«ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարը դժգոհ չէ 5-րդ էներգաբլոկի գործարքից
Մինչեւ այս տարվա առաջին մի քանի ամիսները շարունակվող գազի գների հետ կապված հայտնի պատմությունը մի տեսակ երկրորդ պլան էր մղել «ՀայՌուսգազարդի» գործունեության հիմնական ուղղությունները: Եթե չենք սխալվում, անգամ անցած տարվա վերջնական ամփոփ տվյալներ ընկերությունը դեռեւս չէր տրամադրել լրատվամիջոցներին: Այդ բացը շտկող որոշակի քայլ կարելի է համարել «ՀայՌուսգազարդի» գլխավոր գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հանդիպումը լրատվամիջոցների հետ: Պարոն Կարապետյանը նախ ներկայացրեց ոչ միայն ընկերության 2005 թվականի, այլեւ այս տարվա գործունեության հիմնական ուղղությունները: Ըստ«ՀայՌուսգազարդի» ղեկավարի տվյալների 2005-ին 2004-ի նկատմամբ բնական գազի սպառումը հանրապետությունում ավելացել է 295 մլն խմ-ով (24,2 տոկոս): Ըստ այդմ, բնակչությունը սպառել է 90 մլն խմ-ով ավելի գազ, էներգետիկ համակարգը՝ 81,9, արդյունաբերությունը՝ 71 մլն խմ-ով: Այս տարվա առաջին եռամսյակում իրացվել է 508,7 մլն խմ գազ, որը նախորդ տարվա նույն ժամանակվա ցուցանիշին զիջում է մոտ 22 մլն խմ-ով: Սակայն եթե բնակչության կողմից սպառված գազի ծավալները աճել են, ապա էներգետիկ համակարգը նշված ժամանակաշրջանում սպառել է մոտ 66 եւ արդյունաբերությունը՝ մոտ 11,5 մլն խմ-ով պակաս գազ: Ի դեպ, այս տարվա կտրվածքով պարոն Կարապետյանը հնարավոր է համարում, որ 2005-ի համեմատ սպառման ծավալների էական աճ չարձանագրվի: Սակայն այդ հանգամանքը «ՀայՌուսգազարդի» ղեկավարը բացատրում է ոչ թե գազի սակագների թանկացմամբ, այլ էներգետիկ համակարգի կողմից օգտագործվող գազի ծավալների հնարավոր սահմանափակմամբ, ինչն էլ մի շարք պատճառներ ունի: Գազաֆիկացիայի ծավալները եւս, պարոն Կարապետյանի գնահատմամբ շարունակում են ցուցաբերել աճի աննախադեպ տեմպեր: Համենայն դեպս, Կ. Կարապետյանը նշում է, որ գազաֆիկացիայի ներկայիս ծավալները հիմք են տալիս հայտարարել, որ այսօր Հայաստանը, համենայն դեպս, ԱՊՀ տարածքում կարելի է համարել ամենագազաֆիկացված պետությունը: Այդ նպատակով վերջին տարիներին ներդրվել է մոտ 60 մլն դոլար: Միաժամանակ պարոն Կարապետյանը այն կարծիքը ներկայացրեց, որ արդեն այս տարեվերջին Հայաստանում գազաֆիկացման աշխատանքները հիմնականում կավարտվեն: Նրա խոսքերով, 2006-ի հունվարի 1-ի դրությամբ բնական գազից օգտվելու հնարավորություն է ունեցել 532 հազար օբյեկտներ, ինչը կազմում է խորհրդային տարիներին ունեցած բաժանորդների ընդհանուր քանակի 109,6 տոկոսը: Սակայն գաղտնիք չէ, որ ֆինանսական խնդիրներից ելնելով՝ շատ քաղաքացիներ հնարավորություն չունեն լուծել գազաֆիկացման խնդիրը: Այդ կապակցությամբ պարոն Կարապետյանն ընդգծեց, որ շրջանառության մեջ են դրվել որոշակի սոցիալական ծրագրեր: Մասնավորապես, ապրիլի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը դիմում ներկայացրած քաղաքացիները բաժանորդ կդառնան՝ չվճարելով գազահաշվիչի համար նախատեսված 40 հազար դրամ կանխավճարը: Բացի այդ, ըստ պարոն Կարապետյանի, 2 բանկերի հետ ձեռք են բերել ներտնային ցանցերի մոնտաժի իրականացումը վարկավորելու շուրջ պայմանավորվածություն, ինչը եւս այդ աշխատանքների համար կանխիկ գումար չունեցողներին հնարավորություն կտա օգտվել գազից: Ըստ այդմ էլ, պարոն Կարապետյանը հնարավոր է համարում, որ այս տարեվերջին բնական գազը հասու կլինի մոտ 630 հազար բաժանորդների, եւ ընկերությունը կունենա մոտ 450 հազար բաժանորդ: Աշխատանքների հաջորդ խումբը, որ ներկայացրեց պարոն Կարապետյանը, վերաբերում է