Այո, մենք ցանկանում ենք զբաղվել էլեկտրաէներգետիկայով և դա չենք էլ թաքցնում

Ավանդաբար սեպտեմբերի առաջին կիրակին համարվում է գազի և նավթի բնագավառի աշխատակիցների մասնագիտական օրը, ինչը նշվում է ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում: Օգտվելով այդ առիթից զրույցի հրավիրեցինք «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ- գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ: Պարոն Կարապետյանն էլ իր հերթին շնորհավորելով ոլորտի աշխատողների տոնը` ներկայացրեց «ՀայՌուսգազարդի» վերջին 4 տարիների գործունեության կարևորագույն դրվագները:


ԳԱԶԻՖԻԿԱՑԻԱՆ ԳՐԵԹԵ ԱՎԱՐՏՎԵԼ Է 

Ուզում եմ ներկայացնել վերջին 4 տարիների ցուցանիշները, քանի որ 4 տարի առաջ մենք սկսեցինք ինտենսիվ գազաֆիկացիայի ծրագիր իրականացնել: Այդ ժամանակաշրջանում մեր ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 80 մլն դոլար, որտեղ 60 միլիոնը գազիֆիկացիայի ուղղությամբ կատարված ներդրումներն են, իսկ մյուս 20 միլիոնը, այսպես ասած, զարգացման ծրագրերի բաժինն է: Այսինքն, այդ գումարները ներդրվել են համակարգը արդիական վիճակում պահելու, այն զարգացնելու նպատակով: Ընդհանուր առմամբ, այդ բոլոր ներդրումներն անմիջական շահույթ չեն կարող ապահովել և դրա էֆեկտիվությունը զգացվելու է տարիներ անց:

3 տարի է, ինչ «ՀայՌուսգազարդն» աշխատում է շահույթով: Սակայն այդ շահույթ ասվածը նաև հարաբերական հասկացություն է. ինչ-որ գործունեության պարագայում, ասենք, 100 հազար դոլար շահույթը կարող է հսկայական գումար համարվել, այլ դեպքումª չնչին: «ՀայՌուսգազարդի» կանոնադիր կապիտալը 280 մլն ԱՄՆ դոլար է եւ, ինչպես նշեցի, վերջին, տարիներին 80 մլն դոլար ներդրում ենք կատարել, ապա, կարծում եմ, շահույթն էլ պետք է համաչափ լինի առնվազն այդ ներդրումներին:

Բավական տպավորիչ են մեր այդ ներդրումների արդյունքները: Նշված տարիներին 3644 կմ նոր գազատար ենք կառուցել, այսինքն, գազաբաշխիչ համակարգում արձանագրվել է մոտ 89% աճ: Թողարկվել են 885 գազաբաշխիչ կետեր, և այստեղ ևս աճը հսկայական էª մոտ 114%: Ավելի քան 4 անգամ ավելացրել ենք բաժանորդների քանակը. եթե 2002-ին ունեցել ենք 112 հազար բաժանորդ, ապա այս տարեվերջին փաստացի բաժանորդների քանակը կհասնի 450 հազարի: Բացի այդ կուենանք 600–650 հազար պոտենցիալ բաժանորդ: Ընդ որում, այս տարի ամռանը կիրառեցինք մի բավական հետաքրքիր ակցիա, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ըª հրաժարվեցինք գազի հաշվիչի դիմաց գանձվող 40 հազար դրամ կանխավճարից: Դա բավական ծանր ակցիա էր մեզ համար, հաշվի առնելով, որ, օրինակ, հուլիսին ունեցել ենք 8 հազար նոր բաժանորդ և այդ ամսվա ընթացքում, փաստորեն, համակարգը չի ստացել 320 մլն դրամ շրջանառու միջոց: Ակցիան կազմակերպել էինք այն նպատակով, որ մարդկանց հնարավորություն տանք գազիֆիկացիայի մասին մտածել տարվա կեսերին, և ոչ թե ձմռան ամիսներին, երբ դիմողների հոսքը շեշտակիորեն աճում է: Ի դեպ, ապրիլի 1-ից մինչ սեպտեմբերի 1-ը ներառյալ, հանրապետությունում առանց կանխավճարը մուծելու բաժանորդ է դարձել մոտ 31 500 բնակիչ:

Մինչ հոկտեմբերի 1-ը այս թիվը կավելանա ևս 9 հազարով:

Անցած տարիներին էականորեն աճել է նաև գազի ներկրումը և իրացումը: Եթե 2002-ին ներկրվել է մոտ 1,07 մլրդ խմ գազ և իրացվել է մոտ 950 մլն խմ-ն, ապա 2005-ի տարեկան տվյալներով ներկրվել է մոտ 1,685 և իրացվել է 1,516 մլրդ խմ գազ, իսկ 2006-ին սպասվում է 1,722 եւ 1,57 մլրդ խմ գազի ներկրում և իրացում: Այսինքն, ակնհայտ է, այս ուղղությամբ էական աճ: Ընդ որում, եթե 2001-ին բնակչությունը սպառել է մոտ 90 մլն խմ գազ, ապա կանխատեսվում է, որ 2006-ին այդ թիվը կաճի մոտ 307 մլն խմ-ով կամ 344%-ով: Նույն ժամանակաշրջանում արդյունաբերության կողմից սպառած գազի ծավալներն աճել են 168,74 մլն խմ-ով, (2001-ի մոտ 181 մլն խմ-ի դիմաց), էներգետիկայի կողմից գազի սպառման ծավալները գրեթե նույնն են մնացելª մոտ 500 մլն խմ-ի կարգի: Շեշտակի է աճը ավտոգազալիցքավորման կայանների ուղղությամբª 2001-ի մոտ 29 մլն խմ-ի փոխարեն կանխատեսվում է, որ 2006-ին այդ ցուցանիշը կմոտենա մոտ 200 մլն խմ-ի:

Նույն ժամանակաշրջանում մեծ աշխատանքներ են կատարվել նոր տեխնոլոգիաների, նյութերի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես սկսեցինք կիրառել պոլիէթիլենային խողովակներ և կարելի է ասել, որ Հայաստանում նման խողովակների կիրառման, եթե կարելի է ասել, մշակույթը ներդրել է «ՀայՌուսգազարդը»: Ասում եմ «մշակույթը», քանի որ մենք ենք նման խողովակների կիրառման ուղղությամբ կազմակերպել բազմաթիվ դասընթացներ, պատրաստել մասնագետներ, կազմակերպել լիցենզիաների, սերտիֆիկատների տրամադրումը, ներդրել համապատասխան սարքավորումներ և միաժամանակ կիրառելով վարչական լծակները, պայմաններ են ստեղծել, որպեսզի մեր հետ համագործակցող կազմակերպությունները ևս կիրառեն այդ տեխնոլոգիաները:

Հաջորդ նորամուծությունը կարելի է համարել մետաղյա ծալքավոր խողովակների կիրառումը, ինչի միջոցով ներկայումս իրականացվում է ներտնային համակարգի մոնտաժը: Հաջորդ նորամուծությունը կարող եմ համարել վերջերս կիրառման մեջ դրված միջին ճնշման գազատարերի ներթաղամասային ցանցը: Մասնավորապես Դավթաշեն թաղամասը ամբողջովին գազաֆիկացվել է այդ կերպ: Այսինքն, միջին ճնշման գազատարերի վրա տեղադրում ենք կարգավորիչ, ինչը հնարավորություն է տալիս անմիջական անցում կատարել միջինից ցածր ճնշման: Այդ մոտեցումը Հայսատանից բացի նախկին խորհրդային երկրերում դեռևս չի կիրառվում:

Չափազանց կարևոր նորամուծություն կարելի է համարել ավտոմատ ձևով օդորանտի (հոտավորիչ նյութի) խառնումը գազի հետ: Վերջին ժամանակաշրջանում տեղակայված այդ համակարգերը հնարավորություն են տալիս ավտոմատ ձևով, առանց մարդու միջամտության, օդորանտը խառնել գազի հետ, ընդ որում, օդորանտը խառնվում է գազի կոնկրետ քանակությանը համապատասխան: v Բավական մեծ աշխատանքներ են կատարվել գազի պահեստավորման ուղղությամբ: 2002-ին Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանում հնարավոր էր կուտակել առավելագույնը 85 մլն խմ գազ: Այդ ուղղությամբ հիմնական աշխատանքենրը սկսեցինք 2005-ին և այդ տարին արդեն գազապահեստարանի հնարավորությունը 90 մլն խմ էր: Ակնկալվում է, որ այս տարի այդ թիվը կհասնի 110 մլն-ի, իսկ 2008-ինª 150 մլն խմ-ի:

