Աբովյանի ԳՍՊԿ
Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանը (ԳՍՊԿ) նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը կարգավորելու, ինչպես նաև հանրապետություն ներմուծվող գազի սահմանափակումների դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար: Աբովյանի ԳՍՊԿ-ն հանդիսանում է բարձր ռազմավարական նշանակության օբյեկտ:
Տեխնիկական տեսանկյունից Աբովյանի ԳՍՊԿ-ն իրենից ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա կառույցների համալիր:
Ստորգետնյա կառույցները դրանք գազահորերն են, որոնք կառուցվում են հորատման և աղային շերտերի լուծազատման (ջրով լվացման) արդյունքում խոռոչներ ստանալու եղանակով: Գազահորերը գտնվում են երկրի մակերևույթից 700–900 մ խորության վրա և գազատարներով (շլեյֆներով) կապված են միմյանց և վերգետնյա կառույցների հետ:
Վերգետնյա կառույցներն են կոմպրեսորային արտադրամասն իր օժանդակ հանգույցներով և սարքավորումներով, որոնք տեղակայված են ԳՍՊԿ արտադրական հրապարակում: Վերգետնյա կառույցների միջոցով իրականացվում է գազի հաշվառումը, մաքրումը, ճնշման կարգավորումը, հովացումը, ներմղումն ու արտամղումը:
ԳՍՊԿ-ի կառուցումը սկսվել է 1962թ. և իրականացվել է չորս փուլով: Առաջինից երրորդ փուլերով նախատեսված շինարարական աշխատանքները ավարտին են հասցվել 1986 թ.:
Առաջին գազահորը շահագործման է հանձնվել 1968թ.
Չորրորդ փուլի շինարարությունը սկսվել է 1986թ., սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով շինարարությունը մնացել է անավարտ: Մոտ 20 տարվա ընդմիջումից հետո` 2004թ-ից շինարարական աշխատանքները վերսկսվել են: 2011, 2013 և 2015 թվականներին, արդեն իսկ հորատված հորատանցքերի հիմքի վրա լվացման միջոցով կառուցվել և շահագործման են հանձնվել երեք գազահորեր:
Աբովյանի ԳՍՊԿ-ի կոմպրեսորային արտադրամասի շինարարությունը իրականացվել է երեք փուլով, համալրվել է 10ГКНА տիպի 9 գազամոտոկոմպրեսորներով՝ ընհանուր 9.9 ՄՎտ հզորությամբ:
Գազամոտոկոմպրեսորները կրիտիկական ռեժիմներին մոտ երկարատև շահագործման արդյունքում փաստացի սպառել են իրենց ողջ ռեսուրսը: Արտադրող կազմակերպության մասնագետների կողմից հետազոտման արդյունքում առաջարկվել է վերակառուցել կոմպրեսորային արտադրամասը:
ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեման նախատեսում է Աբովյանի ԳՍՊԿ-ի նոր կոմպրեսորային կայանի կառուցումը, որի համար մշակվել է նախագիծ:
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)