«Հրազդան-5»-ը տեղ հասցրեց գեներատորի ստատորը
Անհաղթահարելի թվացող խոչընդոտը հաղթահարված է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շոգետուրբինի 300 ՄՎտ հզորությամբ գեներատորի ստատորը, որ դեռեւս 1992 թվականին է արտադրվել Սանկտ Պետերբուրգի «Էլեկտրոսիլա» գործարանում, այս տարվա մայիսի 5-ին վերջապես հասավ հասցեատիրոջը։ Տասնյոթ տարի այն չի տեղափոխվել Հայաստան, քանի որ տեղափոխությունը բազմաթիվ պատճառներով դժվար լուծելի խնդիր է եղել։ Առաջին պատճառը եղել է շատ մեծ քաշը։ Միայն ստատորի սեփական քաշը 196 տոննա է։ Բնականաբար, այդ ծանրությունը տեղափոխելու համապատասխան միջոցը նույնպես մեծ քաշի պետք է լիներ։ Իսկ ամենահարմար համարվող երկաթուղին, այն էլ Հարավային Կովկասի հատվածում, այդչափ մեծ բեռ տեղափոխելու համար պատրաստ չի եղել։ Ասենք, որ ստատորի տեղափոխման համար պատրաստվել է հատուկ քարշակ, որն ունի տասնվեց սոնի (սովորական վագոնն ունի չորս սոնի) եւ 123,5 տոննա սեփական քաշ։ Բեռի եւ տրանսպարտյորի ընդհանուր քաշը 319,5 տոննա է։ Տպավորիչ են նաեւ արտաքին չափերը։ Այս բոլոր գործոնների միավորումը բեռի փոխադրումը դարձնում են հազվադեպ դժվար։ Սակայն փաստն այն է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի խոշորագույն գեներատորի ստատորն արդեն էլեկտրակայանում է։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպմանը էլեկտրակայանի շինարարության տնօրեն Կարեն Սարգսյանը տեղեկացրեց բեռը տեղ հասցնելու դժվարությունների մասին։ Նախ «Էլեկտրասիլա» գործարանում մշակվել է փոխադրման նոր ծրագիր, որը համաձայնեցվել է «Ռուսաստանի երկաթգծեր» կազմակերպության եւ մասնակից մյուս կազմակերպությունների հետ՝ ներառյալ Կովկաս-Փոթի լաստանավային փոխադրամիջոցների ներկայացուցչությունը։ Մանրակրկիտ հաշվի են առնվել երկաթուղու կոնկրետ հատվածների չափաքաշային տվյալները եւ կամուրջների ու թունելների հատվածներում հատուկ վագոն-շրջանակի օգտագործման անհրաժեշտությունը։ Լաստանավում բեռի տեղակայման եւ ամրացման հարցը համաձայնեցվել է նավի կոնստրուկտորների հետ:Համակարգված աշխատանքի շնորհիվ բեռը տեղ է հասցվել երեք ամսվա ընթացքում։ Զգուշության եւ պատասխանատվության բաձր մակարդակի մասին է խոսում այն փաստը, որ հատուկ քարշակը երկաթգծի ամենահարմար հատվածներում շարժվել է 10–12 կմ/ժամ, իսկ էլեկտրակայանի մերձակա տարածքում 2 կմ/ժամ արագությամբ, քանի որ մեծ քաշի պատճառով այն մի փոքր անզգուշության դեպքում կարող էր վնասել երկաթգիծը եւ վթարվել։ Չնայած ստատորի տեղափոխմամբ լուծվել է անհնար թվացող մի խնդիր, այդուհանդերձ, դեռեւս այլ անելիքներ շատ կան։ Մասնավորապես, Եվրոպայից պետք է բերվի 180 ՄՎտ հզորությամբ գազատուրբինը (դա կարվի աշնանը)։ Պետք է տեղափոխվեն նաեւ մի քանի խոշոր տարնսֆորմատորներ Զապարոժիեի գործարանի (սա էլ նախատեսվում է իրականացնել ձմռանը)։
Կարեն Սարգսյանի տեղեկացմամբ, այս պահին կաթսայական սարքավորումներով բեռնված տասնութ վագոն արդեն ե/գ «Հրազդան» կայարանում են։ Տասնյոթ վագոն, բեռնված համապատասխան սարքավորումներով, արդեն մտել են Հայաստանի տարածք եւ շուտով կլինեն տեղում։ Ըստ շինարարության տնօրենի, 5-րդ էներգաբլոկի մոնտաժման աշխատանքների եւ անհրաժեշտ նյութերի ու սարքավորումների փոխադրման ընթացքը նախատեսված ժամանակացույցի շրջանակներում է։
Ընդհանուր առմամբ 180 մլն դոլար արժեցող նախագիծը կավարտվի 2010 թվականի օգոստոսին։ 5-րդ էներգաբլոկի գործարկումը տեղի կունենա այդ օրերին։ Հիշեցնենք նաեւ, որ «Հրազդան-5» էներգաբլոկը «ՀայՌուսգազարդ» ընկերության հաշվեկշռում է, եւ այս ընկերությունն է համակարգում աշխատանքները։
Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