Ինչպես հայտնի է, գազիֆիկացիան ենթադրում է նաև բավական լուրջ սոցիալական էֆեկտ: Բենզինի փոխարեն գազի օգտագործման հաշվին տարեկան միայն 100 մլն դոլար տնտեսում է ավտոտրանսպորտը, ինչը անդրադանռնում է հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա: Շուկայում առկա էներգակիրների և գազի գնի տարբերության հաշվին բնակիչ-բաժանորդների մոտ տարեկան կտրվածքով հաշվարկվում է մոտ 160–180 մլն դոլարի տնտեսում, առնվազն 13 մլրդ դրամի խնայողություն ունի արդյունաբերությունը: Այս ամենի դիմաց, եթե «ՀայՌուսգազարդն» ունենում է, ասենք 5 մլն դոլարի շահույթ, դա լա՞վ է, թե՞ վատ: Ընդհանուր առմամբ, գազիֆիկացիայի խնդիրը միայն մատակարարի հոգսը չպետք է լինի, քանի որ սոցիալ-տնտեսական էֆեկտը պետք է շատ ավելի հետաքրքրի կառավարությանը:

Բավական լուրջ աշխատանք է կատարվել նորմատիվային բազայի կարգավորման ուղղությամբ: Մշակվել է 17 նորմատիվ թե՜ անվտանգության կանոնների առնչությամբ, թե՜ համակարգի սպասարկման, ներտնային համակարգի մոնտաժի և այլն: Այս աշխատանքը համարում ենք մեր ամենակարեևոր ուղղություններից մեկը, հաշվի առնելով, որ այն ուղղակիորեն առնչվում է մարդկանց անվտանգության հետ: Կարծում եմ, որ ընթերցողը դեռ հիշում է վերջին ժամանակներս արձանագրված 2 վթարները: Իհարկե, մեր ընկերությունը որևէ մեղավորություն այդ հարցում չուներ: Բայց անկախ մեղավորներից, այդ դեպքերը ցույց տվեցին, որ անվտանգության ապահովության ուղղությամբ պետք է աշխատանքները լրջորեն շարունակել: Կան բավական օբյեկտիվ խնդիրներ: Ինչպես նշեցի, տարեվերջին կունենանք մոտ 450 հազար ռեալ բաժանորդ և եթե անվտանգության ստուգման առումով տարեկան անգամ երկու անգամ մեր աշխատակիցներն այցելեն նրանց, ապա ստացվում է առնվազն 900 հազար այցելություն, էլ չեմ խոսում, որ կան այսպես ասած ռիսկաին բաժանորդներ, որոնց պետք է այցելել շատ ավելի հաճախ: Դա բավական ծանր աշխատանք է, ուստի և անվտանգության առումով չափազանց կարևոր է, որ բաժանորդներն իրենք շատ զգոն լինեն, պահպանեն անվտանգության նորմերը, և անգամ հետևեն, որ իրենց շրջապատը, հարևանները ևս գազի օգտագործման կանոնների խախտումներ թույլ չտան:

Մեծ ուշադրություն ենք դարձնում կառավարման և մասնագետների պատրաստման հարցին: Ընդ որում, այս տարի հնարավորություն ենք ստացել 4 ուսանողների ուղարկել Ռուսաստան՝ Գուբկինի անվան գազի և նավթի ինստիտուտում ուսանելու: Այդ ծրագիրը առաջիկայում ևս կշարունակվի:

Ինչ վերաբերում է առաջիկա աշխատանքներին, ապա նշված բոլոր գործընթացներն էլ շարունակվում են և դրանց գումարվում են նորերը: Հատոակ ուշադրություն ենք դարձնում գազիֆիկացիան ավարտելու, ստորգետնյա գազապահեստարանի զարգացման, անվտանգության հարցերի, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքների վրա, ինչը հնարավորություն կտա, որ և մեր երկրի, և մեր ընկերության դերը տարածաշրջանում էականորեն բարելավվի:

5-ՐԴ ԷՆԵՐԳՈԲԼՈԿԸ

—5-րդ էներգոբլոկի ուղղությամբ լուրջ աշխատանքներ են ընթանում: «Գազպրոմի» և մեր կառավարության հետ համատեղ հանձնաժողով է ստեղծվել, որն էլ իրականացնում է ձեռնարկության փոխանցման հետ կապված աշխատանքները: Մոտ ժամանակներս կներկայացվի նախագիծ, իսկ նոյեմբերին՝ կհայտարարվի կապալառուի մրցույթ: Ներկայումս դժվարանում եմ կոնկրետ ժամկետներ նշել, բայց կարծում եմ, որ մեր ստանձնած պարտավորությունները կավարտենք ժամկետից շուտ և կունենանք լավ, ժամանակակից, 440 մՎտ հզորությամբ կայան:

