Սակագնի անկումը միայն թակարդում է լինում
Ընթերցողին հիշեցնենք, որ օրերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանրապետության բնական գազի շուկայում սահմանեց նոր սակագներ, որոնք կիրառման մեջ կդրվեն 2007թ. սկզբից: Եթե 10 հազար խմ-ից պակաս սպառողների համար նախկինում սահմանված էր 1000 խմ-ի հաշվով 90 հազար դրամ սակագին, որից 25 հազարը սուբսիդավորում էր պետությունը, իսկ 65 հազարը վճարում էր սպառողը, ապա նոր սակագներով այդ թիվը կնվազի 6000 դրամով: Այստեղ ամեն ինչ պարզ եւ հասկանալի է, թեեւ որոշ հանգամանքներ, այնուամենայնիվ, ապագայում կարող են առաջ գալ: Այլ է վիճակը 10 հազար խմ-ից ավել սպառողների, այսինքն խոշոր տնտեսվարողների համար, որոնց համար, եթե նախկինում 1000 խմ-ի հաշվով սահմանված էր 146,5 դոլար սակագին (որից 52 դոլարը փոխհատուցում էր պետությունը), ապա նոր սակագներով պետք է վճարեն մոտ 101 դոլար (պետական սուբսիդավորմամբ հանդերձ նոր սակագինը 1000 խմ-ի հաշվով 153,26 դոլար է), թեեւ «ՀայՌուսգազարդը» առաջարկել էր 1000 խմ-ի հաշվով սահմանել 178,7 դոլար սակագին: Թեեւ հանձնաժողովը ընկերության հայտը բավարարեց բավական համեստ չափերով, բայց այդ նույն նիստի ընթացքում անգամ հանձնաժողովի անդամներն էին նկատում, որ իրականում խոշոր սպառողների համար սակագները որոշակիորեն նվազել են, եթե հաշվի ենք առնում, որ մեր երկրում գործարքներն իրականացվում են դրամով, իսկ այդ նույն խոշոր սպառողները գազի դիմաց վճարում են դոլարով:
ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՀԱՇՎԻՆ
Հանձնաժողովը վերջին անգամ գազի սակագները հաստատել էր այս տարվա ապրիլին, երբ մեկ դոլարի փոխարժեքը կազմում էր 470–475 դրամ: Այդ ժամանակաշրջանում խոշոր սպառողները, որոնց համար, ինչպես նշեցինք, սահմանված էր 146,5 դոլար սակագին 1000 խմ բնական գազի համար, պետական սուբսիդավորումը հանած վճարելու էր 43–44 հազար դրամ: Մինչ նոր սակագնի սահմանումը, ավելի ճիշտ՝ այդ օրը, մեկ դոլարի փոխարժեքը 365 դրամ էր, այսինքն այդ նույն խոշոր սպառողը վճարում էր 34 հազար դրամ: Ընդ որում, նկատենք, որ խոշոր սպառողը գազի հետ կապված մնացած բոլոր գործարքները (գազալցակայաններում վաճառելուց սկսած մինչեւ արտադրական նպատակներով օգտագործելը) ի վերջո, իրականացնում էր հիմնականում դրամով, ապա փոխարժեքների տարբերության հաշվին նշված ժամանակաշրջանում այդ կարգի սպառողը ստացել է չնախատեսված գերշահույթներ 1000 խմ-ի հաշվով միջինը 10–12 դոլարի չափով (հաշվի առնելով փոխարժեքի աստիճանական փոփոխությունը): Ընդ որում, կախված այն բանից, թե ինչքան շատ գազ է օգտագործել տվյալ կարգավիճակի սպառողը, բնականաբար, այդ գերշահույթներն էլ մեծ են ստացվում:
Նոր սակագնի պարագայում (153,26 դոլար) խոշոր սպառողն արդեն վճարելու է մոտ 101 դոլար, որը գործող փոխարժեքով կազմում է մոտ 37 հազար դրամ: Այսինքն, ապրիլին հաստատված սակագների համեմատ, խոշոր սպառողի համար դրամային արտահայտությամբ հանձնաժողովի նոր որոշմամբ 1000 խմ գազի փաստացի սակագինը նվազեց 6–7 հազար դրամով, այսինքն, մոտավորապես նույն չափով, ինչ չափով որ հանձնաժողովը նվազեցրեց փոքր սպառողի՝ շարքային քաղաքացիների համար սակագինը: Ընդ որում, երբ այդ տարօրինակության վրա անգամ այդ նույն շարքային քաղաքացիների շահերը պաշտպանող կառույցները սկսեցին ուշադրություն հրավիրել, դա չգիտես ինչու, սկսեց հարուցել հանձնաժողովի անդամների զարմանքը...
ԻՆՉՈՎ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հանձնաժողովի նախագահը նիստից հետո հրապարակայնորեն հավաստիացրեց, որ այստեղ որեւէ քաղաքական խնդիր չկա, ու սակագների նվազեցումը հետապնդում է ոչ թե նախընտրական նպատակներ, այլ բխում է տնտեսական հաշվարկներից: Նշված պնդումը հիմնավորում էր նրանով, թե հանձնաժողովի որեւէ անդամ չի պատրաստվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Թե ինչով է պայմանավորված հանձնաժողովի նախագահի նման վստահությունը, դժվարանում ենք ասել, բայց ենթադրենք, թե հանձնաժողովի բոլոր անդամները որոշել եւ հայտարարել են, թե ընտրություններն իրենց չեն հետաքրքրում: Սակայն այստեղ խնդիրը ամենեւին էլ ընտրության մասնակցել-չմասնակցելը չէ: Դեռ այն օրերին, երբ նույն հանձնաժողովն իր, մեղմ ասած, խիստ կասկածելի գործունեությամբ, որից ուղղակիորեն գործող օրենսդրությանը չհամապատասխանելու «բուրմունք» էր գալիս, հաստատեց ոչ մի երկրից չներմուծվող խմելու ջրի ֆանտաստիկ սակագները, այն էլ ավելի քան 80% կորուստների պարագայում, ակնհայտ դարձավ, որ դրանով հանձնաժողովն ընդամենը կնքեց կառավարության կողմից վաղօրոք որոշված սակագները: Այդ իսկ պահից, մեղմ ասած, կարելի էր կասկածի տակ առնել նշված հանձնաժողովի անկախ լինելու փաստը: Այս դեպքում էլ պարզ է, որ բացարձակապես պարտադիր չէ, որ հանձնաժողովի որեւէ անդամ մասնակցի ընտրությունների, որպեսզի հնարավոր լինի խոսել կամ չխոսել նախընտրական նպատակներով սակագներ սահմանելու մասին: Մի խոսքով, այն համոզմունքին ենք, որ նշված հանձնաժողովը հազիվ թե համարձակվի ինքնուրույն վճիռներ կայացնել այնպիսի կարեւորագույն խնդրի շուրջ, ինչպիսին գազի սակագինն է:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿՄՆԱ ՆՈՒՅՆԸ
Ասվածի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ գազի սակագների փոփոխությունը չի տարածվելու այլ ուղղություններով: Օրինակ, հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ գազամատակարարման համակարգի սակագների փոփոխությունը սկսել էր սեփական նախաձեռնությամբ, որից հետո միայն ներակայացվեց հայտ: Ընդ որում, այդ գործընթացը պայմանավորված էր վերջին 2–3 տարիների դոլարի փոխարժեքի մոտ 30-40%-ոց անկմամբ, ինչը բնականաբար պետք է անդրադառնար այդ գործոնից կախում ունեցող բոլոր ապրանքատեսակների սակագների վրա: Այսինքն, այլ ոլորտներում եւս փոփոխություններ սպասվո՞ւմ են: Պատասխանելով հարցին՝ հանձնաժողովի նախագահն ասաց. «Վերջնական սպառողների համար առաջիկայում որեւէ սակագին փոփոխության չի ենթարկվի: Էլեկտրաէներգետիկ շուկայում ունենք գործող 7 խոշոր ընկերություններ, որոնց սակագներով էլ ձեւավորվում է էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը: Այդ սակագինը՝ 25 դրամը, կմնա նույնը, բայց ընկերությունների մոտ որոշակի փոփոխություններ կլինեն՝ պայմանավորված դոլար-դրամ փոխարժեքի տատանումներով»:
Գազի մասին խոսելու առիթ արդեն ունեցանք ու, այնուամենայնիվ, կրկնենք «ՀայՌուսգազարդի» ղեկավարության այն պնդումը, որ դոլարով ձեռք բերված գազի մոտ 77-78%-ը ներքին շուկայում վաճառվում է դոլարով, ուստի եւ փոխարժեքի հաշվին ընկերությունը գրեթե շահույթ չունի: Այլ բան է մյուս սպառողների վիճակը: Օրինակ, էլեկտրաէներգետիկայում սակագնի ձեւավորման կարեւորագույն բաղադրիչներից է հումքի, մասնավորապես գազի արժեքը: ՋԷԿ-երը Հայաստանում արտադրում են ընդհանուր էլեկտրաէներգիայի 30-40%-ը, այսինքն, այդ կայանի արտադրանքի ինքնարժեքը գազի դիմաց դոլարով վճարելուց ստացվող գերաշահույթների պարագայում, պետք է որ զգալի չափով նվազեր: Ընդ որում, ատոմակայանը, որը եւս միջուկային վառելիքի դիմաց վճարում է դոլարով, պետք է, որ երկրի ներսում նրա փոխարժեքի անկման պատճառով եւս ինքնարժեքի նվազեցում ունենար: Այսինքն, մեր էլեկտրաէներգիայի մոտ 80%-ն արտադրող կայանները ինքնարժեքի մեջ շահել են, ինչը, համաձայն ամենահամեաստ հաշվարկների, պետք է, որ էլեկտրաէներգիայի վերջնական արժեքում առնվազն 1–2 դրամի նվազեցում առաջացներ: Առավել եւս, որ համակարգը իր արտադրանքը ներքին շուկայում վաճառում է բացառապես դրամով, ուստի եւ գազամատակարարման համակարգի հաշվին այստեղ հավելյալ շահույթները առավելագույն չափով են ստացվում: Այս պարագայում, երբ վերստին փաստացի կերպով դրամային արտահայտությամբ նվազեցվում է նույն համակարգին վաճառվող գազի գինը, իսկ էլեկտրաէներգիայի վերջնական գինը մնալու է անփոփոխ, ապա հանձնաժողովի իրական անկախության մասին կասկածները վերստին առաջին պլան են մղվում:
Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՍԱԿԱԳԻՆԸ
Կարելի է թվարկել բազմաթիվ այլ խոշոր սպառողների, որոնք իրենց հերթին են գազի հաշվին գերշահույթներ ստանում: Օրինակ, ավտոգազալցակայանները եւս, գազը գնելով դոլարով, այն վաճառում են դրամով: Երթուղային տաքսիների սակագները նույն վիճակում են տեւական ժամանակահատվածում, այն պարագայում, երբ այդ բիզնեսի համար իրականացվող հիմնական ծախսերից մեկը՝ վառելիքի արժեքը, փաստացի նվազել է: Նույնը կարելի է ասել բոլոր այլ ապրանքատեսակների համար, որտեղ ներառված է «տրանսպորտային ծախս» բաղադրիչը, ինչը շատ դեպքերում բավական լուրջ գումար է: Կան մի շարք ոլորտներ եւս՝ սկսած ցեմենտից, վերջացրած հացով, ուր գազը էականորեն ներառված է սակագնում, սակայն վերը նշված պատճառներով վերջին ամիսներին ոչ միայն սակագների անկում չի նկատվել, այլեւ բազմաթիվ դեպքերում, օրինակ, ցեմենտի պարագայում, արձանագրվել է գների լուրջ աճ: Իհարկե, այս ոլորտները դուրս են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիազորություններից: Բայց, կրկնում ենք, որ գազամատակարարման համակարգի հետ վարվող սակագնային քաղաքականության պատճառով այս ուղղություններով ժամանակի ընթացքում ստացվել են հսկայական հավելյալ շահույթներ, մինչդեռ սակագների որեւէ անկման մասին խոսք անգամ չի եղել: Նոր սակագները, ըստ ամենայնի, էական փոփոխություններ չեն առաջացնի ո՛չ շաղկապվող մյուս բոլոր սակագների աճի, ո՛չ էլ անկման առումով: Այսինքն, նշված ոլորտները կշարունակեն ստանալ գերշահույթներ, շարքային քաղաքացիներն էլ մի փոքր կօգտվեն սակագնային նվազեցումից, «ՀայՌուսգազարդն» էլ հավանաբար նախկին տեմպերով կշարունակի իր գործունեությունն ու ներդրումային ծրագրերը: Բայց այս սակագներից սպասվող հետագա ռիսկեր, ինչ խոսք, գոյություն ունեն: Նույնիսկ հանձնաժողովի նիստի ժամանակ վերստին առաջ քաշվեց այն հիշատակումը, թե գազի գինը աճում է ողջ աշխարհում, իսկ «Գազպրոմն» էլ շատ երկրների, մասնավորապես մեր հարեւան Վրաստանի հետ կապված սկսել է օգտագործել 1000 խմ-ի համար ներկայիս 110 դոլարի փոխարեն մոտ 230 դոլար գինը: Ի վերջո, չմոռանանք նույն ռուս-վրացական լարված իրավիճակների մասին, ինչը, չափից դուրս սրվելու դեպքում, միգուցե հանգեցնի ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Հայաստանի գազամատակարարման դադարեցմանը: Իհարկե, այդ պարագայում սպասվում է, որ մեզ օգնության կհասնի իրանական գիծը, բայց սակագնային բարդություններ կառաջանան:
Բնականաբար, այս ամբողջ խոսակցությունը միգուցե եւ մի փոքր էլ ծայրահեղ բնույթի է: Բայց այդ բոլոր տարբերակներն էլ, կարծում ենք, որ, այնուամենայնիվ, պետք է որոշակի ծրագրերում չբացառել եւ հակաքայլեր մշակել: Բնականաբար, բնակչության մասով սակագների անկումը միշտ էլ ողջունելի է: Բայց նկատենք, որ ներկայումս այդ նվազեցման հետ խոշոր հասարակական պահանջ, ըստ էության, չկար եւ կարելի էր, պատկերավոր ասած, այդ սակագնային նվազեցման հնարավորությունը «կուտակել» հնարավոր «սեւ» օրերի համար: Հակառակ պարագայում հետագա սակագնային հնարավոր աճը կարող է շատ ավելի ցավոտ ու վտանգավոր լինել:
Աղբյուր: «Իրավունք» թերթ