Իրան-Հայաստան գազատարը կառավարման հանձնելու կարցը դեռ որոշված չէ
«Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը նվիրված էր միանգամից մի քանի թեմաների՝ գազիֆիկացում եւ ներդրումների ծավալներ, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գործարք, Իրան-Հայաստան գազատար, գազամատակարարման անվտանգության միջոցառումներ:
Նախ՝ գազիֆիկացման մասին: Ըստ Կարեն Կարապետյանի, Հայաստանն աշխարհի ամենագազիֆիկացված երկիրն է՝ հնարավոր բաժանորդների թիվը կազմում է 630 հազար, իսկ իրական բաժանորդներինը՝ 450 հազար: 5 տարվա ընթացքում բաժանորդների թիվն աճել է 446 տոկոսով, իսկ ընկերությունը կատարել է 83 մլն դոլարի ներդրում: Տարեկան շահույթը անցյալ տարի կազմել է 4 մլն դոլար, ինչը, ընկերության գլխավոր տնօրենի կարծիքով, շատ փոքր գումար է 83 մլն դոլար ներդրումների, 280 մլն դոլար կանոնադիր կապիտալի եւ բոլոր ոլորտներում տարեկան 160–180 մլն դոլար խնայողության էֆեկտի համեմատ: Այդ պատճառով էլ «Հայռուսգազարդը» պատրաստվում է դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազամատակարարման սակագների բարձրացման հայտով: Սա երեկվա մամուլի ասուլիսի, թերեւս, գլխավոր նորությունն էր, քանի որ մնացած բոլոր հարցերի առնչությամբ այս կամ այն առիթով ընկերության գլխավոր տնօրենը հայտնել էր իր տեսակետները: Ե՞րբ ընկերությունը կներկայացնի հայտը, որքա՞ն կառաջարկի բարձրացնել սակագինը, Կարեն Կարապետյանը չմանրամասնեց: Նա հայտնեց միայն, որ սակագնի բարձրացման հայտը չի վերաբերի բնակչությանը: Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա, ի պատասխան մեր այն հարցին, թե գազի սակագների նոր բարձրացումը չի՞ վնասի արդյունաբերությանն ու արտահանմանը, «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենը նշեց, որ ընկերությունը գազը տնտեսվարողներին է վաճառում դոլարով, հետեւաբար նրանք ՙդժգոհելու տեղ չունեն»:
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքի գործարքի վերաբերյալ Կարեն Կարապետյանը վերստին կարծիք հայտնեց, որ դա լավ գործարք է: Իր ասածը նա հիմնավորեց հետեւյալ թվային ցուցանիշներով՝ վաճառքի գինը կազմել է 248 մլն դոլար, ներդնողը պետք է հավելյալ ներդնի եւս 180 մլն դոլար, ընդհանուր գումարը կկազմի մոտ 430 մլն դոլար: Գործարքի իրականացումը վարկային ռեսուրսների ներգրավմամբ կառաջացներ 100 մլն դոլարի ֆինանսական բեռ, իսկ բյուջեն չէր համալրվի վաճառքի գումարով: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը չի ստանձնում որեւէ պարտավորություն բաշխելու արտադրված էլեկտրաէներգիան: Նման լավ առաջարկ չի եղել որեւէ այլ ընկերությունից: Փաստորեն, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ձեռքբերումով էլ Կարեն Կարապետյանը պայմանավորեց նախօրեին «Գազպրոմի» կողմից «Հայռուսգազարդի» կանոնադիր կապիտալի լրացուցիչ թողարկման բաժնետոմսերի ձեռքբերումը եւ համապատասխանաբար բաժնեմասի ավելացումը 45 տոկոսից մինչեւ 58 տոկոսի: Գլխավոր տնօրենը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կառավարության կողմից 4 մլն դոլարի համալրում է հնարավոր, որի դեպքում ՀՀ կառավարության բաժնեմասը կարող է ավելանալ ենթադրենք 2 տոկոսով: Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ, այդուհանդերձ, «Հայռուսգազարդը» պետք է ընկալել որպես հայկական ընկերություն՝ Հայաստանում իր կատարած ներդրումներով, վճարած հարկերով, ստեղծած խնայողության էֆեկտով:
