ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «ՀայՌուսգազարդ»

«Հայաստանի Հանրապետություն»

ԳԱԶԸ ԿԹԱՆԿԱՆԱ, ԲԱՅՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՆՇԱՆ ԿԼԻՆԻ

2009թ. ապրիլի 1-ից Հայաստանն արդեն Ռուսաստանից գազ կգնի 1000 խմ-ն 154 դոլարով, իսկ 2010թ. ապրիլի 1-ից՝ 200 դոլարով։ Այդպես է նախատեսում համապատասխան պայմանագիրը, որի ժամկետը մինչեւ 2015 թվականն է։ Ինչքանո՞վ դա կազդի բնակչության վրա, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ, ի՞նչ խնդիրներ ունի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն եւ որո՞նք են հեռանկարային ծրագրերը։ Երեկ «ՀայՌուսգազարդ» էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը երկրի ղեկավարին ներկայացրեց նշված հարցերին առնչվող պարզաբանումները, ընկերության գործունեությունն ու անելիքները։

Նախ՝ գազի գնի մասին։ Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ այդ պայմանագիրը «բացառիկ պայմանագիր» է եւ ցածր գնով՝ համեմատած այն երկրների գազի գնի հետ, որոնց Ռուսաստանը գազ է մատակարարում։ Նախագահ Սարգսյանը նկատեց. «Այդ պայմանագիրը բացառիկ է, որովհետեւ մեր հարաբերություններն էլ ՌԴ հետ բացառիկ են»։ «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենը ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի. գազի գինը կբարձրանա ոչ թե հունվարի 1-ից, այլ՝ ապրիլի 1-ից, ինչը կթեթեւացնի բնակչության հոգսը։ Կ. Կարապետյանի կարծիքով, հաշվի առնելով դրամ-դոլար հարաբերակցությունը՝ գազի թանկացումը բնակչության վրա ազդեցություն չի ունենա. «Նման գները, մեր համոզմամբ եւ պնդմամբ, գազի շուկայի զարգացմանը չեն խոչընդոտելու։ Այս գները մեզ թույլ են տալիս շատ ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանում»։

Այն տեսակետի վերաբերյալ, թե գազի գների ավելացումը բնակչության վրա ազդեցություն չի ունենա, նախագահ Սարգսյանը նշեց. «Լավ է, որ մենք արդեն ունենք երկարաժամկետ պայմանագիր գազի ոլորտում, ինչը հնարավորություն կտա եւ՛ բնակչությանը, եւ՛ գործարարներին ծրագրել իրենց ապագան։ Իհարկե, այն պայմանները, այն սակագները, որ գործելու են 2009թ. ապրիլի 1-ից, մեզ հնարավորություն են տալիս չնչի՛ն չափով ավելացնել սոցիալական ծանրաբեռնվածությունը։ Պարզապես, երբ ասում եք, թե ազդեցություն չի ունենա, մարդկանց մոտ կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե գազի գների փոփոխություն չի լինելու։ Բայց համաձայն եմ, որ այդ փոփոխությունը՝ սոցիալական ծանրաբեռնվածությունը, լինելու է աննշան»։ Երկրի ղեկավարը հավելեց, որ զուտ բիզնեսի համար սա ուղղակի փայլուն մի հնարավորություն է՝ դառնալ շատ ավելի մրցունակ տարածաշրջանում, քան այսօր ենք. «Ամբողջովին համաձայն եմ այն թեզի հետ, որ չնայած ուրիշների համեմատ մեր տրանսպորտային բաղկացուցչի մեծությանը, այնուամենայնիվ, շատ ավելի լավ պայմաններում ենք։ Սա էլ իր հերթին մեզ հնարավորություն է ընձեռում առաջիկայում ապահովել մեր ՀՆԱ-ն բավականին մեծ ցուցանիշներով»։ Իսկ ի՞նչ կարժենա բնակչության համար 1խմ գազը։ Սա դեռ հայտնի չէ, քանզի հաշվարկներ դեռ չեն արվել (վերջնական որոշումը կկայացնի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը)։ «Բայց, համոզված եմ, որ բեռը ծանր չի լինելու ո՛չ բնակիչների, ո՛չ էլ գործարարների համար»,-համոզված է Կ. Կարապետյանը։

Այնուհետեւ «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենը երկրի ղեկավարին ներկայացրեց ընկերության ձեռքբերումները, ցուցանիշները, արդի խնդիրները, ներդրումները եւ հեռանկարային ծրագրերը, որից հետո նախագահ Սերժ Սարգսյանը տվեց իր ամփոփիչ գնահատականը։

