Իրանական գազը կհասնի Հայաստան

Բայց ոչ նախատեսված ծավալով


Իրան¬Հայաստան գազատարի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա մարտի վերջին։ Թեպետ դրանից հետո Հայաստանը կարող է ստանալ իրանական գազ, այնուհանդերձ, դա չի լինի անհրաժեշտ ծավալով։ Պատճառն այն է, որ 40 կմ երկարության գազատարի կառուցումով չի ապահովվում համապատասխան քանակությամբ գազի տեղափոխում ջերմային կայաններ, որտեղ պետք է արտադրվի էլեկտրաէներգիա։

Ինչպես հայտնի է, Իրան¬Հայաստան գազատարի 40 կմ հատվածի կառուցումն ավարտվում է Քաջարանում։ Դրանով այն միանում է Հայաստանի ներքին ցանցին։ Բայց դա բավարար չէ իրանական գազի լուրջ քանակություն ներկրելու համար։ Խնդիրն այն է, որ Քաջարան¬Արարատ հատվածում գործող գազատարի թողունակությունը շատ ավելի փոքր է։ Բնականաբար այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ ներքին ցանցի այս հատվածը մինչ այժմ ունեցել է ընդամենը տվյալ տարածաշրջանը գազամատակարարմամբ ապահովելու խնդիր։

Ներքին ցանցի հնարավորություններով Հայաստանն Իրանից կարող է տարեկան ստանալ ընդամենը 400 մլն խոր. մետր գազ՝ նախատեսվող առնվազն 1,1 մլրդ խոր. մետրի դիմաց։ Ուստի գազատարի 40 կիլոմետրանոց հատվածի կառուցումով, կարելի է ասել, ավարտվում է աշխատանքների միայն առաջին փուլը՝ Հայաստանի գազի համակարգը միանում է իրանականին։ Բայց դրանով ամբողջությամբ չի լուծվում այլընտրանքային գազամատակարարում ունենալու խնդիրը։ Այնպես որ ներքին ցանցի հնարավորությունները չմեծացնելու դեպքում խիստ նվազում է այս ծրագրի նշանակությունը։

Իհարկե իրանական գազի ստացումը չի նշանակում, թե Հայաստանն ընդհանրապես դադարեցնելու է ռուսական գազի ներկրումը։ Ինչպես հայտնի է, այս ծրագիրը, գոնե սկզբնական վիճակում, ունի զուտ էներգետիկ նշանակություն. ստացված գազի դիմաց Հայաստանը փոխհատուցելու է էլեկտրաէներգիայով։ Նշենք, որ փոխանակման գործընթացում կառաջանա գազի լրացուցիչ քանակություն, որն օգտագործվելու է այլ նպատակներով։

Իրանից ներկրվող գազի ծավալներն ավելացնելու եւ ջերմային կայաններ հասցնելու համար Հայաստանի ներքին ցանցում, ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության 2007¬2009թթ. ներդրումային ծրագրի, անհրաժեշտ է կառուցել եւս 197,4 կմ երկարությամբ 700 մմ տրամագծով նոր գազատար։ Այն ընդգրկելու է Քաջարան¬Սիսիան, Անգեղակոթ¬Ջերմուկ եւ Ջերմուկ¬Արարատ հատվածները։ Դրան զուգահեռ նախատեսվում է վերակառուցել եւս 120 կմ երկարության գազատար։ Ընդհանուր առմամբ ծրագրի իրականացումը, նախնական հաշվարկներով, 52 մլրդ դրամ է։ 

Ենթադրվում է, որ նշված հատվածներում գազատարի ներքին ցանցի թողունակության բարձրացման աշխատանքները կիրականացվեն առաջիկա երեք տարիների ընթացքում։ Թեեւ դրանց հիմնական մասը նախատեսվում է ավարտել 2007¬2008 թվականներին։ Առաջին տարվա ընթացքում ծրագրվում է իրականացնել շուրջ 33 մլրդ դրամ արժողության հողային եւ շինմոնտաժային աշխատանքներ։ Հետագա երկու տարիներին իրացվող ֆինանսական միջոցների ծավալը կնվազի՝ կազմելով եւս մոտ 19 մլրդ դրամ։

Գազի համակարգի ներքին ցանցի թողունակության բարձրացման ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում ՙՀայՌուսգազարդը՚, ըստ ներդրումային ծրագրի, նախատեսում է կառուցել 121,7 կմ երկարությամբ հարթակ եւ ուղեգիծ։ Ընդհանուր առմամբ 2007թ. կտեղադրվի եւ կմոնտաժվի 88 կմ երկարությամբ խողովակաշար։ Եւս 75,7 կմ հատվածի մոնտաժում կիրականացվի հաջորդ տարվա ընթացքում։ 2009 թվականին կատարվելիք աշխատանքների ծավալը անհամեմատ փոքր կլինի։ Վերջին տարում ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 1,7 մլրդ դրամ։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Իրան¬Հայաստան գազատարի շինարարությամբ եւ շահագործմամբ ավարտվում է ծրագրի ընդամենը առաջին փուլը։ Երկրորդ փուլում միջոցներ կձեռնարկվեն ավելացնելու ներկրվող իրանական գազի ծավալները։ Եթե այսօր Քաջարան¬Արարատ հատվածում գործող ներքին ցանցով հնարավոր է տեղափոխել ընդամենը 400 հազար խոր. մետր գազ, ապա նոր գազատարի կառուցումից հետո համակարգի թողունակությունը կհասնի մինչեւ 2,3 մլրդ խոր. մետրի։

Այնքան, որքան կարող է լինել Հայաստանի գազի պահանջարկը առաջիկա առնվազն 10 տարվա ընթացքում։

Աղբյուր: «Հայոց աշխարհ» թերթ