այս տարի կհատկացվի ավելի քան 19,3 մլրդ դրամ։ Ծրագրի շրջանակներում Քաջարան¬Արարատ հատվածում 2008թ. ընթացքում ծրագրվում է պատրաստել 71 կմ երկարությամբ հարթակներ եւ խրամուղի։ Կմոնտաժվի 113 կմ երկարությամբ խողովակաշար։

Հեռանկարային զարգացման համատեքստում, ընկերությունը շարունակելու է ընդլայնել Աբովյանի գազապահեստարանի տարողունակությունը։ Կայանում աշխատանքները կկատարվեն երեք ուղղություններով՝ նոր աղաջրապահեստարանի համալիրի կառուցում, առկա հորի հետազոտում, վթարավերականգնման միջոցառումների իրականացում, նոր հորերի կառուցում՝ 1 մլրդ 155 մլն դրամ ներդրումով։ Այդպիսով.

—կավարտվեն Քաջարան¬Արարատ գազատարի կառուցման հիմնական աշխատանքները, եւ կստեղծվի այլընտրանքային գազամատակարարման աղբյուր։ Կկառուցվի Աբովյանի ստորգետնյա աղաջրապահեստարանի նոր համալիրը, կհետազոտվի 4 եւ կվերականգնվի 7 նոր հոր։

Ընկերության այս ներդրումային ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանով առաջին անգամ ակնկալվում է սկսել բաժանորդների բնակարանների անվտանգության ավտոմատ ազդանշանային եւ անջատիչ սարքավորումների տեղադրման գործընթացը, որը, Կ.Կարապետյանի կարծիքով, ՙհեղափոխական փոփոխություն է՚ գազամատակարարման ոլորտում.

—Չկա որեւէ երկիր, որ այսպես է վարվում։ Ավելին, մեր ռուս գործընկերները փորձելու են այս մոդելը կիրառել նաեւ իրենց մոտ։ Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է 2008թ. ծախսել 4,1 մլրդ դրամ։ Գազի անվտանգության ավտոմատ ազդանշանային սարքավորումների տեղադրումը «թույլ կտա ստեղծել անվտանգության մասսայական եւ ամբողջական ցանց՝ հնարավորինս նվազագույնի հասցնելով վթարները եւ դժբախտ պատահարների առաջացումը»։

Անվտանգության սարքավորումների տեղադրումն ընկերությունը նախատեսում է սկսել արդեն մայիսից։ Առաջին փուլում նախապատվությունը կտրվի բազմաբնակարան բնակելի շենքերի բաժանորդներին։ Այնուհետեւ դրանք կտեղադրվեն շենքերի շքամուտքերում։ Սեփական տներում անվտանգության ազդանշանային սարքավորումները կկախվեն եւ անջատիչները կմիացվեն գործընթացի վերջին փուլում. —Քանի որ այս տարի նախատեսվում են լայնածավալ աշխատանքներ, կա որոշակի վտանգ, որ ազդանշանային սարքերի եւ անջատիչ փականների տեղադրումը կարող է համահունչ չլինել։ Բայց, կարծում եմ, դա մեծ խնդիր չէ։ Եթե նույնիսկ որոշակի շեղում լինի փականների տեղադրման հետ կապված եւ դրանք հետ ընկնեն, ապա ազդանշանային սարքերը կախելուց հետո հաջորդ փուլերում կտեղադրվեն նաեւ դրանք։ Այստեղ լուրջ խնդիրներ չկան։ Ծրագրել ենք մայիսից սկսել այդ սարքավորումների տեղադրումը եւ եթե կարողանանք այս տարի ավարտել բազմաբնակարան շենքերը, ապա բավական լուրջ աշխատանք կատարած կլինենք,¬ կարծում է «ՀայՌուսգազարդի» փոխտնօրեն Ա.Հովսեփյանը։

Գազասպառման անվտանգության բարձրացմանն ուղղված այս միջոցառումը «ՀայՌուսգազարդը» նախատեսում է իրականացնել բացառապես ընկերության միջոցների հաշվին։ Սարքավորումների տեղադրմանը բնակչությունը ֆինանսական որեւէ մասնակցություն չի ունենա։ Ներդրումն ընկերությունն ակնկալում է հետ ստանալ 12 տարվա ընթացքում։

Հեղինակ: Վասակ Թարփոշյան

Աղբյուր: «Հայոց աշխարհ»