Մոտավոր ժամկետներից փորձենք խոսել. գալիք տարի հնարավոր է 5-րդ էներգոբլոկը շահագործել:

—Ոչ, 2007-ին հնարավոր չէ:

—«ՀայՌուսգազարդն» է այն շահագործելու:

—Այո:

—Ստացվում է, որ մուտք է գործելու նոր բնագավառ՝ էլեկտորոէներգիայի արտադրություն: Հնարավոր համարում եք, որ հետագայում այդ ուղղությամբ կսկսեք ընդլայնվել:

—Այո, ինչու ոչ:

—Գոնե կանխատեսումներ կարող եք ներկայացնել: —Դեռ վաղ է անգամ կանխատեսումներից խոսել: Խոշոր հաշվով, մեր ցանկությունը էլեկտրաէներգիայի արտահանումն է, ինչն այսօր էլ ենք իրականացնում:

Տարածաշրջանի էներգետիկ շուկան բավական հետաքրքիր է: Բոլոր հարևան երկրներն էլ ունեն էլեկտրաէներգիայի դիֆիցիտ: Էլ չեմ խո¬սում մեր ոչ անմիջական հարևանների մասին: Օրինակ, չափազանց ուշագրավ շուկա է Իրաքը... Այո, մենք ցանկանում ենք զբաղվել էներգետիկայով և դա չենք էլ թաքցնում:

—Երևանի ՋԷԿ-ը ևս արդիականացվում է և կարող է դառնալ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգոբլոկի մրցակիցը: Ինչպես եք վերաբերվում այդ հանգամանքին: —Առհասարակ մրցակցությանը դրական եմ վերաբերվում. միշտ պետք է շահերի հակասություն, բախում լինի, որն էլ ապահովում է զարգացումը:

—Մեկ այլ մտահոգություն ևս շրջանառվում է, որ 5-րդ էներգոբլոկը կարող են համարել ատոմակայանին համարժեք, փոխարինող աղբյուր և, հետևաբար, կրկին կսրվի ՀԱԷԿ-ի փակման հարցը:

—Չեմ կարծում, այդ երկու կայանները առնվազն արտադրած էներգիայի սակագնի առումով իրար համարժեք չեն: Ըստ իս, այդ խնդրի ուղղությամբ ՀՀ կառավարությունը բավական էֆեկտիվ է աշխատում:

—Վերադառնանք Ձեր էներգետիկ ձգտումներին: Այսպես ասած, շատ հեռավոր, կցկտուր լուրեր են շրջանառվում, որ «Գազպրոմը» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի էներգետիկ բաշխիչ ցանցերը: Կարող եք այդ մասին որևէ բան ասել: —Ոչ, նման տվյալներ չկան: Բայց, ընդհանրապես «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ուզում է վաճառել և լավագույն գնորդներից մեկն էլ կարող է լինել «Գազպրոմը»:

—Սպասվում է, որ շուտով Հայաստան մուտք կգործի իրանական գազը: «1 խմ գազի դիմաց 3 կՎտժ էլեկտրաէներգիա» հայտնի բանաձևը գործելու է, որ արտադրող կայանն է իրականացնելու այդ ծրագիրը, Հրազդանի 5-րդ էներգոբլոկը, թե Երևանի ՋԷԿ-ը:

—Երկու կայանն էլ կներգրավվեն, էլ չեմ խոսում Հրազդանի ՋԷԿ-ի մյուս էներգաբլոկների մասին: Այսինքն, երբ պետությունը նման ծրագրեր է իրականացնում, փորձում է օգտագործել դրա բոլոր հնարավորությունները: Բայց մյուս կողմից էլ Հրազդանի գործող էներգաբլոկների համար 1 խմ գազ- 3 կՎտժ էլեկտրաէներգիայի սկզբունքը կարող է ծանր լինել: Բայց 5-րդ էներգոբլոկը և արդիականացվող Երևաի ՋԷԿ-ը լիովին բավարարում են այդ պահանջին:

—Այդ դեպքում Հրազդանի գործող էներգաբլոկները շարքից դուրս չեն մղվի, հաշվի առնելով, որ կարտադրեն համեմատաբար թանկ էլեկտրաէներգիա:

—Չեմ կարծում, քանի որ մենք ունենք արտաքին մեծ շուկա: Եթե մեր էներգետիկ համակարգը համախմբված գործի այդ շուկայում և այդ գործընթացը ճիշտ կազմակերպվի, բոլոր արատադրող կայաններն էլ իրենց դերը կունենան:

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԸ —Խոսում ենք իրանական գազից, բայց այն դեռ Հայաստանում չէ: Այդ հարցում նաև «ՀայՌուսգազարդն» ունի իր դերը, թեև վերջերս հայտարարվեց, որ Ձեր ղեկավարած ընկերությունն իր աշխատանքներն ավատել է: Այդպես է, ինչ աշխատանքներ եք կատարել:

—Համաձայն պայմանագրի իրանական գազը պետք է տարեվերջին մտնի Հայաստան:

Ինչ վերաբերում է գազատարին, ապա դրա կառուցման կապալառուն, ինչպես հայտնի է, Իրանական կողմից է, իսկ «ՀայՌուսգազարդը» հանդես է գալիս որպես ենթակապալառու: Մենք զուգահեռաբար աշխատում էինք իրանական կապալառու ընկերության հետ և կարծում եմ, որ որևէ բանով նրան չենք զիջել: Ինչևէ, մեզ պատվիրված աշխատանքներն արդեն ավարտել ենք եւ հուսով ենք, որ ամբողջ ծրագիրը կավարտվի համաձայն սահմանված ժամանակացույցի:

—Թեև այդ ծրագրի ավարտը մոտենում է, սակայն չեն դադարում կարծիքներ, միգուցե նաև երազանքներ հնչել Հայասատնով անցնող Իրան-Եվրոպա տարանցիկ գազատարի ծրագրերի շուրջ: Այնուամենայնիվ, եթե կա նման գազատար ունենալու թեկուզև փոքր շանս, կարիք կար համեմատաբար փոքր տրամաչափով ներկայիս գազատարը կառուցել:

—Առևտրի մեջ կարելի է դոգմա համարել, որ տեղափոխման շուրջ պայմանավորվում են վաճառողը և գնորդը, իսկ միջնորդների դերը հիմնականում կարող է շատ փոքր լինել: Գազատարի պարագայում, բնականաբար, խոսքը Իրանի և Եվրոպայի մասին է, և եթե նրանք պայմանավորվեն ունենալ Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ գազատար, ապա փոքր տրամաչափով ներկայիս գազատարը դրան ոչնչով չի խանգարի: Ընդհանուր առամամբ, մեր կարգի փոքր երկրների համար չափազանց դժվար է մտածել տարանցիկ նշանակության գազատարերի կառուցման մասին, ինչը փաստորեն իրականացնում են կոնկրետ ծրագրերի շրջանակներում: Օրինակ, Ադրբեջանը Թուրքիայի հետ պայմանավորվեց նավթի ու գազի վաճառքի շուրջ և Վրաստանը ունեցավ տրանզիտային խողովակաշար:

Տրանզիտային նաշանակության խողովակաշարի արժեքը մոտ 3 անգամ ավելի թանկ կլիներ, քան ներակյումս կառուցվող Իրան-Հայաստան գազատարի արժեքն է: Հայաստանն էլ, լինելով փոքր երկիր, դժվար թե կարողանար իր հաշվին խոշոր գազամուղ կառուցել: Միգուցե արդարացված լիներ նման ծրագիրն իրականացնել վարկային միջոցներով, եթե, իհարկե, այդ ներդրումները հնարավոր լիներ փոխհատուցել: Դա կարելի է անել այն դեպքում, եթե դառնար Իրան-Եվրոպա գազատարը, իրոք, ի վերջո, անցներ Հայաստանով: Իսկ եթե Եվրոպան և Իրանը որոշեն, որ նման գազատար կառուցելու են, ասենք, 10 տարի հետո, կամ էլ, առհասարակ, հրաժարվեն այդ ծրագրից, և ի վերջո, որոշեն, որ գազատարն անցնելու է այլ ուղղությամբ: Այդ պարագայում արդեն անիմաստ կլիներ, եթե ներկայումս որոշեինք կառուցել խոշոր խողովակաշար: Ամեն դեպքում, մեզ ներկայիս գազատարը պետք է էներգետիկ անվտանգության առումով, ուստի և ներկայիս կառույցը, համոզված եմ, որ արդարացված է:Այն առանձնահատուկ է նաև այն առումով, որ շինարարության համար ներգրավված ֆինանսական միջոցները փոխհատուցվում են Հայաստանի կողմից:

Աղբյուր: «Իրավունք թերթ