Ըստ Կ. Կարապետյանի տվյալների, 2002թ. սկսած «ՀայՌուսգազարդ»-ի գործունեության արդյունքում գրանցվել են հետեւյալ ցուցանիշները. Արտադրական ցուցանիշներ՝ գազարբիացման մակարդակի աճ՝ 21-ից 91 տոկոս։ ՀՀ ներմուծվող եւ իրացվող բնական գազի ծավալներն ավելացել են ավելի քան 2.4 անգամ, այդ թվում՝ բնակչության կողմից՝ 6.4 անգամ, արդյունաբերության կողմից՝ 2.3 անգամ։ Փաստացի բաժանորդների թիվն ավելացել է 5.1 անգամ։ Գազաբաշխիչ ցանցն ընդլայնվել է 2.1 անգամ, պահեստավորվող բնական գազի ծավալի աճը մոտ 2 անգամ է։ Բնական գազի ներկրման եւ իրացման ոլորտում տարեկան ներդրումների ծավալը 2,0 մլրդ դրամից հասել է մինչեւ 48.0 մլրդ դրամի։ Այս տարի նախատեսվում է 67,4 մլրդ դրամի ներդրում։

Ֆինանսատնտեսական ցուցանիշների մասով. ՀՀ պետական բյուջե վճարումների ծավալն աճել է շուրջ 11 անգամ, կենսաթոշակային հիմնադրամի վճարումների ծավալը՝ 7,5 անգամ, ընկերության աշխատողների միջին աշխատավարձը՝ 2,5 անգամ։ Ընդհանուր առմամբ, վնասաբեր ընկերությունից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դարձել է շահութաբեր՝ շահույթը դարձնելով շուրջ 12 մլրդ դրամ։ Ինչ վերաբերում է նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ներդրվել է գազի հաշվառման ժամանակակից համակարգ, որի շնորհիվ նվազեցվել են կորուստները՝ դրանք հասցնելով մինչեւ նորմատիվային մակարդակի։ Ի դեպ, վերջին տարիներին գազաբաշխիչ ցանցի շինարարության եւ վերակառուցման մեջ ներդրվել է պոլիէթիլենային խողովակների օգտագործումը՝ հաշվի առնելով, որ գնային եւ շահագործման տեսանկյունից մետաղական խողովակների նկատմամբ դրանք ակնհայտ առավելություններ ունեն։ Նաեւ՝ գազափոխադրման համակարգի բոլոր գազաբաշխիչ կայաններում ներդրվել են ավտոմատացված օդորիզացման համակարգեր։ Ընկերությունը քայլեր է ձեռնարկում նաեւ գազի ներտնային մատակարարման համակարգերի անվտանգությունն ապահովելու առումով. մշակել եւ ներդրել է ներտնային գազասպառման համակարգերի կանոնավոր տեխնիկական սպասարկման արդյունավետ մեխանիզմ։ Գազի օգտագործման անվտանգության ապահովման նպատակով ներկայումս աշխատանքներ են տարվում բնակիչ-բաժանորդների շրջանում անվտանգության համակարգերի (ազդանշանային սարքերի) եւ անջատիչ կափույրների ներդրման ուղղությամբ։

«ՀայՌուսգազարդ»-ը հեռանկարում նախատեսում է իրականացնել հետեւյալ ծրագրերը։ Օրինակ, գործունեության բազմազանեցման մասով (ինչն, ի դեպ, նույնպես նպաստում է երկրի էներգետիկական անվտանգության մակարդակը բարձրացնելուն) 248,8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ձեռքբերման հետ մեկտեղ ընկերությունը ծրագրել է իրականացնել շուրջ 170.0 մլն դոլար գումարի չափով ներդրումներ, որոնց արդյունքում կունենանք 440 ՄՎտ հզորությամբ, ժամանակակից գազատուրբիններով հագեցված արդյունավետ կայան։ Սկզբունքային լուծում է ստացել Հրազդանի ՋԷԿ-ի գործող 4 էներգաբլոկների միավորումը կառուցվող 5-րդ էներգաբլոկի հետ՝ միասնական արտադրական համալիրի ստեղծման նպատակով, որը հզոր արտադրական հրապարակ կդառնա հարեւան երկրներ էլեկտրաէներգիայի արտահանման համար։ Հեռանկարային քայլերից է նաեւ ՀՀ-ում նավթավերամշակման գործարանի կառուցման ծրագրին մասնակցությունը։ Ինչպես տեղեկացրել ենք, ընկերությունն արդեն մասնակցում է այդ գործարանի կառուցման նախագծի շրջանակներում ՌԴ, ԻԻՀ եւ ՀՀ համատեղ խմբերի աշխատանքներին։ Համապատասխան միջոցառումներ են իրականացվում նաեւ ՀՀ էներգահամակարգից էլեկտրաէներգիայի արտահանման գործընթացը վերսկսելու ուղղությամբ։ Մասնավորապես, բանակցություններ են վարվում Վրաստանի, ԻԻՀ եւ Թուրքմենստանի համապատասխան ընկերությունների հետ։

