Սերժ Սարգսյանը և  Ալեքսեյ Միլլերը մասնակցել են ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը

16 ապրիլի 2015, 20:00

Այսօր Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը մասնակցել են Ավան վարչական համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը: Նախագիծն իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» լայնածավալ ծրագրի շրջանակում:

Նախագծի շինարարությունը, որի նախնական արժեքը կազմում է 49,3 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ կիրականացվի «Գազպրոմ» ԲԲԸ կողմից:

«Գազպրոմ»-ը ոչ միայն առաջատար է էներգետիկ շուկայում, այլ նաև սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն է: Եվ այսօր մենք ներկա ենք գտնվում հանդիսավոր արարողությանը, «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում այսօր Երևանում տրվում է բազմաֆունկցիոնալ ուսումնամարզական համալիրի շինարարության մեկնարկը: Համալիրը կառուցվելու է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: Համալիրում գործելու են մանկապարտեզ, դպրոց, լուղավազան, բազմաֆունկցիոնալ մարզասրահ, սահադաշտ, Հայաստանում հայտնի մարզաձևերի համար նախատեսված սրահներ: Մենք ուզում ենք, որպեսզի մատաղ սերունդը մեծանա առողջ, ամուր, դիմացկուն, ներդաշնակորեն զարգացած: Եվ այս համալիրը «Գազպրոմ», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների ներդրումն է Հայաստանի Հանրապետության երիտասարդ ապագայի համար: Շնորհավորում եմ այսօր մեզ բոլորին այս հանդիսավոր արարողության կապակցությամբ», — իր ելույթում նշել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ սա ևս մեկ խոշոր նախագիծ է, որն իրագործվում է Հայաստանում «Գազպրոմ» ԲԲԸ աջակցությամբ: «Հայաստանի նորագույն պատմության մեջ „Գազպրոմ“-ը հանդիսանում որպես խոշորագույն ներդրող: 15 տարիների ընթացքում „Գազպրոմ“-ի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կազմել են 900 մլն դոլար: Այս նախագիծը ունի բացառապես սոցիալական ուղղվածություն և իր բազմաֆունկցիոնալ հնարավորություններով համալիրը աննախադեպ է հանրապետությունում: Առողջ և կրտված մատաղ սերնդի դաստիարակությունը պետության բարգավաճման երաշխիքն է, և ես ուրախ եմ, որ „Գազպրոմ Արմենիա“ ընկերությունը իր ներդրումը ունի այս կարևոր գործում: Թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս այս նշանակալից նախագծի իրականացման մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ ուսումնամարզական համալիրի շինարարությանը», — նշել է Վարդան Հարությունյանը:Համալիրում գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև մարզասրահներ, պարասրահ: Ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Ուսումնա-սպորտային համալիրի օբյեկտների շահագործման և սպասարկման համար նախատեսվում է ստեղծել ավելի քան 230 աշխատատեղ:

Տեղեկանք՝
Ուսումնամարզական համալիրը նախատեսվում է կառուցել Երևանի Ավան վարչական համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում՝ 31 841 քառ.մ ընդհանուր մակերեսով:

Էսքիզային նախագծի համաձայն նախատեսվում է երեք գոտու շինարարություն.


I. Ուսումնական գոտի

II. Մարզա-առողջարարական գոտի

III. Հանգստի գոտի


I. Ուսումնական գոտին ներառում է. 

  • 950-տեղանոց դպրոց, այդ թվում՝

1) ավագ դպրոց 450 աշակերտի համար,

2) միջնակարգ դպրոց 500 աշակերտի համար,

3) փակ լողավազան,

4) մինի-ֆուտբոլի մարզադաշտ,

  • 250-տեղանոց մանկապարտեզ:


II. Մարզա-առողջարարական գոտին ներառում է. 

  • մարզա-առողջարարական համալիր՝ ունիվերսալ խաղասրահով,
  • շուրջտարի գործող 350-տեղանոց փակ սահադաշտ արհեստական սառույցով՝ ուսումնա-մարզական գործընթացի և տափողակով հոկեյի, գեղասահքի և ազատ ոճի սահքի մարզումների անցկացման համար,
  • ստորգետնյա ավտոկանգառ 85 ավտոմեքենայի համար:

Շենքը երկհարկանի է, առաջին հարկում գտնվում են սահադաշտը և այցելուների ու մարզիկների ընդունման համար նախատեսված տարածքները, հանդերձասրահը, սանհանգույցները և այլ ինժեներական ու տեխնիկական կառույցներ, երկրորդ հարկում՝ նախասրահը, հանդերձասրահը, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության դահլիճը, պարասրահը, սրճարանը, այլ տեխնիական և օժանդակ կառույցներ:

III. Հանգստի գոտին ներառում է. 

զբոսավայր սպորտային կառույցների դիմաց և այլ շենքերին կից բարեկարգված և կանաչապատված տարածություններ՝ փոքր ճարտարապետական ձևավորումներով, արտաքին ինժեներական ցանցով և լուսավորությամբ:





Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button