Գազի սակագնի դոտացիան, որը փաստորեն ստանում են նաեւ տնտեսվարողները, եթե արդյունավետ կիրառվի, ապա Հայաստանը տարածաշրջանի շատ շուկաներ կգրավի: Իսկ եթե դա ընկալվի ոչ թե որպես բացառիկ հնարավորություն, այլ հենց որպես դոտացիա, ապա այդ շուկաները կկորցնենք: Կարեն Կարապետյանի կարծիքով, կառավարությունն իրավունք ունի պահանջելու տնտեսվարողներից, թե ի՞նչ արդյունավետությամբ է օգտագործվում այդ դոտացիան: Մինչ այժմ, «Հայռուսգազարդի՚ գլխավոր տնօրենի համոզմամբ, դոտացիան արդյունավետ չի օգտագործվել:
Իրան-Հայաստան գազատարի մասին նույնպես «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենը ոչ մի նոր բան չասաց: Ինչպես մի քանի օր առաջ, նա այս անգամ էլ նշեց, որ խոսքը գազատարի 40 կմ հատվածի մասին է, որը Իրանի գազահամակարգը միացնում է Հայաստանի համակարգին: Երկու տարբերակ կա այն կառավարելու՝ ստեղծել առանձին ձեռնարկություն կամ հանձնել «Հայռուսգազարդին»: Ըստ Կարեն Կարապետյանի, նպատակահարմար է վերջին տարբերակը, որն էլ իր հերթին կարող է տեղի ունենալ տարբեր ձեւերով: Հայաստանի կառավարությունը կորոշի, թե դա ինչպես տեղի կունենա: Այս պահին վերջնական որոշում գոյություն չունի: Սակայն այն, որ ՙԳազպրոմը՚ հետաքրքրված է այդ գազատարը ձեռք բերելու հարցում, «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենը չհերքեց: Մանրամասնելով Իրան-Հայաստան գազատարի թեման, Կարեն Կարապետյանը նշեց, որ այն Հայաստանի համար այլընտրանք է, էներգետիկ անկախության բարձրացում եւ հենց այդ նպատակով էլ կառուցվել է: Տարանցիկ չէ, որովհետեւ գազ վաճառող եւ գնող կողմերը չեն պայմանավորվել այդ մասին եւ չեն որոշել գազատարը անցկացնել Հայաստանով: Իմաստ չուներ որպեսզի մեր երկիրը սեփական միջոցներով, բոլորիս հաշվին կառուցեր տարանցիկ գազատար այն դեպքում, երբ չկա այդ գազը սպառող երրորդ երկիրը: Անիմաստ էր նաեւ սպասելը, թե երբ կհայտնվի այդ երկիրը: Հնարավոր է, որ դա տեղի ունենա, բայց ե՞րբ, ոչ ոք չի կարող ասել:
Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածը, որի մասին խոսվում է, գազափոխադրման համակարգի ընդլայնումն է: Դա հնարավորություն կտա իրանական գազի պայմանագրային քանակությունները փոխադրելու մինչեւ Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-եր: «Հայռուսգազարդն՚ իրականացնում է ընդլայնման հետ կապված նախագծային եւ շինարարական աշխատանքները:
Մամուլի ասուլիսի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ „Հայռուսգազարդը“ ցանկանում է գույք կամ բիզնես ձեռք բերել նաեւ Հայաստանից դուրս: Նպատակն է կոնյակից բացի ստեղծել եւս մեկ հայկական բրենդ, որից Հայաստանը միայն կշահի: Սակայն թե խոսքն ի՞նչ բիզնեսի կամ գույքի մասին է, „Հայռուսգազարդի“ գլխավոր տնօրենը չբացահայտեց, ասելով, որ բանակցությունները դեռ ընթանում են:
Աղբյուր: «Ազգ» թերթ,