անվտանգությանը: Նախկինում եղած կարեւորագույն հարցերից մեկը՝ օդորանտի (հոտավորող նյութ) խնդիրը, ըստ պարոն Կարապետյանի, կարելի է լուծված համարել, քանի որ ընկերությունը այդ նպատակով սկսում է կիրառել բավականին թանկարժեք նոր սարքավորումներ, որը, առանց մարդու միջամտության, անհրաժեշտ քանակով օդորանտը ավտոմատ ձեւով խառնում է գազին: Ինչ վերաբերում է ներտնային ցանցի սպասարկմանը, ապա պարոն Կարապետյանը հիշատակեց, որ անցած տարվա նոյեմբերից այդ աշխատանքները, թեեւ ինքը դեմ էր դրան, իրականացնում է «ՀայՌուսգազարդը»: Անվտանգության հետ կապված, պարոն Կարապետյանը կարեւորեց նաեւ 1–04 ծառայության դերը՝ տեղեկացնելով, որ անցյալ տարվա ընթացքում այդ ծառայությունը համալրվել է նոր տեխնիկական միջոցներով: Իսկ եթե կան խնդիրներ այդ ծառայության հետ, ապա պարոն Կարապետյանը խնդրում է այդ ամբողջ տեղեկատվությունը տրամադրել ընկերությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Այս ամենով հանդերձ լրագրողներին հատկապես հետաքրքրում էր, այնպիսի կարեւորագույն ծրագրերի շուրջ զարգացումները, ինչպիսիք են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը եւ Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը: 5-րդ էներգաբլոկի հետ կապված՝ պարոն Կարապետյանը նշեց, որ աշխատանքները կսկսվեն շուտով, այն բանից հետո, երբ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն բոլոր հարցերի շուրջ: Բացի այդ, հայտնի է, որ «Գազպրոմը» 5-րդ էներգաբլոկի համար վճարել է մոտ 250 մլն դոլար, եւ այդ ձեռնարկությունը կտեղափոխվի «ՀայՌուսգազարդ»-ի հաշվեկշռին: Պարոն Կարապետյանը նշում է, որ այդ դեպքում այդ գույքը կհաշվառվի ընկերության հիմնադիր կապիտալում: Իսկ դա նշանակում է, որ, ըստ ամենայնի, տեղի կունենան բաժնեմասային փոփոխություններ: Հիշեցնենք, որ ներկայումս «ՀայՌուսգազարդ»-ի 45-ական տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանն ու «Գազպրոմին», իսկ 10 տոկոսը՝ «Իտեռային»: Ստացվում է, որ եթե վերոհիշյալ 250 մլն դոլարը հաշվառվի «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալում, ապա «Գազպրոմի» բաժնեմասը կարող է շեշտակիորեն աճել: Սակայն այս ամենով հանդերձ, պարոն Կարապետյանը 5-րդ էներգաբլոկի գործարքը համարում է Հայաստանի համար չափազանց շահավետ: Նրա խոսքերով, վերջին հաշվով կարեւորը ոչ թե բաժնետոմսերի պատկանելության հարցն է, այլ որ մեր պետությունը կարողանա բոլոր պարագաներում իր շահը հստակորեն պաշտպանել: Ինչ վերաբերում է գազամուղին, ապա Կ. Կարապետյանի խոսքերով Մեղրի-Քաջարան առաջին հատվածի շինարարությունը հնարավոր է, որ մինչեւ այս աշուն ավարտվի: Ինչ վերաբերում է երկրորդ հատվածին, ապա Կ. Կարապետյանը նշեց, որ խոսքը հիմնականում «ՀայՌուսգազարդ»-ի ներկայիս ցանցի որոշ հատվածների թողունակության բարձրացման մասին է: Իսկ թե ով կիրականացնի ներդրումը, այդ հարցը եւս, Կ. Կարապետյանի խոսքերից ելնելով, կարելի է ասել, որ վերջնականապես հստակեցված չէ: Սակայն այդ խնդիրը եւս պարոն Կարապետյանը ըստ էության առաջնահերթ կարեւոր չի համարում: Բացի այդ, «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարը նույն մոտեցումն է ցուցաբերում նաեւ այդ գազատարի պատկանելության հարցում՝ իր խոսքը պարզաբանելով, որ ամեն դեպքում Իրանից Հայաստան մուտք գործող գազատարը պետք է ինչ-որ տեղ միանա «ՀայՌուսգազարդ»-ի համակարգին, եւ եթե ինչ-ինչ բացասական խնդիրներ լուծելու հարց ծագի, ապա դա, միեւնույն է, կծագի անկախ այն բանից, թե մինչ «ՀայՌուսգազարդի» համակարգը հասնող գազատարը ում է պատկանում:
Աղբյուր: «Իրավունք» թերթ