Գազը էժանացավ

65-ի փոխարեն հունվարի 1-ից բնակչությունը կվճարի 59 դրամ


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշեց նվազեցնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը. գործող 65 դրամի փոխարեն հունվարի 1-ից 1 խոր. մետրի դիմաց սահմանվեց 59 դրամ։

Միաժամանակ դոլարային արտահայտությամբ բարձրացվեց արտադրական հատվածին մատակարարվող գազի սակագինը։ Գործող 146-ի փոխարեն հունվարի 1-ից 1000 խոր. մետր գազի դիմաց այս ոլորտի սպառողները կվճարեն 153 դոլար։

Պետք է ասել, որ այս բարձրացումը խիստ հարաբերական է, որովհետեւ դրամային արտահայտությամբ արտադրական հատվածում նույնպես տեղի է ունենում գազի սակագնի նվազում։ Այլ կերպ ասած, դրամով արտահայտված՝ նրանք ավելի քիչ կվճարեն, քան վճարում էին գործող սակագնի հաստատման սկզբնական շրջանում։

Խնդիրն այն է, որ վերջին ամիսներին դրամը զգալիորեն ամրապնդվել է։ Ուստի այս պահին սահմանված 153 դոլար դրամային արժեքը մի քանի հազար դրամով նույնիսկ ավելի քիչ է, քան 146 դոլարինն էր ասենք՝ 6 ամիս առաջ։

Այնպես որ, ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ. —Սակագնային այս փոփոխությունը չի կարող հիմք հանդիսանալ այդ պատճառաբանությամբ բարձրացնել ապրանքների կամ ծառայությունների գները։ Եթե նման բան տեղի ունենա, ապա դա որեւէ կապ չունի գազի սակագնի հետ։

Ինչեւէ, զուտ դոլարային արտահայտությամբ արտադրական հատվածում գազի սակագինը բարձրանում է 7 դոլարով։ Բայց դա շատ ավելի քիչ է, քան առաջարկում էր «ՀայՌուսգազարդը»։ Ինչպես հայտնի է, ամսվա սկզբին ընկերությունը հայտ էր ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. առաջարկվում էր գործող 146,5-ի դիմաց 1000 խոր. մետր գազի համար սահմանել 178,7 դոլար սակագին (այն է՝ կապույտ վառելանյութի գինը բարձրացնել 32 դոլարով)։ 

Մինչեւ 10 հազար խոր. մետր գազ սպառողների կամ բնակչության համար գազի սակագնի փոփոխության վերաբերյալ «ՀայՌուսգազարդը» որեւէ առաջարկություն չէր ներկայացրել հանձնաժողովին։ Այսինքն՝ ենթադրում էր պահպանել գործող սակագինը։

Ուսումնասիրելով ընկերության հայտը` հանձնաժողովիը հանգել է այն եզրակացության, որ կան որոշ առաջարկություններ, որոնք հիմնավորված չեն։ Ըստ այդմ, հանձնաժողովը որոշեց դրանք չբավարարել եւ չներառել սակագների մեջ։ Խոսքը ինչպես աշխատողների թվի ավելացման, այնպես էլ աշխատավարձի բարձրացման, շահագործման ծախսերի մեծացման մասին է։

Ինչ վերաբերում է անհուսալի պարտքերի մարման, վարկերի սպասարկման եւ ընկերության տնօրենների խորհրդի անդամների աշխատավարձի բարձրացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները սակագներում ներառելուն, ապա ըստ հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Ա.ԱՐՇԱԿՅԱՆԻ.

—Նման մոտեցումը հանձնաժողովը համարում է անընդունելի։

Հիմք ընդունելով այս նվազեցումները` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց բնակչությանը մատակարարվող գազի նոր սակագին՝ 1000 խոր. մետրի դիմաց 84 հազար դրամ, նախկին 90 հազարի փոխարեն։ Հաշվի առնելով կառավարության կողմից տրվող 25 հազար դրամ սուբսիդավորումը, հունվարի 1-ից բնակչությանը մատակարարվող գազի սակագինը կլինի 59 դրամ։

Կառավարությունը թեպետ առայժմ չի արձագանքել սակագների այս փոփոխությանը, այնուհանդերձ գրեթե բացառվում է, որ, դրանով պայմանավորված, փոխվի սուբսիդավորման նախկին չափը։ Ինչպես հայտնի է, հայ-ռուսական պայմանավորվածությունների շրջանակներում առաջացած հնարավորությունների արդյունքում կառավարությունը ապրիլի 1-ից բնակչությանը մատակարարվող գազի յուրաքանչյուր 1000 խոր. մետրի դիմաց տրամադրում է 25 հազար դրամի սուբսիդավորում։ Ինչպես հայտնի է, ժամանակին կառավարությունը հայտարարեց, որ դա կպահպանվի երեք տարի։

Բնակչության կողմից սպառվող գազի այս էժանացումը պայմանավորված է հիմնականում ֆինանսական շուկայում տեղի ունեցող զարգացումներով։ Նախկին սակագինը հաստատելուց հետո դրամը զգալիորեն արժեւորվել է, որի հետեւանքով էլ անցած տարվա 420-ի փոխարեն 2007թ. պետական բյուջեի հիմքում դրվել է դոլարի 357 դրամ փոխարժեքը, որն էլ հանձնաժողովը հիմք է ընդունել նոր սակագները սահմանելու ժամանակ։

Գազի նոր սակագներն այնքան էլ չեն բավարարում «ՀայՌուսգազարդին»։ Ինչպես նշեց ընկերության գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, իրենք գոհ չեն կատարված փոփոխություններից եւ չի բացառվում, որ վեց ամիս հետո նոր հայտ ներկայացնեն.

—Զուտ թվային առումով գոհ չենք։ Մենք մտածելու տեղ ունենք եւ միգուցե վեց ամիս հետո դարձյալ հայտ ներկայացնենք։ Սակայն դրա փոխարեն ընկերության տնօրենին ուրախացրել է քննարկման մասնակիցների տրամադրվածության փոփոխությունը.

—Գոհ եմ քննարկումներից, որովհետեւ մենք սկսել ենք նույն լեզվով խոսել։

Հեղինակ: Վասակ Թարփոշյան

Աղբյուր: «Հայոց աշխարհ» թերթ