«ՀայՌուսգազարդը» մտավ կապիտալի շուկա

1 պարտատոմսի արժեքն է 10 հազար դրամ


«ՀայՌուսգազարդ» ընկերությունը 1 մլրդ դրամի պարտատոմսեր է թողարկել (1 պարտատոմսը՝ 10 հազար դրամ)։ Դրանք արդեն տեղաբաշխված են շուկայում։ Ինչի առիթով եւ երեկ ընկերությունում շնորհանդես էր կազմակերպվել, որին ներկա էին ՀՀ ԿԲ նախագահը, ֆինանսների եւ էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարարները, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանը նկատեց, թե իրենք, այո՛, «կարող են տարածաշրջանում խոշոր խաղացող դառնալ»... Կանոնադիր կապիտալով եւ ակտիվներով «ՀայՌուսգազարդ»-ն առաջինն է։ Կանոնադիր կապիտալն, օրինակ, կազմում է 196.9 մլրդ դրամ (580.8 մլն դոլար)։ Վերջին 4–5 տարիներին ներդրումների չափը 100 մլն դոլար է, որից մոտավորապես 83 մլն դոլարը գազարբիացման բաժինն է։ Կ. Կարապետյանի տվյալներով, գազարբիացման 21 տոկոս ցուցանիշը վերաճել է 87.3 տոկոսի։ Տարեվերջին ընկերությունն արդեն 89.8 տոկոս գազարբիացման մակարդակ կունենա։ «2006թ. մեր երկիրը ԱՊՀ-ում ամենագազարբիացված պետությունն էր, եւ այսօր մենք կարող ենք, առանց չափազանցնելու, հայտարարել նաեւ, որ ամենագազարբիացվածներից ենք նաեւ աշխարհում։ Շատ քիչ երկրներ կան (5–6, գուցե 7 երկիր), որոնք կարող են այդ ցուցանիշից ավելի թիվ հայտարարել»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը։ Արդյունքում՝ «ՀայՌուսգազարդ»-ը վնասաբեր ընկերությունից վերածվեց շահութաբեր ընկերության։ Հետաքրքիր են այս ոլորտում այն թվերը նաեւ, որոնք արձանագրել են, այսպես ասած, «պասիվ մասնակիցները»։ Այլ էներգակիրներից գազին անցնելու հետեւանքով բնակչության մասով տարեկան խնայողությունը 200–220 մլն դոլար է կազմել։ Իսկ բենզինից գազի անցնելով՝ տրանսպորտային հատվածի տարեկան տնտեսման թիվը 150–180 մլն դոլար է։ Իրական բաժանորդների թիվն ավելացել է 4.1 անգամ, գազարբիացման ոլորտում ներդրումներն ավելացել են 2.8 անգամ։ Ընկերության ղեկավարի հավաստմամբ, այս տարիներին խոշոր ներդրումներ են կատարվել ստորգետնյա պահեստարանի առումով, ինչի շնորհիվ 120 մլն խմ գազ պահելու հնարավորություն կա։ Համեմատության համար նշենք, որ 4–5 տարի առաջ ընդամենը կարող էինք պահեստում 60–65 մլն խմ գազ պահել։ Ի դեպ, ընկերությունը, մինչեւ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, ծրագրել էր ստորգետնյա պահեստարանի տարողունակությունը հասցնել մինչեւ 250–270 մլն խմ գազի, որի համար անհրաժեշտ էր 30 մլն դոլարի ներդրում։ «Իրան-Հայաստան գազամուղի առկայության դեպքում մենք մեր ծրագիրը փոխել ենք, եւ ընդամենը 5 մլն դոլար է հիմա պետք։ Փաստորեն այլընտրանքային գազամուղի „պատճառով“ մենք տնտեսել ենք 25 մլն դոլար»,-ասաց Կ. Կարապետյանը։ Ինչեւէ, 2007թ. առաջին կիսամյակի կտրվածքով, «ՀայՌուսգազարդ»-ը ամենախոշոր հարկատուն է. ըստ ընկերության ղեկավարի, 2008թ. վերջին եւ 2009թ. սկզբին «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադիր կապիտալը տատանվելու է 850–900 մլն դոլարի սահմաններում։ Զարգացման այս պայմաններում ընկերությունը կարող էր կապիտալի շուկայում քայլ անել։ Եվ արեց՝ թողարկելով միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսեր (1,5 տարով, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով՝ տարեկան 4,5 տոկոս վճարելու պայմանով)։ Կ. Կարապետյանի խոսքերով, կապիտալի շուկա մուտքը բավականին հետաքրքիր էր։ «Այնքան, որ պատրաստվում ենք մոտ ժամանակներս 5 մլրդ դրամ ծավալով թողարկում անել»։ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը «ՀայՌուսգազարդ»-ին պարտատոմսերի հաջող տեղաբաշխման առիթով շնորհավորելուց հետո շնորհակալություն հայտնեց իրենց՝ ԿԲ-ի ծրագրին հավատալու համար. «Պարտատոմսերի պահանջարկը մի քանի անգամ գերազանցեց թողարկման այն ծավալին, որ „ՀայՌուսգազարդ“-ն իրականացրել էր։ Սա նշանակում է, որ արժեթղթերի շուկայի զարգացման համար մենք ստեղծել էինք բավականին լուրջ նախադրյալներ... „ՀայՌուսգազարդ“-ն արձագանքեց մեր՝ ԿԲ-ում վարկանշում անցնելու խնդրանքին, ինչը, բնականաբար, հնարավորություն է տալիս առեւտրային բանկերին այդ պարտատոմսերով գործարքներ իրականացնել ԿԲ-ի հետ»։ Այսինքն՝ ԿԲ-ի համար այսուհետեւ «ՀայՌուսգազարդ»-ի թողարկած պարտատոմսերը դիտարկվելու են որպես լիկվիդային միջոցներ։ Բնականաբար, սա լուրջ խթան է շուկայի զարգացման համար։ Հավելենք, որ ԿԲ-ն մտադիր է առաջիկայում եւս երկու լավագույն ձեռնարկությունների ներգրավվել արժեթղթերի շուկա, ինչը կարող է «ցուցադրական էֆեկտ խաղալ մնացած ձեռնարկությունների համար՝ ֆինանսական աղբյուրները մատչելի դարձնելու առումով»:

Հեղինակ: Արմենուհի Մելքոնյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