«Գազային» ֆուտբոլ

«ՀայՌուսգազարդ» ընկերությունն իր ստեղծման 10-ամյակի կապակցությամբ նաեւ կազմակերպել է ֆուտբոլային փոքր մրցաշար, որին մասնակցում են «ՀայՌուսգազարդ», «Գազ դե Ֆրանս» ընկերությունների, ինչպես եւ «Գազպրոմ» ընկերության «Գազկոմպլեկտիմպեքս», «Գազպրոմբանկ» եւ «Գազպրոմ Էքսպորտ» /վերջինը մասնակցում է արտամրցութային կարգով/ կազմակերպությունների աշխատակիցներից կազմված սիրողական թիմերը:


«ՀայՌուսգազարդ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Հովսեփյանի գնահատմամբ՝ մրցաշարը հաճելի պահեր պարգեւատրելուց զատ ունի նաեւ սպորտային եւ առողջական նշանակություն: Օրինակը «ՀայՌուսգազարդ» թիմի վիճակն է. Ըստ փոխտնօրենի, երկու ամիս մրցաշարին պատրաստվելով, խաղացողներից շատերը կորցրել են ավելորդ քաշը եւ թողել ծխելը:

Բացելով մրցաշարը՝ «ՀայՌուսգազարդ»-ի գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը նշեց, որ այս ձեռնարկը նպատակ ունի բիզնեսից դուրս եւս «մարդկային նորմալ հարաբերություններ հաստատել գործընկերների միջեւ»՝ կարեւորելով նաեւ այն, որ մրցաշարը տեղի է ունենում Հայաստանի համար հիշարժան՝ Անկախության օրը :

Մրցաշարը կտեւի երկու օր: Հաղթող թիմը կարժանանա ընկերության սահմանած գավաթին:

Մրցաշարի առաջին օրը մրցեցին «ՀայՌուսգազարդ»եւ «Գազկոմպլեկտիմպեքս» թիմերը: 0:2 հաշվով հաղթեց վերջինը:

Հեղինակ: Պետրոս Սարուխանյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