Գազ սպառող դարձավ 500 000-րդ ընտանիքը
Մայրաքաղաքի Հարավ-արեւմտյան Բ-3 թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 101 շենքի 5-րդ բնակարան երկնագույն վառելիքի մուտքը բնակիչները՝ Խաչատրյան ամուսինները, մի քիչ այլ ոգեւորությամբ ընդունեցին։ Առաջին անգամ նրանց բնակարանում գազ վառվեց, այն էլ՝ նվիրաբերված գազօջախով։ Բանն այն է, որ Խաչատրյանները գազի 500000-րդ բաժանորդն են, որի առիթով «ՀայՌուսգազարդի» «Երեւանգազ» ԳԳՄ-ն նրանց նվիրեց գազօջախ եւ գազի վառարան։ Տարեց, բնակարանում երկուսով մնացած (երկու զավակներն ընտանիքով առանձին են ապրում) ամուսինների համար անակնկալը շատ տեղին է։ Նրանք սոցիալապես անբավարար ապահովված ընտանիք են եւ մարդասիրական օգնության շահառու։
Ռաֆիկ եւ Արփինե Խաչատրյանների համատեղ կյանքի 50-րդ տարին կլրանա եկող տարվա մարտին, եւ այս նվերը համարում են Աստծո բարեհաճության արտահայտություն։ Իսկ ընտանիքի ընտրությունը կատարվել է պատահականության սկզբունքով։ «Այս բաժանորդը, որ միացավ մեր գազահամակարգին, 500000-րդն է հանրապետությունում։ Ելնելով մեր օպերատիվ տվյալներից, զուտ պատահականության սկզբունքով այս ընտանիքն է դարձել հոբելյանական բաժանորդը։ Սա մեր ընկերության որդեգրած գազաֆիկացման քաղաքականության շարունակությունն է։ Որոշել էինք հանդիսավորությամբ նշել այդ փաստը»,-լրագրողներին հայտնեց «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Խաչիկ Բաղդասարյանը։
Հետաքրքիր է, որ հոբելյանական բաժանորդը երբեւէ գազ չունեցած թաղամասի բնակիչ է (Հարավ-արեւմտյանում ջերմամատակարարումը իրականացվել է էլեկտրաէներգիայով)։
Խաչիկ Բաղդասարյանի տեղեկացմամբ, եւս 130000 ընտանիք հնարավորություն ունի դառնալ գազ սպառող։ Դա նշանակում է, որ մեր երկրում 630000 ընտանիքի համար ստեղծված է գազամատակարարման ցանց։ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն, ինչպես ասվել է, արդեն ավարտել է գազաֆիկացման ծրագիրը։ Հանրապետության բնակչության 87,3 տոկոսը հնարավորություն ունի բնական գազ օգտագործել։ Ընկերությունը ծրագրի իրականացման համար ներդրել է 82 մլն դոլար, կառուցվել է 11573 կմ երկարությամբ գազաբաշխիչ ցանց։ Գազ է օգտագործում 446 բնակավայր, որոնցից 98-ը նախկինում գազաֆիկացված չի եղել։ Երեւանում այսօր առկա է շուրջ 180000 բաժանորդ, եւս 50000 ընտանիք ունի բաժանորդ դառնալու հնարավորություն։ Խորհրդային տարիներին Հայաստանը համարվել է առավել գազաֆիկացված հանրապետություններից մեկը՝ ունենալով 485500 բաժանորդ։ Փաստորեն այս տարի արդեն գերազանցվել է այդ թիվը՝ 500000 բաժանորդ։ Եթե հաշվի առնենք, որ եւս 130000-ը կարող է բաժանորդ դառնալ, գերազանցումն ավելի շոշափելի կդառնա։
Այդուհանդերձ, բնակչության 12,7 տոկոսը դեռեւս գազ չի սպառում։ Ի՞նչ հեռանկար կա նրանց համար։ Խաչիկ Բաղդասարյանը նշեց, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ֆինանսատնտեսական նպատակահարմարությունից բխող գազաֆիկացման ծրագիրը համարում է ավարտված։ Մնացած մասի գազաֆիկացումը հնարավոր է իրականացնել սոցիալական տարբեր ծրագրերի, տարբեր ներդրումների միջոցով։ Ի դեպ, եվրոպական երկրների գազաֆիկացվածության միջին ցուցանիշը 85 տոկոս է։ Սա նշանակում է, որ մեր երկրում ապահովված է այդ ցուցանիշը։
Մայրաքաղաքում ձմեռ է, եւ գազից օգտվել ցանկացողների թիվը, որպես կանոն, կտրուկ մեծացել է։ Շատերը հաճախ լրջորեն հաշվի չեն նստում գազօգտագործման անվտանգության պահանջի հետ՝ օգտագործելով ինքնաշեն գազասարքեր։ Պատասխանելով հարցին՝ «ՀայՌուսգազարդի» «Երեւանգազ» ԳԳՄ-ի տնօրեն Վարդան Հարությունյանն ասաց, որ նախորդ տարիների համեմատ, ինչպես ստուգումներն են վկայում, անվտանգության մակարդակը բարձրացել է։ Դրան նպաստել են գազամատակարարների հաճախակի ստուգումները։ Այդուհանդերձ, ըստ նրա, ինքնագործունեությամբ զբաղվողների թիվը մեծ է, ինչը չի արտահայտում կանոնները խախտողների շահերը։
Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