Ավան համայնքն ամբողջովին գազաֆիկացված է
8000 բաժանորդ արդեն օգտվում է գազից
Երեկ «Ընտանիք» զբոսայգում հանդիսավոր պայմաններում նշվեց մայրաքաղաքի Ավան-Առինջ թաղամասի գազամատակարարման վերականգնման ավարտը, ինչը նշանակում է նաեւ ամբողջ Ավան համայնքի գազաֆիկացման ավարտ։
«Ավան համայնքի տարածքում ՀայՌուսգազարդ ընկերության ներդրումների ծավալը հասել է 381,7 մլն դրամի, որով կառուցվել է 42 կմ երկարությամբ գազատար։ Համայնքի 231 բազմաբնակարան շենքեր եւ 1040 առանձնատներ արդեն գազից օգտվելու հնարավորություն ունեն։ Համայնքում արդեն կա 8000 բաժանորդ (սեպտեմբերի 1-ի դրությամբ), եւս 3600-ը հնարավորություն ունի բաժանորդ դառնալու։ Մինչ անկախությունը Ավան թաղամասն ունեցել է ընդամենը 3765 բաժանորդ»,-ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության «Երեւանգազ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Հարությունյանը։
Ավան թաղային համայնքի ներկայացուցիչը նույնպես գոհունակությամբ շեշտեց երկու տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ»-ի կատարած աշխատանքը համայնքում եւ ուրախությամբ նշեց, որ համայնքի ամբողջ բնակչությունը ստացել է կապույտ վառելիքից օգտվելու հնարավորություն, որի համար շնորհակալ է «ՀայՌուսգազարդ»-ից։
Ի դեպ, համայնքի գազամատակարարման վերականգնման աշխատանքները լիովին ֆինանսավորել է գազամատակարար ընկերությունը։ Մեծ է եղել նաեւ համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանի դերը։ Դա շեշտեց նաեւ «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Խաչիկ Բաղդասարյանը։ Նկատի է առնվում այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարը ակտիվորեն օգնել է կազմակերպել գազաֆիկացման աշխատանքները։
Ներկայացնելով հանրապետությունում գազամատակարարման վերականգնման ներկա վիճակը՝ Խաչիկ Բաղդասարյանը տեղեկացրեց. «Այսօր 481 հազար գազ սպառող բաժանորդ ունենք, 170 հազար ընտանիք էլ բաժանորդ դառնալու հնարավորություն է ստացել։ „ՀայՌուսգազարդը“ իր խոստման համաձայն, կավարտի 2007թ. ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները»։
Նա հայտնեց նաեւ, որ մոտ օրերս տեղի կունենա նաեւ Երեւանի ամենաշատ բնակարաններ (բազմաբնակիչներ) ունեցող Հարավ-արեւելյան թաղամասի գազաթողարկումը։ Դրանով կավարտվի քաղաքի գազամատակարարման (այս դեպքում՝ գազաֆիկացման, քանի որ խորհրդային տարիներին կյանքի կոչված Հարավ-արեւմտյան թաղամասը գազաֆիկացված չի եղել, սնուցվում էր էլեկտրաէներգիայով) ծրագիրը։
Որպեսզի անցյալի ու ներկայի համեմատությունն առավել արտահայտիչ լինի, ասենք նաեւ, որ երկրում գազաֆիկացված 446 բնակավայրերից 98-ը նախկինում գազաֆիկացված չի եղել։ Ընկերության կողմից շահագործվող գազաբաշխիչ ցանցի երկարությունը հասել է 11,5 հազար կիլոմետրի։ Չնայած գազաֆիկացման ծրագիրն ամբողջությամբ կավարտվի 2008-ին, այսօր արդեն Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում գազաֆիկացման մակարդակով առաջատար է։
Հ. Գ. «Երեւանգազ»-ը շարունակում է ընկերության 10-ամյակին նվիրված ակցիան, համաձայն որի՝ մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը գազի հաշվիչների տեղադրումը կկատարվի առանց կանխավճարի, որպեսզի ձմռան նախամուտքին ավելորդ հերթեր եւ քաշքշուկներ չլինեն։
Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