Սաղմոսավանը գազ ստացավ
Ընթացիկ տարին Արագածոտնի Սաղմոսավան համայնքի համար վերջանում է լավ տրամադրություն առաջացնող բարձր նոտայով։ Այս ցուրտ օրերին, երբ վառարանն է դարձել յուրաքանչյուր ընտանիքի կենտրոնաձիգ ուժը, Արա լեռան ստորոտին գտնվող գյուղի փողոցներով ձգվող գազատար խողովակները լցվեցին երկնագույն վառելիքով։ Դա նշանակում է, որ 120 տնտեսություն ունեցող գյուղը գազաֆիկացված է, եւ արդեն այս ձմռան ընթացքում զգալի թվով տներ կտաքացվեն գազով։
Երբեւէ գազ չօգտագործած համայնքում գազատար անցկացնելը արդյունք է համայնք-«ՀայՌուսգազարդ» համագործակցության։ Կառուցվել է 5կմ երկարությամբ գազատար ցանց, որի ծախսերը հավասարապես կիսել են համայնքն ու գազամատակարարը։ «Եթե նախաձեռնությունը համայնքը չլիներ, եթե գյուղի բնակիչները այդքան վճռական եւ հետեւողական չլինեին, գազը Սաղմոսավան կմտներ շատ ավելի ուշ», — ասում է «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի տեղակալ Խաչիկ Բաղդասարյանը։ Փոխտնօրենը շեշտում է, թե որքան կարեւոր է համաֆինանսավորումը, քանի որ ընկերությունը, որ ստացած շահույթի հաշվին է գազաֆիկացման ծախսեր կատարում, չունի այդքան մեծ հնարավորություններ։ Գյուղապետարանը գազաֆիկացման համար ներդրել է համայնքային բյուջեի միջոցները։ Բացի այդ, համայնքի անդամներն աշխատանքային մասնակցություն են ունեցել։ Դրա շնորհիվ է, որ հուլիսին սկսված շինարարական աշխատանքները ավարտվել են հինգ ամսում։ Այսօր արդեն գազ կարող են սպառել հինգ ընտանիքներ։ Ընդ որում, դրանցից մեկը գյուղի եզրին գտնվող ընտանիք է։ Գյուղապետը հետաքրքիր քայլ է կատարել. նախապատվությունը տվել է ոչ թե մայրուղային գծի հարեւանությամբ գտնվող ընտանիքներին, այլ հեռու ընկած տներին։ Գյուղապետ Ներսես Ավագյանը ձգտում է գազամատակարարների հետ համաձայնության գալ, որ ընդհանուր առմամբ եւ հատկապես սոցիալապես համեմատաբար թույլ պաշտպանված ընտանիքների ներտնային գազային ցանցերը մոնտաժվեն անկանխիկ վճարմամբ։
Ի դեպ, Սաղմոսավանի բնակիչներն այս հաջողությունը կապում են նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրենց գյուղ կատարած այցի հետ, երբ նրան են ներկայացրել իրենց խնդիրները, այդ թվում նաեւ գազաֆիկացումը։
«Եթե խորհրդային տարիներին այսօրվա Արագածոտնի մարզի տարածքում գազաֆիկացված է եղել ընդամենը տասներեք համայնք (երեքը՝ քաղաքային)՝ 7500 գազ սպառողով, իսկ այսօր այդպիսի համայնքների թիվը հասել է քսանվեցի, իսկ գազ սպառող է դարձել 11500 ընտանիք։ Սա բարձր ցուցանիշ է, ինչը բնորոշ է երկրի գրեթե բոլոր տարածքներին»,-ասում է Խաչիկ Բաղդասարյանը։
Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