«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ այսօր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունը:
«Գազպրոմ» ՀԲԸ Ընկերության միակ բաժնետերն է: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը: Այսօրվա դրությամբ Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկը և արձանագրում է լավագույն ցուցանիշներ` զբաղեցնելով առաջատար և կայուն դիրք Հայաստանի տնտեսության հանգուցային ճյուղերից մեկը հանդիսացող գազաէներգետիկ ոլորտում` զուգահեռաբար ապահովելով նաև մի շարք կապակցված ոլորտների դինամիկ զարգացումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կենտրոնական մասնաշենք

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կենտրոնական մասնաշենք

Ընկերությունը հանրապետությունում արդեն իսկ իրականացրել է շուրջ 950 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով ներդրումներ, և ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայով նախատեսված միջոցառումների իրականացման շրջանակներում մինչև 2030թ. նախատեսում է իրականացրել ևս շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարով ներդրումներ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ առաքելությունը նպատակաուղղված է առավել արդյունավետ, հուսալի ու անխափան գազամատակարարում ապահովել հանրապետության սպառողներին, ինչպես նաեւ Ընկերության երկարատև ու համաչափ զարգացում ապահովել՝ գործունեության հետագա զանազանեցման, համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ձգտում է զբաղեցնել իր տեղը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ նախագծերում` ակտիվ մասնակցություն ապահովելով ներքին և արտաքին շուկաների էներգետիկ ծրագրերում:

Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են.

  • բնական գազի փոխադրում, պահեստավորում, բաշխում և իրացում,
  • էլեկտրաէներգիայի արտադրություն և իրացում,
  • գործող գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի ու ստորգետնյա պահեստարանների վերակառուցում և ընդլայնում,
  • գազային ոլորտում օբյեկտների շահագործման հուսալիության և անվտանգության ապահովում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կառուցվածքն ունի ուղղահայաց ինտեգրված բնույթ: Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է հանրապետության խոշոր գործատուներից մեկը:

Գազափոխադրման և գազաբաշխման համակարգեր


Գափոխադրման համակարգում սպասարկվող մայրուղային գազատարերի և գազատարեր-ճյուղավորումների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1683 կմ: Գազի փոխադրումը իրականացվում է 1583,9 կմ գազատարի միջոցով: Մնացած մասը գտնվում է օպերատիվ պահուստի ռեժիմում:


Գազափոխադրման համակարգը ընդգրկում է.

  • 116 գազաբաշխիչ կայաններ
  • 21 չափիչ հանգույցներ, այդ թվում Հայաստան-Վրաստան սահմանի վրա գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանը
  • 230 գծային փականային հանգույցներ մայրուղային գազատարի գծային հատվածում, որից 28՝ Իրան-Հայաստան գազատարի վրա
  • 190 էլեկտրաքիմիական պաշտպանության կայաններ, այդ թվում 174 կատոդային և 16 դրենաժային
  • Աբովյանի ստորգետնյա գազի պահեստ-կայանը՝ 21 ստորգետնյա հորերով և ճնշակայանով:

Գազաբաշխման ցանցը ներառում է  19 350 կմ բարձր, միջին և ցածր ճնշման գազատարեր, ինչպես նաև նրանց վրա տեղակայված ինժեներական կառույցներ: Գազաբաշխման ցանցում գործում են 2642 միավոր գազակարգավորիչ կետեր, 8568 միավոր անհատական ճնշման կարգավորիչներ, 1433 գլխամասային չափիչ հանգույցներ, ինչպես նաև 327 էլեկտրաքիմիական պաշտպանության կայաններ:

Գազաֆիկացիան՝ ազգային մակարդակի սոցիալական ծրագիր

Լայնածավալ գազաֆիկացման արդյունքում այսօր Հայաստանում բնական գազ է օգտագործում է 644 բնակավայր: Գազաֆիկացման 96 տոկոս ցուցանիշով մեր երկիրն առաջատարներից է աշխարհում:


