Մեր մասին
Կոտայքի մարզ, գ.Վ.Պտղնի, 6-րդ փողոց, թիվ 1
Պատմություն
Գազի բնագավառի ձեռնարկությունների վերակազմավորման, բաժնետիրացման և սեփականաշնորհման գործընթացի, ոլորտի ֆինանսական վերականգնման ծրագրի ապահովման, բնապահպանության, անվտանգության, կառավարելիության աստիճանի բարձրացման, հիմնական ֆոնդերի պահպանման և զարգացման նպատակով ՀՀ Էներգետիկայի նախարարի հրամանով 1997թ. օգոստոսի 1-ին «Հայգազարդ» ՊԿ-ն վերակազմավորվել է, ինչի արդյունքում նրա կազմում գործող պետական ու դուստր ձեռնարկությունների միաձուլմամբ ստեղծվել են «Հայտրանսգազ» և «Հայգազ» պետական ձեռնարկությունները:ՀՀ Էներգետիկայի նախարարի 1998թ. մայիսի 11-ի հրամանով հաստատվել է «Հայտրանսգազ» պետական փակ բաժնետիրական ընկերության (ՊՓԲԸ) կանոնադրությունը: «Հայտրանսգազ» ՊՓԲԸ հիմնադիրն է հանդիսացել ՀՀ Էներգետիկայի նախարարությունը:
1999թ. հունիսի 1-ին «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական փակ բաժնետիրական ընկերության խորհրդի որոշմամբ ստեղծվել են ընկերության դուստր ձեռնարկություններ, որոնց թվում նաև «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Հաշվի առնելով, որ 2014թ. փետրվարի 11-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պաշտոնապես վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, 2014թ. մարտի 5-ին որոշվեց նաև Ընկերությունը վերանվանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:
1998–2018թթ. Ընկերության տնօրենն է հանդիսացել Նիկոլայ Գաբրիելյանը:
2018–2022թթ. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ տնօրենն էր Գարեգին Առաքելյանը:
2022թ. նոյեմբերի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ տնօրենն է Գառնիկ Մովսիսյանը:
Գործունեություն
«Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող մայրուղային գազատարերի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1678 կմ:
«Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազափոխադրման համակարգի միջոցով բնական գազը տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներ՝ ապահովելով բաժանորդների անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարումը:
Այդ կարևոր աշխատանքն իրականացնելու համար «Տրանսգազ» ՍՊԸ-ի համակարգում ընդգրկված են 75 գազաբաշխիչ կայաններ, 21 չափիչ հանգույցներ, այդ թվում Հայաստան—Վրաստան սահմանի վրա գտնվող «Կողբ» չափիչ հանգույցը, 229 գծային փականային հանգույցներ մայրուղային գազատարի գծային հատվածում, որից 28՝ Իրան—Հայաստան գազատարի վրա, 195 էլեկտրաքիմիական պաշտպանության կայաններ, այդ թվում 179 կատոդային և 16 դրենաժային, Աբովյանի ստորգետնյա գազի պահեստ—կայանը՝ 21 ստորգետնյա հորերով և մեկ ճնշակայանով:
«Տրանսգազ» ՍՊԸ-ն կողմից շահագործվող գազատարեր են.
«Ղազախ—Երևան» (I գիծ և II գիծ), «Կարմիր Կամուրջ—Սևքար—Բերդ»,«Դիլիջան—Վանաձոր», «Ղազախ—Բերդ-Սևան», «Ղազախ—Երևան—ԳՍՊԿ», Երևանի շուրջը օղակաձև գազատար, «Սևան—Ջրաբեր», «Ջրաբեր—ԳԲԿ—2», «Իլիչևսկ—Երևան», «Երևան—Արարատ», «Երևան—Արմավիր», «Ջերմուկ—Արարատ», «Կարմիր Կամուրջ—Ալավերդի», «Վանաձոր—Ալավերդի», «Վանաձոր—Գյումրի», «Գյումրի—Մարալիկ», «Գյումրի Արմավիր», «Արմավիր—Կարմրաշեն», «Մարալիկ—Կարմրաշեն», «Սևան—Գավառ», «Գավառ—Մարտունի», «Մարտունի—Վարդենիս», «Վարդենիս—Ջերմուկ», «Ջերմուկ—Վայք», «Վայք—Եղեգնաձոր», «Ստեփանակերտ—Գորիս», «Գորիս—Նախիջևան», «Գորիս—Կապան—Քաջարան», «Մեղրի—Քաջարան», «Քաջարան—Սիսիան», «Անգեղակոթ—Ջերմուկ»:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն տարին երկու անգամ ուսումնական վարժանքներ է անցկացնում Հայաստանի տարբեր մարզերում գործող Գծային շահագործման մասնաճյուղերում (ԳՇՄ), ինչպես նաև Աբովյանի ստորգետնյա պահեստարան կայան մասնաճյուղում:
Ուսումնական վարժանքների անցկացման նպատակը՝ անձնակազմի մասնագիտական, գործնական հմտությունների, փոխհամագործակցված աշխատանքի կատարելագործումն է, արտակարգ իրավիճակների պայմաններում պատրաստվածության աստիճանի ստուգումը, համապատասխան մարմինների արագ արձագանքման խմբերի և վթարային ծառայությունների հետ «Տրանսգազ» ՍՊԸ-ի մասնագետների համագործակցության ու համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացումը: