Ներդրվում է անվտանգության համակարգ

Սարքերի տեղադրումը՝ դեկտեմբերի 1-ից


Ինչպես նախօրոք տեղեկացվել էր, ներտնային գազասպառման անվտանգության ապահովման համար «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ծրագրել է բնակարաններում տեղադրել անվտանգության համակարգեր։ Ահա եւ այս տարվա դեկտեմբերի 1-ից կսկսվի այդ համակարգերի տեղադրման գործընթացը։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ընկերության տեխնիկական վարչության պետ Հրանտ Թադեւոսյանը։ Ասենք, որ գազասպառման համակարգերում անտվանգության բարձրացման եւ պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան սարքերի տեղադրման վերաբերյալ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դեռեւս 2007թ. փետրվարին, ապա եւ՝ 2008թ. հունվարին։

Անցած ժամանակամիջոցում կատարված նախապատրաստական աշխատանքների արդյունքում այսօր ընկերությունը պատրաստ է ներդնել անվտանգության համակարգերը։ Հայտարարված մրցույթին մասնակցել են արտասահմանյան երեք հայտնի ընկերություններ, եւ գնանշման արդյունքներով նախապատվությունը տրվել է չինական «Puhal corporation» ընկերությանը։ Վերջինիս եւ «ՀայՌուսգազարդ»-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստան կներկրվի 250 հազար հատ սարք՝ վթարային անջատիչ կափույրներ եւ այրվող գազերի ազդանշանային սարքեր։

Եթե նկատի առնենք, որ Հայաստանում գազ օգտագործող բաժանորդների թիվը ավելի քան 600 հազար է, ապա 250 հազար հատ սարքեր լիովին չեն կարող բավարարել պահանջարկը։ Սակայն բանն այն է, որ այդ խմբաքանակը նախնական է, եւ կարող է հետագայում փոխվել։ Հրանտ Թադեւոսյանի տեղեկացմամբ, այդ սարքերի տեղադրման գործընթացը կսկսվի բազմաբնակարան շենքերից։ Առաջին հերթին ուշադրության կարժանանան ռիսկային համարվող քաղաքացիները (ծեր, հաշմանդամ, միայնակ), որոնց զգոնության պակասի պատճառով նրանց բնակարանները (բնականաբար, եւ շենքերը) վտանգվելու առավել մեծ ռիսկ են պարունակում։

Նախատեսվում է բոլոր բազմաբնակարան շենքերում անվտանգության սարքերի տեղադրումն ավարտել 2008–2009 թվականների ընթացքում։ Դրանից հետո հերթը կհասնի անհատական տներին։

Ի դեպ, սարքերի տեղադրման համար բնակիչը կանխիկ չի վճարում, դրա արժեքը կմտցվի սպառվող գազի տարիֆային գնի մեջ։ Իսկ թե կոնկրետ ինչքան է լինելու այդ արժեքը, դեռեւս պարզ չէ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հարցը քննարկման ընթացքում է։ Համենայն դեպս, ընկերության ներկայացուցիչը հավաստեց, որ այդ արժեքը բնակիչը սահուն կերպով է վճարելու եւ նկատելի փոփոխություն չի զգալու։ Ասենք, որ երկու տարում անվտանգության համակարգի տեղադրման համար ընկերությունը ներդնելու է 7,5 մլրդ դրամ (5,4 մլրդ դրամը՝ 2009թ. բաժինն է)։

Ի՞նչ են ներկայացնում իրենցից տեղադրվելիք սարքերը։ Դրանք երկու տեսակի են՝ բնակարանների, արտադրական եւ հասարակական շինությունների համար։ Իսկ սկզբունքը նույնն է. այրվող գազերի ազդանշանային սարքը ազդարարում է մեթան եւ շմոլ գազերի, ինչպես նաեւ բնակարանում բարձր ջերմաստիճանի (հրդեհի դեպքում) առկայությունը, իսկ վթարային անջատիչ կափույրը, որ տեղադրվում է բնակարան մտնող գազի խողովակի (մուտքի) վրա, կրիտիկական պահին ավտոմատ փակում է գազի մուտքը բնակարան՝ կանխելով վթարը։

Ասուլիսին ներկա «Puhal corporation» ընկերության գլխավոր տնօրեն Նյու Ջյուն տեղեկացրեց, որ այս օրերին իրենց մասնագետները «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ քննարկել են սարքերի տեղադրման օպտիմալ սխեմաները։ Ինչպես նաեւ եկել են ընդհանուր համաձայնության, որ տեղում ստեղծվի անվտանգության համակարգերի սերվիսային կենտրոն, որը թույլ կտա յուրաքանչյուր հինգ տարին մեկ փոխել սարքերի գազազգայուն տարրերը, ինչպես նաեւ հնարավորություն կտա ազդանշանային սարքերի միաժամանակյա համակարգչային ախտորոշում իրականացնել։

Հրանտ Թադեւոսյանի հավաստմամբ, արդեն իրենք ունեն աշխատանքներն իրականացնող բրիգադներ, որոնց աշխատակիցներն ստացել են համապատասխան ուսուցում։ Ըստ նրա, սարքավորումների առաջին խմբաքանակը՝ 33 հազար հատ, Հայաստան կմտնի նոյեմբերի 19-ին։ Հրանտ Թադեւոսյանը հավաստեց նաեւ, որ անվտանգության համակարգերի տեղադրման այս ծրագիրը իր լայնամասշտաբության առումով աննախադեպ է աշխարհում։

Հեղինակ: Պետրոս Սարուխանյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