Գազը որպես շարժիչային վառելիք

Տարբեր գնահատականներով Հայաստանն այսօր առաջատար դիրք է գրավում նաև աշխարհի այն երկրների շարքում, որոնք բնական գազն օգտագործում են որպես շարժիչային վառելիք: Այն ոչ միայն շահավետ է բենզինի օգտագործման համեմատ, այլ նաև բնապահպանական խնդիր է լուծում՝ էականորեն կրճատելով վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ:
Այսօր հանրապետության տարածքում գործում են 358 ԱԳԼՃԿ-ներ: Հանրապետության ավտոմեքենաների պարկի շուրջ 80% աշխատում է բնական գազով:


Գազատրանսպորտային համակարգի ընդլայնում

Իրան-Հայաստան գազատար



Ինժեներական ժամանակակից լուծումներով կառուցված Իրան-Հայաստան գազատարը հնարավորություն է ընձեռում ընդլայնել բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան՝ ապահովելով երկրորդ մուտքային գիծ Հայաստանի Հանրապետության համար: Շուրջ 190 կմ ընդհանուր երկարությամբ նոր գազատարի կառուցման աշխատանքներն իրականացվել են բնակլիմայական բարդ պայմաններում, առանձին հատվածներ՝ ծովի մակերևույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա:

Գազաէներգետիկ ծրագրեր

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտ և արդիականացում

«Հրազդան- 5»-ը նորագույն տեխնոլոգիական լուծումներով եզակի կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: Այստեղ կիրառվում է էլեկտրաէներգիայի արտադրության նոր եղանակ` համակցելով շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաները:
Էներգաբլոկի շահագործումը մասնակցություն է ապահովում էլեկտրաէներգիայի արտադրության ներքին շուկայում և հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:

Էներգետիկ անվտանգություն

Ընկերության կողմից կատարված լայնածավալ աշխատանքի և իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում հանրապետության էներգետիկ անվտանգությունն այսօր հասել է բավական բարձր մակարդակի: Ունենալով երկու գազատար երկրի հյուսիսից և հարավից, ինչպես նաև գազի ստորգետնյա պահեստավորման հզորություններ, Հայաստանը չի զիջում տարածաշրջանի սեփական էներգետիկ պաշարներ ունեցող երկրներին:

Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայան

Էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում «Գազպրոմ Արմենիա»-ն այսօր լուծում է մեկ այլ կարևոր խնդիր՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի շահագործման նախագծային ցուցանիշների վերականգնումը: Այս ռազմավարական նշանակության օբյեկտն ապահովում է հանրապետության գազամատակարարման հուսալիությունը: Վերակառուցման և արդիականացման ծրագրի փուլային իրականացման արդյունքում նախատեսում է տարեց տարի բարձրացնել պահեստարան-կայանի տարողունակությունը:

Ժամանակակից տեխնոլոգիաներ


Ազդանշանային սարքավորումներ

Ազդանշանային սարքավորումներ

«Գազպրոմ Արմենիա»-ն իրականացնում է նպատակաուղղված քաղաքականություն՝ շարժվելով ժամանակին համընթաց, գազի փոխադրման և բաշխման համակարգերում ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ, ինչը նպաստում է գազի հաշվառման համարկարգի կատարելագործմանը և համակարգի ընդհանուր հուսալիության բարձրացմանը: Հանրապետության գազափոխադրման համակարգում փուլային կարգով գործարկվում է SCADA համակարգը, որը թույլ է տալիս կենտրոնացված կարգով վերահսկել և կառավարել մայրուղային գազատարներով բնական գազի փոխադրման հոսքերը:

Անվտանգության համակարգեր

Գազամատակարարման անվտանգության ապահովման և սպասարկման որակի բարձրացման առումով կարևորագույն ծրագիր է գազասպառողների բնակարաններում ու տներում անվտանգության համակարգերի տեղադրումը: Հայաստանը դարձել է առաջին երկիրը ԱՊՀ-ում, որտեղ իրականացվում է անվտանգության սարքերի համատարած տեղադրում` գազի սարքերի օգտագործման ժամանակ մարդկային գործոնը բացառելու և տեխնածին աղետներից խուսափելու նպատակով:

Ֆինանսատնտեսական գործունեություն

«Գազպրոմ Արմենիա»-ն Հայաստանի խոշորագույն ընկերությունների է և տարիներ շարունակ առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրապետության խոշոր հարկատուների ցանկում: Յուրաքանչյուր օր ՀՀ պետբյուջե է վճարվում ավելի քան 100 մլն դրամ:
Ընկերությունը մշտապես մեծ պատասխանատվությամբ է մոտենում ֆինանսատնտեսական գործունեության թափանցիկության ապահովման պահանջներին: Ընկերությանը աուդիտորական ծառայություններն են մատուցում միջազգային հեղինակավոր ընկերություններ, միջազգային ֆինանսական ինստիտուտների և խոշորագույն բանկերի հետ երկարաժամկետ ու գործընկերային հարաբերությունները բարձրացել են որակապես նոր մակարդակի և հաստատում են վստահությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության նկատմամբ:

«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր


Ոչ պրոֆիլային գործունեություն

Հյուրանոցային համալիր Ծաղկաձոր-Մարիոթ

Հյուրանոցային համալիր Ծաղկաձոր-Մարիոթ

Միջազգային բարձրակարգ հյուրանոցային չափանիշներին համապատասխան վերակառուցվել և «Մարիոթ» ընկերության կառավարմանն է հանձնվել Ծաղկաձորում գտնվող նախկին «Ադիգազ» հանգստյան տունը: «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրում ներկայացված են հանգստի կազմակերպման բարձրակարգ պայմաններ և ծառայությունների լայն փաթեթ: Որպես լեռնադահուկային հանգստավայր, այն առանձնահատուկ է «Մարիոթ» հյուրանոցային ցանցի ձմեռային զբոսաշրջության առաջարկներում: Դեռևս կարճատև գործունեության ընթացքում «Ծաղկաձոր Մարիոթ»-ն արդեն հասցրել է բարձր վարկանիշ ապահովել «Մարիոթ» համակարգի սպասարկման ոլորտում:

Ուսումնա-սպորտային Համալիր



Ուսումնա-սպորտային Համալիր

Ուսումնա-սպորտային Համալիր



Ուսումնա-սպորտային Համալիր հիմնարկն իր գործունեությունը ծավալում է երկու հիմնական ուղղություններով՝ կրթություն և սպորտ:

2019 թվականի մարտին արդեն շահագործման հանձնվեց Ուսումնասպորտային համալիրը, որն իր մեջ ներառում է ՝

դպրոց՝ փակ լողավազանով, մանկապարտեզ, մինի-ֆուտբոլի համար նախատեսված բաց խաղադաշտ, փակ սահադաշտ, մարզաառողջարանական կենտրոն՝ խաղային մարզաձևերի համար նախատեսված 2 ունիվերսալ մարզադահլիճներ, մարզասարքերի ընդհանուր մարզասրահ:

700 աշակերտի համար նախատեսված դպրոցում կրթությունն իրականացվում է տարրական, հիմնական ու միջնակարգ դպրոցի հանրակրթական ծրագրերով (1–12 դասարաններ)՝ ռուսերենի և անգլերենի խորացված ուսուցմամբ։

Կրթահամալիրում գործում է մինչև 180 սանի համար նախատեսված մանկապարտեզ:

Սոցիալական պատասխանատվություն

«Գազպրոմ Արմենիա»-ն ունի սոցիալական փաթեթ` ինչպես ներկորպորատիվ, այնպես էլ արտակորպորատիվ ուղղվածության: