Կբարձրանա՞ գազի սակագինը

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը բավարարված չէ գազի այսօրվա սակագնով։ Ուստի մոտ ժամանակներս հայտով կդիմի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազի սակագինը բարձրացնելու առաջարկությամբ։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։


Ըստ նրա, սակագնի փոփոխության առաջարկությունը չի վերաբերելու բնակիչ-բաժանորդներին՝ ՙբնակչության գազի սակագինը չենք բարձրացնելու»։ 

Վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» Հայաստանի գազի համակարգում կատարել է շուրջ 83 մլն դոլարի ներդրումներ։ Սա ենթադրում է, որ դրան համարժեք պետք է լինեն նաեւ ընկերության իրական եկամուտները։ Սակայն անհամեմատ փոքր են։ Այս տարի ակնկալվում է ստանալ ընդամենը 4 մլն դոլարի շահույթ.

—Մեր շահույթն անհամեմատ քիչ է, քան այս ոլորտում գործող մյուս տնտեսավարողներինը։ Այդ հարցը մեզ հուզում է։ 

Վերջին 5 տարիներին իրականացված ներդրումների շնորհիվ Հայաստանում էապես ավելացել է գազասպառումը։ Ընդ որում, բնակչության մասով իրացման ծավալը ավելացել է գրեթե 450 տոկոսով։ Այսօր պոտենցիալ բաժանորդների թիվը Հայաստանում հասնում է 630 հազարի։ Ընկերության իրական բաժանորդների թիվը 450 հազար է։ Այս ցուցանիշներով, ըստ Կ.Կարապետյանի, Հայաստանն աշխարհում ամենագազիֆիկացված երկրների շարքում է. —Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք ունեն գազիֆիկացման նման բարձր մակարդակ։

Միայն 736 տոկոսով ավելացել է ավտոգազալցակայանների կողմից սպառվող գազի ծավալը։ Հայաստանն աշխարհում առաջատար դիրք ունի գազով շահագործվող ավտոմեքենաների ցուցանիշով։ Գազի սպառման ավելացման հետեւանքով մեծացել են հասարակության տնտեսումները։ Ընկերության հաշվարկներով, ավտոտրանսպորտը գազով շահագործելու շնորհիվ տարեկան տնտեսվում է շուրջ 100 մլն դոլար։ Անհամեմատ մեծ են բնակչության տնտեսումները՝ 160–180 մլն դոլար։

Այս ամենի համեմատ «ՀայՌուսգազարդի» շահույթները, Կ.Կարապետյանի կարծիքով, շարունակում են մնալ չափազանց փոքր։ Մանավանդ որ բաժանորդների թվի մեծացմանը զուգահեռ ավելացել են նաեւ ընկերության հոգսերը։ Անվտանգության ապահովման համար տարեկան անհրաժեշտ է բաժանորդների շրջանում կատարել շուրջ 1 մլն այցելություն։

5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՎԱՃԱՌՔԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է 

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը ռուսներին վաճառելու գործարքը, Կ.Կարապետյանի կարծիքով, լիովին արդարացված էր։ Դրա համար ռուսական կողմը Հայաստանին է վճարել մոտ 249 մլն դոլար՝ չհաշված ներդրումները։ Սա այն գումարն է, որով կարելի է կառուցել գրեթե նմանատիպ հզորության մեկ այլ կայան.

—Հինգերորդ էներգաբլոկի անավարտ շինարարության գույքային համալիրի վաճառքից ստացված 248,8 մլն դոլարը բավարար է նմանատիպ շուրջ 400 մվտ դրվածքային հզորությամբ նոր կայան կառուցելու համար։

Ընդ որում, «ներդրումների վերադարձը ապահովելու համար կառավարությունը որեւէ պարտավորություն չի ստանձնել»։ Եւ սա այն դեպքում, երբ ոչ մի այլ պոտենցիալ ներդրողի կողմից նմանատիպ պայմաններով էներգաբլոկը վերագործարկելու առաջարկ չի ստացվել։ Այդ աշխատանքը նպատակահարմար չէր իրականացնել նաեւ վարկային ռեսուրսների հաշվին, որովհետեւ կառաջանար լրացուցիչ շուրջ 100 մլն դոլարի ֆինանսական բեռ, իսկ բյուջեն չէր համալրվի վաճառքի գումարով։

Այլ հարց, թե Հայաստանը ինչպես է օգտագործելու այդ գումարը։ Ինչպես հայտնի է, այն դոտացիայի տեսքով ընդգրկված է գազի գնի փոխհատուցման մեջ։ Կ.Կարապետյանի կարծիքով, եթե այդ հնարավորությունն արդյունավետ կառավարվի, ապա Հայաստանը տարածաշրջանում կստանա տնտեսական լուրջ առավելություն։ Եթե ոչ, ապա կվտանգվի շուկան։ Ամեն դեպքում, գազի համար տրված դոտացիայի արդյունքում տնտեսության արդյունավետ կառավարման մակարդակը անցած յոթ ամիսներին, ընկերության տնօրենը բավարար չի համարում։

«ԳԱԶՊՐՈՄԻ» ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ԳԱԶԱՏԱՐԻ ՀԵՏ

Օրերս «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետեր «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը որոշում ընդունեց Հայաստանի գազահամակարգում իր մասնակցությունն ավելացնելու եւ 45-ից 58 տոկոսի հասցնելու մասին։ Սա Հայաստանում ուղղակիորեն կապվեց Իրան-Հայաստան գազատարը ռուսական կողմին վաճառելու հետ։ Մի բան, որը սակայն հերքում է ընկերության տնօրենը։

Ըստ նրա, «Գազպրոմի» փայամասնակցության ավելացումը կապված է ոչ թե Իրան-Հայաստան գազատարի, այլ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հետ։ Թողարկվել են լրացուցիչ բաժնետոմսեր, որոնք ամբողջությամբ գնել է «Գազպրոմը».

—Դա այն գումարն է, որն անհրաժեշտ է 5-րդ էներգաբլոկը գնելու համար։

Վճարվել է 118 մլն դոլար, որի մի մասը կգնա կառավարությանը, մյուս մասը՝ կուղղվի 5-րդ էներգաբլոկի վերակառուցմանը։ Դրա հետեւանքով՝ ավելացել է «Գազպրոմի» բաժնեմասը։

Թեեւ չի նշանակում, թե դա վերջնական է։ Ընկերության կողմերի փայամասնակցությունը մշտապես ենթակա է փոփոխության։ Մասնավորապես, կառավարությունը քննարկում է առաջիկայում 4 մլն դոլարի ներդրումներ կատարելու ծրագիր, որը եւս փայամասնակցության մեջ որոշակի փոփոխություն կառաջացնի։

Այնպես որ, «Գազպրոմի» բաժնեմասի ավելացումը, ըստ Կ.Կարապետյանի, ամենեւին կապ չունի Իրան-Հայաստան գազատարի հետ։ Թեեւ սա չի նշանակում, որ «ՀայՌուսգազարդը» մտադրություն չունի այս կամ այն ձեւով տնօրինել այն։ Այդ առումով ընկերությունը գրավոր չի դիմել կառավարությանը, բայց բազմիցս հայտարարել է, որ ճիշտ եւ արդյունավետ տարբերակը գազատարը «ՀայՌուսգազարդին» հանձնելն է։ Մի բան, որ կարելի է իրականացնել կապիտալ ներդրման, կամ էլ կառավարման հանձնելու միջոցով։

Հեղինակ: Վասակ Թարփոշյան

Աղբյուր: «Հայոց աշխարհ» թերթ