Բացվեց Իրան-Հայաստան գազամուղը

20 մարտի 2007, 16:00

Մարտի 19-ին Մեղրիում Հայաստանի եւ Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Մահմուդ Ահմադինեջադը պաշտոնապես բացեցին Իրան — Հայաստան գազատարը` վառելով խորհրդանշական ջահը:

«Գազամուղի բացումը պատմական իրադարձություն է եւ, անկասկած, նոր էջ է բացում հայ-իրանական հարաբերություններում», — երկու նախագահների համատեղ ասուլիսում նշել է Ռոբերտ Քոչարյանը: «Հայաստանը անկախություն ձեռք բերելուց անմիջապես հետո մեծ դժվարությունների է հանդիպել` ե\„ւ պատերազմ, ե\„ւ շրջափակում, ե\„ւ էներգետիկ ճգնաժամ: Այսօր այդ դժվարությունները մեր հիշողության մեջ ինչ-որ տեղ խամրում են, բայց, անկասկած, մենք հիշում ենք Իրանի ժողովրդի կողմից ցուցաբերված բարի կամքը եւ մեծ օժանդակությունը“:

„Ես շատ ուրախ եմ ու երախտապարտ ողորմած եւ բարեգութ Աստծուն, որ հնարավորություն ընձեռեց այսօր բացելու Իրան — Հայաստան գազամուղը, մի նոր ծառայություն մատուցելու Հայաստանի ժողովրդին, մեկ մեծ քայլ վերցնելու հայ-իրանական հարաբերությունների զարգացման ծիրում“, — իր խոսքում ասաց Մահմուդ Ահմեդինեջադը` շեշտելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները „անընդհատ վերընթաց զարգացում են ապրել“:


Իրան-Հայաստան գազատարի 40 կմ հատվածի շինարարությունը ամբողջովին ավարտված է, այժմ խողովակաշարը փորձարկվում է եւ մի քանի ամիս անց այն կմիանա Հայաստանի Հանրապետության գազափոխադրման համակարգին:


Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանի խոսքով, այս պահի դրությամբ Հայաստանը տարեկան Իրանից կարող է ստանալ մինչեւ 400 միլիոն խորանարդ մետր գազ, բայց, քանի որ ցանկություն կա ավելի շատ գազ ստանալ իրանական կողմից, հետեւաբար` ընդլայնման աշխատանքներ պետք է իրականացվեն:


Ըստ փոխնախարարի, „ՀայՌուսգազարդ“-ը արդեն այս տարվանից կսկսի գազափոխադրման համակարգի ընդլայնման աշխատանքները, ինչի արդյունքում արդեն Հայաստանը Իրանից կարող է 2,3 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am