Էներգետիկական անվտանգության ապահովման առումով շատ կարեւոր է բնական գազի մատակարարման այլընտրանքային ուղու առկայությունը։ Որպեսզի իրանական բնական գազը ընկերությունը մեր երկրի կենտրոնական շրջաններ հասցնի, գործող գազափոխադրման համակարգն ընդլայնում է հարավային ուղղությամբ։ Այդ նպատակով ներկայումս շարունակվում է շինհավաքակցումը գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի վրա։ «ՀայՌուսգազարդ»-ը դա կատարում է սեփական ուժերով՝ բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցների հաշվին։ Նշված ծրագրի իրականացումը թույլ կտա արդյունքում ունենալ Հայաստան բնական գազի մատակարարման այլընտրանքային ուղի, որը կարող է ապահովել տարեկան 1,1-ից մինչեւ 2,3 մլրդ խմ բնական գազի ծավալի մատակարարման հնարավորություն։

Անդրադառնանք ֆինանսական շուկայում ընկերության մասնակցությանը։ Հիշեցնենք, որ դեռ 2007թ. ընկերությունը նպատակային ծրագրերի համար արտաքին ֆինանսավորման ներգրավման ուղիների բազմազանեցման քաղաքականության շրջանակներում իրականացրեց 1,0 մլրդ դրամ ընդհանուր արժեքով միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսերի թողարկում, որոնք հաջող տեղաբաշխվել են։ Հաստատվել է 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծրագիրը, ինչը նախատեսվում է իրականացնել 2008թ. առաջին կիսամյակում։ «ՀայՌուսգազարդ»-ը միջազգային ֆինանսական վարկանիշի բարձրացման, ինչպես նաեւ միջազգային ներդրողների շրջանակներում ճանաչվելիության ընդլայնման նպատակով մտադիր է պարտատոմսերի զգալի մասի թողարկումն իրականացնել արտերկրում։

Ընկերությունը որոշել է, որ կանոնադրական կապիտալում կավելացնի հայկական մասնաբաժինը։ Դա կարվի ջերմամատակարարման կաթսայատների, ԻՖԱԴ ծրագրով իրականացված գազաֆիկացման, TACIS INOGATE տեխնիկական աջակցության ծրագրերով ստացված սարքավորումների, ինչպես նաեւ բյուջետային եւ համայնքային այլ ներդրումների մասով։ Գազի համակարգում հետաքրքիր մի շարք ցուցանիշներ կան, որոնցով աչքի է ընկնում Հայաստանը։ Օրինակ, մեր երկիրը համաշխարհային առաջատարն է բնական գազը որպես շարժիչային վառելիք օգտագործող երկրների շարքում։ Նշվածի շնորհիվ տրանսպորտի ոլորտում ամենամյա տնտեսումը, ըստ ընկերության գնահատականների, կազմում է 180–200 մլն դոլար։ Կամ՝ գազաֆիկացման մակարդակով (89,6%), ինչպես նաեւ այդ ոլորտում ներդրված նորույթներով, ՀՀ-ն առաջատարն է ԱՊՀ երկրների տարածքում եւ դուրս է եկել առաջատար դիրքեր Եվրոպայում ու ամբողջ աշխարհում։ Այլ էներգակիրներից բնական գազի անցնելու կապակցությամբ բնակչության ամենամյա տնտեսումը կազմում է 250–300 դոլար։ «Այս ամենը վկայում է հանրապետության էներգետիկ անվտանգությունն ապահովող կարեւոր բաղկացուցիչներից մեկի՝ գազի ոլորտի հանդեպ պետական հոգածության մասին, ինչը Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն զարգացման ապահովման երաշխիքներից մեկն է»,-ընդգծում են ընկերությունում։

