«ՀայՌուսգազարդը» սկսում է պարտատոմսերի թողարկում»

«ՀայՌուսգազարդը» սկսում է պարտատոմսերի թողարկումը


Մինչեւ տարեվերջ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը նախատեսում է ավարտել գազիֆիկացման աշխատանքները։ Ի դեպ, Հայաստանը ԱՊՀ-ում գրավում է առաջին տեղը: Այս մասին երեկ ընկերության բաժնետոմսերի թողարկման շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

Վերջին տարիներին ընկերությունը կատարել է 100 մլն դոլարի ներդրումներ, որոնց հիմնական մասը՝ 82 մլն դոլար, ուղղվել է գազիֆիկացման ծավալների ընդլայնմանը.

—Դա հնարավորություն է տվել 2002 թվականի 21 տոկոսի համեմատ գազիֆիկացման ծավալը հասցնել 87,3 տոկոսի: Մինչեւ տարեվերջ այն կհասնի 89,7 տոկոսի:

Այսօր արդեն «ՀայՌուսգազարդի» բաժանորդների թիվը հասել է 468 հազարի: Այն դեպքում, երբ դեռեւս 5 տարի առաջ ընդամենը 112 հազար էր: 4,5 անգամ ավելացել է սպառումը: Էապես ընդլայնվել է գազիֆիկացված բնակավայրերի թիվը: Նախկին 98-ի փոխարեն ներկայումս բնական գազ ունի 446 բնակավայր:

Ըստ Կ.Կարապետյանի, գազիֆիկացման ծավալների ընդլայնումը մեծապես նպաստել է բնակչության եկամուտների տնտեսմանը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բնական գազը համարվում է առավել էժան էներգետիկ ռեսուրս: Ըստ այդմ.

—Գազի օգտագործման հաշվին բնակչության միջոցների տնտեսումը հասնում է 200–220 մլն դոլարի:

Շուրջ 160–180 մլն դոլար տնտեսվել է գազով շահագործվող ավտոմեքենաների դեպքում: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին՝ կապված բենզինի թանկացման հետ, բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին իրենց մեքենաները շահագործել գազով, որն առնվազն 2–3 անգամ էժան է: Տարբեր գնահատումներով, այսօր հանրապետության ավտոմեքենաների 40–50 տոկոսը շահագործվում է երկնագույն վառելանյութով։ Գազիֆիկացման ծավալների ընդլայնումը հնարավորություն է տվել ընկերությանը դուրս գալ շահութաբեր բիզնեսի դաշտ: Լինելով Հայաստանի խոշոր ընկերություններից մեկը՝ մինչեւ վերջերս «ՀայՌուսգազարդն» աշխատում էր վնասով: Միայն անցած տարվանից ընկերությունը կարողացավ դուրս գալ այդ վիճակից եւ ապահովեց շուրջ 11 մլն դոլարի շահույթ:

Իրան-Հայաստան գազատարի կառուցումով որոշակի փոփոխության է ենթարկվել գազապահեստարանի հետ կապված ընկերության ծրագիրը: Եթե նախկինում նախատեսվում էր դրա հզորությունը հասցնել մինչեւ 250–270 մլն խոր. մետրի, ապա այլընտրանքային գազատարի կառուցումից հետո դրա անհրաժեշտությունը վերացել է: Այսօր գազապահեստարանը կարող է տեղավորել 120 մլն խոր. մետր գազ, ինչը կրկնապատիկ է նախկինի համեմատ: Մինչեւ տարեվերջ ակնկալվում է գազապահեստավորման հնարավորությունը հասցնել 150 մլն խոր. մետրի: Դրա համար կպահանջվի 5 մլն դոլար: Նախորդ ծրագիրը ենթադրում է 30 մլն դոլարի ներդրում:

Ընկերությունն ունի եւս երկու լուրջ ծրագրեր` կապված գազատրանսպորտային համակարգերի եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վերակառուցման հետ, որոնք հնարավորություն կտան «ՀայՌուսգազարդի» կապիտալի մակարդակը հասցնել 850–900 մլն դոլարի.

—Այս ծրագրերի շնորհիվ բոլոր հնարավորություններն ունենք ոլորտում դառնալ տարածաշրջանային խաղացող, — կարծում է ընկերության գործադիր տնօրենը: Վերջին տարիների տնտեսական գործունեությանը զուգահեռ, «ՀայՌուսգազարդն» առաջին քայլն արեց նաեւ պարտատոմսերի շուկայում: Ինչպես նշեց Կ.Կարապետյանը, ընկերությունը թողարկել է 1 մլրդ դրամի պարտատոմս՝ 1,5 տարի մարման ժամկետով եւ 9 տոկոս տոկոսադրույքով.

—Արժեթղթերի շուկա մեր մուտքը բավական հետաքրքիր էր: Այն մեզ դուր եկավ: Պատրաստվում ենք մոտ ժամանակներս կատարել եւս մեկ թողարկում՝ 5 մլրդ դրամի չափով: Ողջունելով ընկերության նախաձեռնությունը՝ պարտատոմսերի թողարկման ոլորտում, Կենտրոնական բանկի նախագահ Տ.Սարգսյանը նշեց, որ «ՀայՌուսգազարդի» այդ քայլը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆինանսական շուկայում.

—Ընկերության պարտատոմսերի պահանջարկը մի քանի անգամ ավելին է, քան թողարկման ծավալն է: Սա նշանակում է, որ ստեղծել ենք լուրջ նախապայմաններ արժեթղթերի շուկայի զարգացման համար:

Ավելին՝ առաջիկայում այստեղ սպասվում են նոր իրադարձություններ: Մոտ ժամանակահատվածում Հայաստանի լավագույն ձեռնարկություններից եւս երկուսը կմտնեն արժեթղթերի շուկա եւ կիրականացնեն թողարկումներ: Այս հանգամանքը, Սարգսյանի կարծիքով, կարող է նպաստավոր ազդեցություն ունենալ ոչ միայն շուկայի վրա, այլեւ ցուցադրական նշանակություն ունենալ մյուս ձեռնարկությունների համար:

Ինչպես հայտնի է, Հայաստանում ձեռնարկատերերը հիմնականում խուսափում են մտնել արժեթղթերի շուկա, որովհետեւ դա ենթադրում է նաեւ որոշակի պարտավորություններ, մասնավորապես` առավել թափանցիկ եւ բաց աշխատելու հետ կապը: Մի բան, ինչը չեն ցանկանում սեփականատերերից շատերը: Նրանք գերադասում են թաքուն պահել իրենց ֆինանսական տեղաշարժերը: Չնայած, գաղտնիք չէ, արժեթղթերի թողարկումը լուրջ ռեսուրս է ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Ընդ որում, դրանք էժան գումարներ են, որոնց կարիքը հայաստանյան ձեռնարկություններից շատերն այսօր զգում են:

Թե որքանով կհաջողվի կայացնել Հայաստանի արժեթղթերի շուկան, որի առաջին քայլերից մեկն արեց «ՀայՌուսգազարդը», ցույց կտա ժամանակը: Սակայն մի բան ակնհայտ է, որ այս համակարգը արտասահմանյան հայտնի ընկերությանը հանձնելու վերաբերյալ համաձայնության ստորագրումից հետո իրավիճակը կարծես փոխվում է:

Հեղինակ: Վասակ Թարփոշյան

Աղբյուր: «Հայոց աշխարհ»