Սպառողների համար գազի սակագինը կնվազի, արդյունաբերողների համար կբարձրանա

Սակայն դրամային առումով վերջիններս նույնպես ավելի քիչ կվճարեն


Առաջին անգամը լինելով, երեկ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սեփական նախաձեռնությամբ, հանրությանը մատակարարվող ծառայության, տվյալ դեպքում գազի սակագնի իջեցման որոշում ընդունեց: Համաձայն այդ որոշման, 2007 թ.-ի հունվարի 1-ից ամսական մինչեւ 10 հազար խմ սպառողների, այսինքն բնակչության համար, 1000 խմ գազի սակագինը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, կկազմի 84 հազար դրամ, ներկայիս 90 հազար դրամի փոխարեն: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, մինչ 2008 թ.-ի ավարտը, մատակարարվող գազի յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց սահմանված 90 հազար դրամից 25 հազար դրամի վճարումը պետությունը վերցրել է իր վրա: Այսինքն, բնակչությունը 1000 խմ դիմաց վճարում էր 65 հազար դրամ կամ 1 խմ դիմաց 65 դրամ: Հանձնաժողովի որոշումից հետո, հաշվի առնելով կառավարության տրամադրած դոտացիան, բնակչության համար 1 խմ գազի սակագինը պետք է կազմի 59 դրամ:

Ինչ վերաբերում է արդյունաբերությանն ու էներգետիկային (ամսական 10 հազար խմ-ից ավելի սպառում ունեցողներին) մատակարարվող գազի սակագնին, ապա մինչ երեկվա որոշումը, ներառյալ ավելացված արժեքի հարկը այն կազմում էր 146,5 դոլարին համարժեք դրամ: Հանձնաժողովի որոշմամբ, սակագինը եկող տարվա հունվարի 1-ից, համաձայն հաշվարկման բանաձեւի, կբարձրանա եւ կկազմի 153,2 դոլարին համարժեք դրամ:

Այդուհանդերձ, ինչպես հանձնաժողովի աշխատակազմի, այնպես էլ «Հայռուսգազարդի» ներկայացուցիչների հավաստմամբ, արդյունաբերողներն ու էներգետիկները դրամային առումով ավելի քիչ գումար կվճարեն բարձրացված սակագնի դեպքում, քան վճարում էին այն ժամանակ, երբ հաստատվել էր նախորդ սակագինը: Պատճառը հայկական դրամի արժեւորումն է: Քանի որ «Հայռուսգազարդը» իր խոշոր սպառողներին գազը վաճառում է դոլարով, ապա դրա ընկերությունը դրամային առումով մեծ կորուստներ էր ունենում: Փաստորեն արդյունաբերությունն ու էներգետիկան դրամային առումով 1000 խմ համար շուրջ 3 հազար դրամով ավելի քիչ կվճարեն իրենց ստացած գազի համար, քան վճարում էին նախորդ սակագնի ժամանակ մինչ դրամի արժեւորումը: Այս կապակցությամբ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ եթե որեւէ ձեռնարկության ղեկավար փորձի հանձնաժողովի որոշումով պայմանավորել իր ապրանքների գների թանկացումը, ապա նա պարզապես խաբեությամբ կզբաղվի:

«Հայռուսգազարդը» սակայն սակագնային այլ առաջարկ էր ներկայացրել: Համաձայն ընկերության վարչության պետ Կարեն Մովսիսյանի, «Հայռուսգազարդը», նկատի ունենալով փոխարժեքի արժեւորումը, շահագործման ծախսերի փոփոխությունը, ներդրումների եւ շահույթի ավելացումը, աշխատակազմի թվի եւ աշխատավարձերի ավելացումը, ամսական 10 հազար խմ-ից ավելի սպառում ունեցողների համար առաջարկեց մատակարարվող գազի սակագինը սահմանել 177,8 դոլարին համարժեք դրամը:

Հանձնաժողովի աշխատակազմի սակագնային քաղաքականության վարչության հաշվարկներով «Հայռուսգազարդի» առաջարկած ծախսերի մի մասն ընդունելի չէ, եւ ընկերությունը կարող է գործել առանց հավելյալ ծախսերի: Այդ ամենը նկատի ունենալով էլ տվյալ վարչության պետ Արմեն Արշակյանն առաջարկեց հանձնաժողովին ամսական 10 հազար խմ սպառողների համար գազի սակագինը հաստատել 153,2 դոլարին համարժեք դրամը: Իսկ բնակչության համար 1000 խմ գազի դիմաց 90 հազար դրամի փոխարեն առաջարկվեց 84 հազար դրամը: Այս առաջարկներն էլ, ինչպես արդեն նշեցինք, հաստատվեցին հանձնաժողովի կողմից:

«Գո՞հ է „Հայռուսգազարդը“ հանձնաժողովի հաստատած սակագնից»: Հանձնաժողովի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ այս հարցին պատասխանելով, ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն ասաց, որ գումարային առումով գոհ չէ, բայց քննարկման առումով գոհ է, քանի որ «սկսել ենք նույն չափման միավորով խոսել»: Այսինքն, ըստ Կարեն Կարապետյանի, նախկինում «Հայռուսգազարդը» ընկալվում էր որպես ժողովրդի համար սարսափ ներկայացնող կառույց, իսկ հիմա այդ մոտեցումը փոխվում է: Այդուհանդերձ, նա չբացառեց, որ 6 ամիս հետո ընկերությունը սակագնի բարձրացման առաջարկով եւս մեկ անգամ դիմի հանձնաժողովին:

Մեկ այլ հարցի կապակցությամբ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ իր ղեկավարած կառույցն իրավունք ունի սակագների ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման հարց բարձրացնել: Նա արդեն սկսել էր ուսումնասիրություններ կատարել այդ ուղղությամբ, որը համընկավ «Հայռուսգազարդի» առաջարկի հետ: Տեղեկացնելով, որ էներգետիկայի համար նույնպես այդպիսի գործընթաց է սպասվում, Ռոբերտ Նազարյանը միաժամանակ նշեց, որ վերջնական սպառողների համար առաջիկայում սակագնային փոփոխություններ չեն սպասվում: Էներգետիկ ընկերությունների համար սակագները որոշակիորեն կփոխվեն, մի մասի համար՝ կբարձրանան, մյուսի համար՝ կնվազեն:

Հեղինակ: Արա Մարտիրոսյան

Աղբյուր: «Ազգ» թերթ