Ինչ վերաբերում է ներդրումներին, 2008–2010թթ. դրանք կկազմեն շուրջ 720–750 մլն ԱՄՆ դոլար՝ ներառյալ գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը։ Առավել խոշոր նոր ներդրումային ծրագրերից անհրաժեշտ է նշել՝ ՀՀ գազափոխադրման համակարգի վերակառուցումն ու թողունակության բարձրացումը՝ շուրջ 135 մլն դոլար, Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի ձեռքբերում կառուցումը՝ 35–40 մլն դոլար, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցում եւ արդիականացում՝ 7.5 մլն դոլար, ինչը թույլ կտա 2013թ. պահեստավորվող բնական գազի ծավալները ներկայիս 120 մլն խմ-ից հասցնել մինչեւ 170–180 մլն խմ-ի, Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ձեռքբերում, շինարարություն եւ արդիականացում՝ շուրջ 430 մլն դոլար, ՀՀ-Վրաստան սահմանին հիմնական մայրուղային գազատարի վրա 16–18 ՄՎտ հզորությամբ կոմպրեսորային կայանի շինարարություն՝ շուրջ 27 մլն դոլար։

Ավելացել է ընկերության հիմնական գործունեությամբ պայմանավորված ամենամյա ներդրումների ծավալը՝ 2008թ. 8 ամիսների ընթացքում ներդրումները կազմել են 27 մլն դոլար, այդ թվում՝ գազային համալիրի վերանորոգման եւ վերականգնման ուղղությամբ՝ 15.6 մլն դոլար, գազարբիացման ուղղությամբ՝ 9.7 մլն դոլար։

Մի խոսքով, ընկերությունն այնպիսի վիճակում է լինելու, որ, Կարեն Կարապետյանի համոզմամբ, տարածաշրջանում շատ մեծ դիրք է գրավելու։

Ընկերության կատարածն ու անելիքները լսելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ, ընդհանրապես, տնտեսության, ձեռնարկության, ինչու ոչ, նաեւ սեփական բնակարանի արտաքին տեսքը շատ բանի մասին է խոսում։ Եվ փոխվել են ոչ միայն ձեռնարկության հնարավորությունները, այլեւ՝ արտաքին տեսքը։ Եվ այս ընկերություն մտնողը անմիջապես հասկանում է, որ գործ ունի աճող, զարգացող, ապագա ունեցող ձեռնարկության հետ. «Սա միանշանակ է։ Լավ է, որ լուծում եք սոցիալական խնդիրներ, գնահատում եք մարդկանց, ում աշխատանքի շնորհիվ հասնում եք հաջողությունների։ Բայց ձեռք բերածով պետք չէ բավարարվել, եւ պետք է առաջ նայել, տեսնել, թե էլ ինչ հնարավորություններ կարող եք ստեղծել, որպեսզի մի կողմից բիզնեսը հասնի հաջողության եւ մյուս կողմից՝ այդ նույն բիզնեսը ծանրացուցիչ չլինի մեր տնտեսության եւ բնակչության համար։ Մի տեսակ պարադոքս է՝ որպեսզի դուք կարողանաք ծաղկեցնել ձեր բիզնեսը, պետք է շահույթ ունենաք, իսկ շահույթը որոշակի ծանրաբեռնվածություն է ենթադրում ե՛ւ արտադրության, ե՛ւ բնակչության համար։ Բայց պետք է գտնել ոսկե միջինը, որպեսզի ո՛չ ձեր հնարավորությունները սպառվեն եւ ո՛չ էլ մենք աշխատենք հանուն ձեր բարգավաճման։ Մեր նպատակը ոչ միայն առանձին տնտեսությունների լավ ցուցանիշներն են, այլ մեր տնտեսության ընդհանուր վիճակն է, ժողովրդի սոցիալական վիճակը։ Շատ լավ է, որ մենք գազաֆիկացման ծավալները մի քանի տարում կարողացել ենք 21 տոկոսից հասցնել 91 տոկոսի։ Բայց, մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, որ երբ ասում ենք 91 տոկոս, ապա դա բնակչությանն է վերաբերում։ Մենք դեռեւս ունենք բազմաթիվ բնակավայրեր, որոնք չեն կարողանում օգտվել բնական գազից։ Այլ կերպ՝ չեն կարողանում բարելավել իրենց կյանքի որակը։ Որովհետեւ „ՀայՌուսգազարդ“-ի համար այդ բնակավայրերը գազաֆիկացնելը տնտեսապես շահավետ չէ։ Այստեղ մենք տեսնում ենք պետական աջակցության հնարավորություններ, եւ մեր նպատակն է լինելու, որպեսզի մոտակա 2–3 տարիներին ընդհանրապես գազաֆիկացնենք ամբողջ երկիրը։ Մենք պետական միջոցներով եւ այլ հնարավորություններ կգտնենք, որպեսզի անենք այդ աշխատանքները, որովհետեւ 550 հազար բաժանորդը դեռեւս մեր ամենաբարձր ցուցանիշը չէ»։

Պետության ղեկավարը չափազանց կարեւորեց Իրան-Հայաստան գազատարը պրոֆեսիոնալ շահագործելը. «Մեզ համար, փաստորեն, մի նոր երեւույթ է, երբ պիտի կարողանանք կառավարել երկու հանդիպակաց հոսանքներ։ Մենք պետք է կարողանանք նաեւ տեղավորվել ժամկետներում՝ Իրան-Հայաստան գազատարի շահագործումը համադրելով Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարության ավարտի հետ, որպեսզի կարողանանք արդյունավետ կերպով վարել տնտեսությունը։ 5-րդ բլոկի շինարարությունը մենք չափազանց կարեւորում ենք՝ ելնելով նաեւ այն տեսանկյունից, որ 5-րդ բլոկը եւ Երեւանի նորացված ՋԷԿ-ը ինչ-որ չափով կլինեն մեր այլընտրանքային մասնաբաժինները։ Եթե չկարողանանք զարգացնել ջերմային եւ հիդրո էներգետիկան, ապա տնտեսությունը կախված կլինի միայն ատոմային էներգետիկայից, ինչը ճիշտ չէ, եւ տնտեսությունը կարող է խնդիրներ ունենալ»:։

Սերժ Սարգսյանն ընդգծեց նաեւ գազապահեստարանի ընդլայնման կարեւորությունը. «Տարածաշրջանում միակ պահեստարանն է, եւ սա իր հերթին օժանդակում է մեր անվտանգության խնդիրների լուծմանը»:

Վերջում նախագահն ընդգծեց. «Ընդհանրապես, մենք պիտի կարողանանք գնահատել այն հանգամանքը, որ չնայած բավական տեւական ժամանակ չէինք կարողանում Հայաստան հեղուկ վառելիք ներկրել, բայց մեր բնակչության հիմնական մասը, մեր տնտեսությունն այդ խնդիրը այդպես էլ չզգաց։ Չզգաց, որովհետեւ մենք գազն օգտագործում ենք նաեւ որպես շարժիչային վառելիք։ Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ հեքիաթ է այն ամենը, թե Հայաստանում չի ավելանում բենզինի եւ դիզվառելիքի սպառումը, որովհետեւ գողանում են կամ մաքսանենգ ճանապարհով են ներկրում, այլ՝ որովհետեւ փոխարենը գազ ենք օգտագործում»:

Սերժ Սարգսյանը նաեւ հավաստիացրեց. «Մենք հետագայում պատրաստ ենք լինելու սատար կանգնել ձեռնարկությանը, որպեսզի ձեռնարկությունը կարողանա լիարժեք կատարել իր պարտավորությունները, ինչը նաեւ երկրի շահերից է բխում»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»
ԳԱԶԻ ԳՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԱՆՆՇԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

Այսուհետ որեւէ բնակիչ-բաժանորդ կամ բիզնեսմեն չի դժգոհի «ՀայՌուսգազարդի» աշխատանքից։ Իսկ գազի սակագները կփոխվեն ռուսաստանյան ներքին շուկայում կատարվող փոփոխություններին համահունչ եւ ոչ թե տարեսկզբին՝ հունվարից, այլ ձմեռելուց հետո՝ ապրիլին։ Երեկ նախագահ Սերժ Սարգսյանին 2007 թվականի գործունեության արդյունքային տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս այս մասին տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

Ըստ Կ.Կարապետյանի, բնական գազը որպես շարժիչային վառելիք օգտագործող երկրների շարքում Հայաստանը առաջատարն է. «Տրանսպորտի ոլորտում տարեկան բնական գազը փոխարինում է մոտ 330 հազար տոննա նավթամթերքի, իսկ արդյունքում ամենամյա տնտեսումը կազմում է մոտ 400 միլիոն դոլար»:

Ընկերության գլխավոր տնօրենը անհրաժեշտ համարեց մինչեւ 2015 թվականը մեր երկիր գազ մատակարարելու պայմանագրեր ստորագրելը, ինչը երաշխիքներ կստեղծի, որ ներկրվող գազի գինը կտրուկ չի բարձրանա, եւ տնտեսական առաջընթացի համար կստեղծվեն կայուն պայմաններ։ Նա հաստատեց, որ 2008-ին ավելի քան 1 մլրդ դոլար կանոնադրական կապիտալ ունեցող «ՀայՌուսգազարդը» շարունակելու է մնալ հայաստանյան ֆինանսական շուկայի ակտիվ մասնակիցը եւ շահագրգիռ է, որ հայրենական էլեկտրաէներգիան արտահանվի երրորդ երկրներ:

«Այս ծրագրերը կատարելագործելու համար ընկերությունը 2008–2010թթ. կներդնի մոտ 750 մլն դոլար։ Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածը կառուցելու եւ ողջ գազամուղը շահագործելու համար կներդրվի մոտ 40 մլն դոլար։ Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 5-րդ էներգաբլոկը կառուցելու եւ արդիականացնելու համար կներդրվի 430 մլն դոլար։ Նախատեսվում է նաեւ նոր ժամանակակից թելքային-օպտիկական մալուխ անցկացնել Իրան-Հայաստան գազամուղի ողջ երկայնքով»:

Ըստ Կ.Կարապետյանի, կան բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները, որպեսզի «ՀայՌուսգազարդը» դառնա տարածաշրջանի ամենախոշոր էներգետիկ ընկերությունը:«Դրա համար պետք է մասնակցություն ունենանք էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում եւ ամրապնդենք ու զարգացնենք մեր դիրքերը երրորդ երկրներ էլեկտրաէներգիա արտահանելու շուկաներում։ Ընկերությունը նաեւ պետք է դիվերսիֆիկացնի իր գործունեությունն ու ներգրավվի հեռանկարային էներգետիկ ծրագրերում։ Մասնավորապես Հայաստանի տարածքում կմասնակցենք նավթամթերքի տերմինալի կառուցման ներդրումային ծրագրին։ Գործնական մասնակցություն կունենանք նաեւ այլ երկրներում իրագործվող գազաէներգետիկ ծրագրերին»:

Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առաջիկա ուրբաթ երկու երկրների միջեւ ստորագրվելու է 2009–2015 թվականներին Հայաստան գազ մատակարարելու պայմանագիր։ Կ.Կարապետյանը համոզված է, որ այս պայմանագիրը կողմերի համար փոխշահավետ է։

Վերջինիս ներկայացմամբ. «Գազի գների փոփոխությունը կլինի աստիճանաբար ու համահունչ Ռուսաստանի ներքին շուկայում գազի գների փոփոխության տեմպերին։ Շուկայական գների կանցնենք միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը եւս անցնի շուկայական գների։ Գազի սակագները կփոխվեն ոչ թե առաջիկա հունվարի 1-ից, այլ միայն ապրիլի 1-ից, ինչը բաժանորդներին հնարավորություն կտա ադապտացվելու ոչ թե ձմռանը, երբ գազի սպառումը մեծ է, այլ գարնանն ու ամռանը։ 2009-ի ապրիլի 1-ից գազի սակագինը որոշելու է հանձնաժողովը։ Մոտ օրերս հայտ կներկայացնենք։ Պնդում եմ, որ ոչ մի բաժանորդ տրամաբանական դժգոհություն, պահանջ մեզանից կամ իշխանություններից չի ունենա։

Հաշվի առնելով դրամ-դոլար փոխարժեքը, կարծում եմ, որ բնակիչ-բաժանորդների համար սակագնային տարբերությունը զգալի չի լինի, իսկ բիզնես միջավայրը եւ տեղական արտադրողները կմնան մրցունակ իրենց բիզնեսը շարունակելու համար։ Գազի սակագները ոչ միայն չեն խոչընդոտի տնտեսության զարգացմանը, այլեւ սպասում ենք գազի սպառման ծավալների 20–25% աճ։ Համեմատության համար նշեմ, որ Եվրոպայում գազի միջին գինը 500 դոլար է, իսկ մեր շուկայում այն կարժենա 154–200 դոլար։ Սակայն ճշգրիտ սակագները կհաշվարկի ու կհաստատի հանձնաժողովը»:

Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ընդգծեց, որ հայաստանյան շուկայում գազի համեմատաբար ցածր սակագները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկրի ռազմավարական հարաբերություններով։ Նա հույս հայտնեց, որ թեեւ գազի գների թանկացումը մի փոքր կավելացնի բնակչության սոցիալական բեռը, սակայն դա կլինի աննշան։

«Իսկ բիզնես միջավայրի համար սա պարզապես փայլուն հնարավորություն է՝ դառնալ շատ ավելի մրցունակ մեր տարածաշրջանում։ Չնայած բիզնեսում մեր տրանսպորտային բաղկացուցիչը, հավանական մրցակիցների հետ համեմատության դեպքում, շատ ավելի մեծ է, սակայն գազի համեմատական ցածր գները բիզնեսը զարգացնելու լավ հնարավորություն են ընձեռում։ Սա տեսանելի հեռանկարում թույլ է տալիս ապահովել նաեւ մեր երկրի համախառն ներքին արդյունքը։

Սակայն ձեռք բերվածով պետք չէ բավարարվել։ Մեր նպատակը ոչ թե առանձին տնտեսական ոլորտների կամ ձեռնարկությունների բարգավաճումն է, այլ երկրի ողջ տնտեսության զարգացումը, ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելը», — հավելեց Սերժ Սարգսյանը։

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ազգ»
ԳԱԶԻ ԳԻՆԸ 2009-Ի ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ԿԴԱՌՆԱ 154 ԴՈԼԱՐ, ԻՍԿ 2010-Ի ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ՝ 200 ԴՈԼԱՐ

Այժմ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ն 110 դոլարով

Ռուսական «Գազպրոմի» հետ «Հայռուսգազարդի» մի քանի օր առաջ ստորագրած պայմանագրի մասին երեկ «Հայռուսգազարդում» տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացրեց ընկերության վարչության նախագահ Կարեն Կարապետյանը: Նա առանձնացրեց ռուսական կողմի հետ կնքած, իր բնորոշմամբ՝ բացառիկ պայմանագրի երեք կարեւոր դրույթներ: Առաջինն այն է, որ «Գազպրոմը»՝ «Հայռուսգազարդի» հիմնական բաժնետերը, ոչ միայն գազ է վաճառում, այլեւ մասնակցում է Հայաստանի տարածքում գազի տեղափոխմանը եւ իրացմանը: Այսինքն, «Գազպրոմը» շահագրգռված է հայկական գազի շուկայի ռազմավարական զարգացմամբ: Երկրորդ՝ գազի գների փոփոխությունը պետք է տեղի ունենա Ռուսաստանում դրանց փոփոխությանը համահունչ եւ համաժամանակ: Երրորդ՝ մինչեւ 2011-ի անցումը գազի ազատ շուկայական գներին, 2009-ին եւ 2010-ին տեղի կունենա գազի գների աստիճանական բարձրացում եւ ոչ թե հունվարի 1-ից, այլ ձմռան ավարտից հետո՝ ապրիլի 1-ից: Այսպիսով, համաձայն «Գազպրոմի» եւ «Հայռուսգազարդի» միջեւ կնքված պայմանագրի, 2009-ի ապրիլի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին կկազմի 154 դոլար (ներառյալ ավելացված արժեքի հարկը) 1000 խմ համար, իսկ 2010-ի ապրիլի 1-ից՝ 200 դոլար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Ներկայացնելով Հայաստանին մատակարարվող գազի գների առաջիկա փոփոխությունները նախատեսող պայմանագիրը, Կարեն Կարապետյանը նշեց, որ հաշվի առնելով դոլար-դրամ հարաբերակցությունը, այդ փոփոխությունը գործնականում ազդեցություն չի ունենա բնակիչ-բաժանորդների, նաեւ բիզնեսի վրա: Ըստ նրա, ոչ մի տրամաբանական պահանջ կամ դժգոհություն բնակիչ-բաժանորդները կամ գործարարները չեն կարող բերել: Մեր տնտեսության վրա նոր գները ծանր բեռ չեն լինելու: Ավելին, «Հայռուսգազարդի» վարչության նախագահի համոզմամբ, այս գները մեր ձեռնարկություններին թույլ են տալիս լինել մրցունակ եւ նպաստելու են մեր տնտեսության կայուն աճին: Նա տեղեկացրեց, որ գազի միջին եվրոպական գինը 500 դոլար է:

«Գազպրոմի» եւ «Հայռուսգազարդի» միջեւ կնքված պայմանագրի մասին խոսելով, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ այն բխում է երկու երկրների համագործակցության ռազմավարական բնույթից եւ ամբողջությամբ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: Ըստ նախագահի, դա հնարավորություն է տալիս մեր բնակիչներին եւ գործարարներին պլանավորելու իրենց ծրագրերը: Սակայն նախագահն այն կարծիքը հայտնեց, որ սակագների բարձրացումն, այնուամենայնիվ, որոշ՝ չնչին չափով սոցիալական բեռնվածությունը մեծացնում է: «Զուտ բիզնեսի համար սա հնարավորություն է դառնալու շատ ավելի մրցունակ տարածաշրջանում, քան այսօր, չնայած տրանսպորտային ծախսերի մեծ բաղադրիչին», — ասաց Սերժ Սարգսյանը: Խոսելով «Հայռուսգազարդի» վերջին տարիներին արձանագրած բարձր ցուցանիշների մասին, նա նշեց, որ դեռ կան բնակավայրեր, որոնք գազաֆիկացված չեն, քանի որ դրանց գազաֆիկացումը տնտեսապես շահավետ չէ «Հայռուսգազարդի» համար: Նախագահը հավաստիացրեց, որ այդ դեպքերի համար պետական բյուջեից եւ այլ աղբյուրներից միջոցներ կհատկացվեն:

Սերժ Սարգսյանն իր խոսքում կարեւորեց նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վերակառուցումն ու շահագործումը, որը պետք է ավարտվի 2010-ին: Դա, ըստ նրա, Երեւանի նոր կառուցվող ՋԷԿ-ի հետ հնարավորություն կտա բալանսավորելու մեր էներգետիկ աղբյուրները եւ չմնալ միայն ատոմակայանի հզորություններին: Նախագահը հայտնեց, որ նոր ատոմակայանի կառուցման նախագիծն արդեն սկսել է իրագործվել: Սկսվել են տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվարկները, հայտարարվել է խորհրդատուի մրցույթ, նախատեսվում է շուտով հայտարարել կապալառուի մրցույթ: Ծրագրվում է, որ նոր ատոմակայանի հզորությունը կլինի 1000–1200 Մգվտ: Աբովյանի գազապահեստարանների ընդլայնումը նույնպես մեր երկրի անվտանգության ապահովման կարեւոր քայլերից է, եւ Սերժ Սարգսյանի համոզմամբ, ցանկալի կլինի, որ պահեստավորված գազի ծավալները բավարարեն երեք ամսվա պահանջարկ, այսինքն՝ կազմեն 250–300 մլն խմ: Եվ վերջապես գազը որպես շարժիչային վառելիք օգտագործելու գործոնի մասին խոսելով, նախագահը դրանով պայմանավորեց այն փաստը, որ չնայած երկար ժամանակ Հայաստան հեղուկ վառելիք չէր մտնում, բնակչությունը դա չզգաց: Սրանով նաեւ, նախագահի հավաստմամբ, վերանում են «այն հեքիաթները, որ բենզինը գողանում են կամ մաքսանենգ են բերում: Պարզապես գազ են օգտագործում»:

Խորհրդակցությունից հետո «ՙՀայռուսգազարդի» վարչության նախագահ Կարեն Կարապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ դեռեւս չի կարող ասել, թե Հայաստան մտնող գազի գնի փոփոխությունը որքան կդարձնի բաժանորդների կողմից սպառվող գազի սակագինը: Դրա համար հաշվարկներ են արվում: Ըստ Կարեն Կարապետյանի, մի քանի օր հետո ընկերությունը համապատասխան հայտ կներկայացնի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

«Ազգի» հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի համար գազի գները 2011-ին, երբ Ռուսաստանը եւս անցում կատարի ազատ շուկայական գների եւ արդյոք բարձրացումը կտրուկ չի՞ լինի, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ չի բացառվում, որ 2011-ին ավելի կայուն գնագոյացում եւ անգամ շուկայական գների նվազում լինեն: Միաժամանակ, «Հայռուսգազարդի» վարչության նախագահը ընդգծեց, որ «Հայռուսգազարդի» եւ «Գազպրոմի» հարաբերությունների շնորհիվ գազի գների փոփոխման այլ երկրների հետ եղած վայրիվերումները (որպես օրինակ բերվեց Լատվիան), Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ չեն եղել:

Երեկ ներկայացվեցին նաեւ «Հայռուսգազարդի» գործունեությանն առնչվող ցուցանիշներն անցած տարիների ընթացքում: Ինչպես հաղորդեց ընկերության վարչության նախագահը, 2002-2007-ի ընթացքում գազաֆիկացման մակարդակն աճել է 21 տոկոսից մինչեւ 91 տոկոսի, ներմուծվող գազի ծավալները՝ 2,4 անգամ, գազալցակայանների գազի սպառումը՝ 10 անգամ, բնակչության սպառումը՝ 6,4 անգամ, արդյունաբերության՝ 2,3 անգամ, փաստացի բաժանորդների թվաքանակն աճել է 5,1 անգամ, տրանսպորտում որպես վառելիք գազը փոխարինում է 300–330 հազար տոննա նավթամթերքի, տնտեսելով տարեկան 380–400 մլն դոլար: «Հայռուսգազարդի» կողմից պետական բյուջե վճարումներն ավելացել են 11 անգամ, կենսաթոշակային հիմնադրամ՝ 7,5 անգամ, վնասաբերից ընկերությունը դարձել է շահութաբեր, իսկ շահույթը հասել է 12 մլրդ դրամի:

Հեղինակ: Արա Մարտիրոսյան

Աղբյուր: Հայաստանյան մամուլի տեսություն թերթ