Գազը էժանացրին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր որոշմամբ սահմանեց բնակչությանը եւ խոշոր սպառողներին մատակարարվող գազի նոր սակագներ, որոնք գործելու են եկող տարվա հունվարի մեկից: Ըստ այդմ, բնակչությունը իր սպառած յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց, ինչպես արդեն նշել էինք, կվճարի 59 դրամ, ներկայիս 65-ի փոխարեն, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառող բաժանորդների համար սակագինը կորոշվի բանաձեւով` 153,26 գործակիցը բազմապատկած դոլարի փոխարժեքով: Եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարվա բյուջեում դոլարի փոխարժեքը կանխատեսվել է 357 դրամ, ապա խոշոր սպառողների համար որպես հաջորդ տարվա միջին սակագին կարելի է համարել 54 հազար 713 դրամը: Այս գումարից, իհարկե, պետք է հանել կառավարության սահմանած սուբսիդիան` յուրաքանչյուր հազար խմ-ի համար 52 դոլար: Սա էլ հաշվի առած` խոշոր սպառողները հաջորդ տարի կվճարեն 36 հազար 149 դրամ: Իսկ սա նշանակում է, որ խոշոր սպառողները հիմա ավելի քիչ են վճարելու գազի դիմաց, քան մի քանի տարի առաջ, երբ մեկ դոլարը, ասենք, 550 դրամ էր: Այն ժամանակ վճարում էին 43 հազար, հիմա վճարելու են 36 հազար դրամ: Ընդհանրապես, գազի սակագները, որ գործել են Հայաստանում վերջին` վագրային զարգացման տարիներին, կարծես ռեսուրսների փոշիացման մի համապարփակ ծրագրի իրականացում լինեն: Մինչեւ այս տարվա ապրիլի մեկը Հայաստանը ՌԴ-ից գազը գնում էր 53 դոլարով: Բնակչությանը այն վաճառվում էր 1 խմ-ն 51 դրամով, խոշոր սպառողներին` 79,1 դոլարով (հազար խորանարդ մետրը): Բոլորը զգում էին, որ գազը թանկանալու է: Իսկ Ռուսաստանի լակեյ հանդիսացող մեր իշխանությունը` առավել եւս: Հիմա գազը Ռուսաստանից գնում ենք 110 դոլարով: Շատ շուտով սկսելու ենք գնել 230 դոլարով: Ի՞նչ պետք էր անել, ու ի՞նչ պետք է անել այսուհետ, որպեսզի բնակչությունը եւ տնտեսությունը գազի գնի բարձրացման հետեւանքով ցնցումներ չապրեն: Դրա համար կա փորձված ու հրաշալի մի միջոց. ստեղծվում է կայունացման հիմնադրամ: Այսինքն` տվյալ դեպքում գազի սակագինը մի որոշակի պարբերականությամբ սկսում են սահուն բարձրացնել, ասենք` ամսական մեկ, երեք կամ հինգ տոկոսով` կախված այն կանխատեսումներից, թե ներմուծվող գազի գնի ինչպիսի փոփոխություն է սպասվում: Առաջանում է լրացուցիչ գումար, որը հետագայում, երբ գինը բարձրանա, կամաց-կամաց եւ մասամբ ծածկի գնի բարձրացման հետեւանքով առաջացած տարբերությունը: Ինչո՞ւ մեզանում չկիրառվեց այդ մեթոդը: «Դա լավ գաղափար է: Մեր հանձնաժողովում տարբեր առիթներ ունեցել ենք քննարկելու նման հիմնադրամ ստեղծելու հարցը», — երեկ մեր այս հարցին ի պատասխան ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Սակայն, ըստ նրա, բնակչության կենսամակարդակը դեռ թույլ չի տալիս նման հիմնադրամ ստեղծել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ երբ «կենսամակարդակը թույլ տա», Հայաստանին վաճառվող գազի գինը արդեն հասած կլինի իր առավելագույնին, եւ կայունացման հիմնադրամի իմաստ այլեւս չի լինի: Ուշագրավն այն է, որ Հայաստանում ընտրվեց գազի գնի բարձրացման հետեւանքները մեղմելու ամենաանհեռատես, ամենահիմար, ամենաբոլշեւիկյան, ամենապոպուլիստական ձեւը` պետության կողմից սակագնի մի մասի համատարած սուբսիդավորումը: Իսկ այդ սուբսիդիայի համար օգտագործվեց «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ բլոկի վաճառքից ստացվող 250 մլն դոլարը: Ի՞նչ ունեցանք արդյունքում: Խոշոր սպառողները, այսինքն` տնտեսվարողները, հայտնվեցին ջերմոցային պայմաններում: Նրանց համար գազը դրամով արտահայտված ավելի էժանացավ, սակայն նրանց արտադրանքը կամ մատուցած ծառայությունները ամենեւին էլ չէժանացան: Դրա ամենացայտուն օրինակը ցեմենտի գործարաններն են եւ գազի լիցքավորման կայանները: Չնայած գազի էժանացման արդյունքում ինքնարժեքի նվազմանը, արտահանվող ապրանքները արտաքին շուկայում ավելի մրցունակ չդարձան, եւ դրա վկայությունը մեր արտահանման վիճակագրությունն է: Եւ սրա պատճառն այն է, որ պետությունը սկսեց «մտածել արտադրողի» մասին: Արտադրողն էլ, փոխանակ ինքը մտածի իր մասին, արտադրությունը վերազինի, կիրառի նոր տեխնոլոգիաներ, պատկերավոր ասած, պառկել է բազմոցին ու սպասում է, թե «պապան» հաջորդ քայլով ինչպես «կմտածի» իր մասին: Իսկ կայունացման հիմնադրամ ստեղծելու պարագայում բազմոցին պառկելու ժամանակ չէր լինի: Ի՞նչ կարծիք ունի այս մասին Ռոբերտ Նազարյանը: «Իմ մեջ երկու քաղաքացի է խոսում: Մեկը` որպես գազ սպառող, մյուսը` որպես մասնագետ: Որպես սպառող, եթե կա սոցիալական խնդիր, բնականաբար, պետությունը նաեւ պետք է ազգաբնակչության սոցիալական խնդիրները լուծի եւ տեր կանգնի: Այդ առումով, կարծում եմ, սուբսիդավորումը արդարացված է: Բայց զուտ տնտեսագիտական տեսակետից, շուկայական հարաբերություններում առողջ հարաբերությունների տեսանկյունից` բոլոր տեսակի դոտացիաները գտնում եմ ոչ ճիշտ: Լավ օրից չի, մի խոսքով», — ասաց միանգամից երկու քաղաքացի դարձած պրն Նազարյանը: Առաջին հայացքից Ռոբերտ Նազարյանի տեսակետը շատ բնական է եւ հասկանալի: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ նույնիսկ մասնագետները սոցիալական խնդիրների լուծումը դիտարկում են որպես միջոց, այնինչ իրականում սոցիալական խնդիրների լուծումը նպատակ է եւ արդյունք: Այսինքն` երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը պետք է բերի սոցիալական խնդիրների լուծմանը` կենսամակարդակի բարձրացմանը: Այլ ոչ թե պետական սուբսիդիաների ու դոտացիաների միջոցով ապահովվի մի ինչ-որ կենսամակարդակ, ու դրա համար փոշիացվեն ահռելի ռեսուրսներ: Այս պոպուլիստական ճանապարհով գնալու դեպքում հանկարծ պարզվելու է, որ սոցիալական խնդիրները, ըստ էության, չեն լուծվել, իսկ ռեսուրսները արդեն սպառվել են: Ու դրան հաջորդում է աղետը: Հայաստանը արդեն մի քանի տարի հետեւողականորեն գնում է հենց այդ կործանարար ճանապարհով: Եւ գազի երեկ հաստատված սակագինը ընդամենը հերթական քայլն էր այդ ուղղությամբ:
Աղբյուր: «Հայկական ժամանակ» թերթ