«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պատրաստվում է դուրս գալ պարտատոմսերի շուկա

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պատրաստվում է դուրս գալ պարտատոմսերի շուկա` իրականացնելով միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման ծրագիր, որը իրականացվում է պոտենցիալ բաժանորդների գազաֆիկացման նպատակով: Շուկայից ներգրավված միջոցները կկիրառվեն թվով 37000 բաժանորդների` գազամատակարարման ցանցին միացման համար՝ հիմնականում բնակչության սոցիալապես անպաշտպան շերտերից:

Պոտենցիալ բաժանորդների միացումը գազամատակարարման ցանցին ապահովելու համար, ընդհանուր առմամբ անհրաժեշտ է իրականացնել շուրջ 4.8 միլիարդ դրամի ներդրում: Պոտենցիալ բաժանորդների գազաֆիկացման ֆինանսավորման համար ազատ միջոցների բացակայության պատճառով, Ընկերությունը մտադիր է դուրս գալ փոխառու կապիտալի շուկա եւ իրականացնել պարտատոմսերի առաջին թողարկումը 1 միլիարդ դրամի չափով: Պարտատոմսերի հաջող տեղաբաշխման պարագայում, Ընկերությունը մեկուկես տարուց կիրականացնի պարտատոմսերի նոր թողարկում:

Մասնագետների հաշվարկներով, եթե պոտենցիալ բաժանորդների գազիֆիկացման ծրագրի ֆինանսավորման նպատակով կազմակերպությունն օգտվեր առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերից, ապա ծրագիրը 75 միլիոն դրամով ավելի թանկ կարժենար: «Չնայած այն բանին, որ Ընկերությունն ունի անբասիր վարկային հեղինակություն, կատարելով իր բոլոր պարտավորությունները ժամանակին եւ ողջ ծավալով, պարտատոմսերի թողարկումն առավել եւս կամրապնդի մեր դիրքերը արժեթղթերի ձեւավորվող շուկայում: Այս հատվածում արդյունավետ մեկնարկը, Ընկերության համար կապահովի բիզնեսի զարգացման եւ ընդլայնման ռազմավարական ծրագրերի ընտրության մեծ ազատություն», — ընդգծել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ֆինանսների գծով տեղակալ Աշոտ Մալխասյանը:


Պարտատոմսերի թողարկման ծրագիրը դեռ պետք է արժանանա «ՀայՌուսգազարդ» —ի բաժնետերերի ընդհանուր ժողովի հավանությանը:


Թողարկման խորհրդատուն «Կասկադ ինվեստմենտս» ներդրումային ընկերությունն է, որը պարտատոմսերի տեղաբաշխման բավական փորձ ունի: Պարտատոմսերի թողարկման ծրագրի համաձայն՝ «ՀայՌուսգազարդ»-ի արժեթղթերը գրանցումից եւ նախնական տեղաբաշխումից հետո Հայկական ֆոնդային բորսայում (ArmEx) կանցնեն համապատասխան լիստինգի (ցուցակում) գործընթաց: Մոտ ապագայում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ Կենտրոնական բանկից կստանա վարկանիշ:

Մասնագետների կարծիքով՝ Հայաստանի խոշորագույն եւ վարկունակ Ընկերություններից մեկի բաց շուկա դուրս գալը կլինի երկրորդային շուկայի համար յուրատեսակ լոկոմոտիվ, որում այսօր, չնայած այնպիսի Ընկերությունների առկայությանը, ինչպիսին են «Կասկադ կրեդիտը» եւ «Շեն» կոնցեռնը, դեռ զգացվում է առեւտրային ակտիվության բացակայություն:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am