Հայերը հաղթում են Ֆրանսիային…..Բանգլադեշում

Սեպտեմբերի 12-ին լրացավ «ՀայՌուսգազարդ» ընկերության հիմնադրման 10-ամյակը: Հոբելյանի առթիվ ընկերությունը հանդես եկավ ողջունելի մի նախաձեռնությամբ: Սեպտեմբերի 21-23-ը «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում կազմակերպվեց ֆուտբոլի ուշագրավ մի մրցաշար, որին իրենց մասնակցությունը բերեցին 5 թիմեր՝ «ՀայՌուսգազարդ», «Գազ դե Ֆրանս», «Գազպրոմբանկ», «Գազկոմպլեկտիմպեքս»եւ հաշվարկից դուրս «Գազպրոմ Էքսպորտը»: Մրցաշարի կազմակերպիչը «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանն էր: Ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Էներգետիկայի, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները: Մրցաշարի բացման ժամանակ մասնակիցներին ողջունեց «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը, որն իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ նման մրցաշարի կազմակերպումը վկայում է, որ այս բնագավառի աշխատակիցները կարող են համագործակցել ոչ միայն բիզնեսում, այլ նաեւ սպորտում: «Ֆուտբոլ-365»-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ընթացքում ստուգատեսի նախաձեռնող Ա.Հովսեփյանը նշեց, որ նման կարգի փորձի առաջին ձեռնարկումը կարելի է հաջողված համարել: Ըստ նրա, մրցաշարն անցավ գեղեցիկ ու դիտարժան պայքարում, տոնական մթնոլորտում: Մասնակից թիմերը հիմնականում փորձառու էին, բացառությամբ նորաստեղծ՝ «ՀայՌուսգազարդ» թիմի, որը ընդամենը 1,5 ամսվա կենսագրություն ունի: Չնայած դա ամենեւին էլ չխանգարեց վերջինիս պատվավոր 3-րդ տեղը գրավել, հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարով 6:5 հաշվով հաղթելով «Գազ դե Ֆրանս»-ին : Ի դեպ, դրան լրագրողները բավականին ինքնատիպ ու կատակախառը արձագանքեցին, նշելով, որ «հայերը առաջին անգամ հաղթեցին ֆրանսիացիներին, այն էլ Բանգլադեշում»: Մրցաշարի հաղթող դարձավ «Գազպրոմբանկ»-ի թիմը, որը եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ «Գազկոմպլեկտիմպեքսին»: Մրցանակները հանձնեցին «Արարատ-73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը, նրա թիմակից Նորայր Մեսրոպյանը, հայկական ֆուտբոլի 60-ականների փայլատակող աստղերից Սարգիս Հովիվյանը: Մասնակից բոլոր թիմերն էլ պարգեւատրվեցին գավաթներով, ընդ որում հաղթողը ոսկեջրած գավաթով, ինչպես նաեւ համապատասխան հուշամեդալներով: Ա.Հովսեփյանը հատուկ ընդգծեց նաեւ, որ թեեւ ՀՀ պայմաններում նման միջոցառման կազմակերպումը բավականին դժվար խնդիր է, բայց իրենք մտադրվել են մրցաշարը ավանդական դարձնել եւ իհարկե, ընդլայնել մասնակից թիմերի քանակը, հասցնելով այն 10-12-ի: Նա գոհունակությամբ նշեց նաեւ, որ արդեն գալիք տարվանից այս ստուգատեսում հանդես գալու ցանկություն են հայտնել ԱՊՀ երկրներից՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, ինչպես նաեւ Գերմանիայի այս ոլորտի ներկայացուցիչները: «ՀայՌուսգազարդ» ընկերության 10-ամյակի հոբելյանին նվիրված ֆուտբոլի մրցաշարը, անկասկած, ծառայեց իր նպատակին, անշուշտ դրվատել է եւ նպաստում է հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականությանը:


Աղբյուր: «Ֆուտբոլ365» շաբաթաթերթ