Անվտանգություն

Հարգելի բաժանորդներ՝

Եղե'ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:
Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե'ք 
գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:

Շինություններում գազի հոտ զգալու դեպքում՝

բաժանորդը պարտավոր է`

  • բացել պատուհանները և օդափոխության փեղկերը,օդափոխել սենքը,
  • փակել գազասարքերի և սնող գազախողովակների վրա տեղադրված խցանային փականները,
  • զանգահարել գազի վթարային ծառայություն 1–04 հեռախոսահամարով:

արգելվում է`

  • օգտվել լուցկուց կամ բաց կրակից, ծխել,
  • միացնել կամ անջատել էլեկտրասարքավորումները,
  • երեխաներին և հրահանգավորում չանցած անձանց օգտվել գազասարքերից,
  • ինքնուրույն վերացնել գազասարքերի անսարքությունները: Նման դեպքերում փակել գազի փականները և կանչի միջոցով տեղեկացնել ներտնային համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող ծառայությանը:

Ջրատաքացուցիչից և ջեռուցման սարքից օգտվելու դեպքում՝

անհրաժեշտ է`

  • համոզվել, որ գազի արտահոսք չկա և բոլոր փականները փակ վիճակում են, օդի ներհոսքի համար դռան ներքևի մասում նախատեսված բացվածքը և օդափոխության ուղին բաց են,
  • վառվող լուցկու բոցը մոտեցնել գազասարքի վրա օդի ներհոսքի համար նախատեսված բացվածքին և ստուգել ծխատարում քարշը: Նորմալ քարշի դեպքում բոցը շեղվում է դեպի գազասարք: Հետադարձ քարշի դեպքում բոցը թեքվում է դեպի շինություն, իսկ քարշի բացակայության դեպքում այն չի շեղվում,
  • հետադարձ քարշի կամ դրա բացակայության դեպքերում դիմել գազամատակարարին (տեխ. սպասարկում իրականացնող ծառայությանը),
  • քարշի առկայության դեպքում միացնել գազասարքը` համաձայն գազասարքը արտադրող գործարանի տեղեկաթերթիկում նշված շահագործման հրահանգի,
  • գազասարքը գործարկելուց 3–5 րոպե հետո կրկին անգամ ստուգել ծխատարում քարշի առկայությունը,
  • գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը,
  • ձմռանը ծխատարի սառցակալումը և խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:

Գազասարքերի ծխահեռացման թիթեղյա խողովակների հավաքակցման դեպքում`

  • գազասարքերի միացումները ծխատար ուղիներին անհրաժեշտ է կատարել ոչ պակաս 1մմ հաստություն ունեցող, գազասարքի ծխատար կարճախողովակի տրամագծից ոչ պակաս թիթեղյա խողովակներով,
  • հորիզոնական տեղամասի ընդհանուր երկարությունը չպետք է գերազանցի 3.0 մետրը, ունենա խողովակի տրամագծից ոչ պակաս կորացման շառավղով 3-ից ոչ ավելի անկյունակներ և ունենա 1 գծամետրի վրա 1սմ-ից ոչ պակաս թեքություն` դեպի տեղադրված սարքը,
  • ուղղահայաց տեղամասի չափը` հաշված գազասարքի ծխահեռացման կարճախողովակից մինչև հորիզոնական մասը պետք է լինի 0.5 մետրից ոչ պակաս, իսկ 2.7 մետր բարձրություն ունեցող շինություններում` 0.15 մետրից ոչ պակաս,
  • խողովակները պետք է մտցվեն մեկը մյուսի մեջ` դրանց տրամագծի կեսից ոչ պակաս չափով, ծխագազերի շարժման ուղղությամբ:

չի թույլատրվում`

  • օգտվել ինքնաշեն կամ անսարք վիճակում գտնվող գազասարքերից,
  • գազասարքերի միացումները ծխատար ուղիներին իրականացնել փայլաթիթեղյա ծալքավոր խողովակներով,
  • կատարել թիթեղյա ծխատար խողովակների ինքնակամ ձևափոխություններ, տրամագծերի նեղացումներ և դրանցում ստեղծել արհեստական դիմադրություններ,
  • օգտվել գազասարքերից հետադարձ քարշի կամ քարշի բացակայության դեպքում, քանի որ այդ ժամանակ գազի թերայրման արդյունքում առաջանում է շմոլ (CO) գազ: Շինությունում շմոլ(CO) գազի 0.4–0.5% առկայության դեպքում 10–15 րոպեի ընթացքում մարդը մահացու թունավորվում է:

Ձեր և Ձեր ընտանիքի անդամների կյանքի անվտանգության ապահովման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում և պահանջում է պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության հրահանգավորման պահանջները, խստիվ արգելվում է էլեկտրական սնուցումից անջատել բնակարաններում տեղադրված գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը:

Անկախ այն պատճառներից, որը հանգեցրել է ազդանշանի առաջացմանը և գազամատակարարման վթարային դադարեցմանը, պետք է անմիջապես դիմել գազի վթարային ծառայություն (1–04 հեռախոսահամարով):

Մինչև վթարային իրավիճակի առաջացման պատճառի վերացումը խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը: