Գազի սպառումը նվազել է
Ինչո՞վ է պայմանավորված «ՀայՌուսգազարդի» հարկերի կրճատումը
Թեեւ գազի ներմուծման եւ իրացման ծավալները այս տարի նվազել են, այնուհանդերձ «ՀայՌուսգազարդը» ակնկալում է, որ մինչեւ տարեվերջ կվերականգնվի նախորդ տարվա մակարդակը։ Կտրուկ փոփոխություններ այս առումով չեն սպասում։ Ամեն դեպքում, առաջին եռամսյակում գազի սպառումը բավականաչափ պակասել է։ Դա տեղի է ունեցել երկնագույն վառելիքի սակագների բարձրացումից առաջ։ Ինչպես հայտնի է, դրանք գործողության մեջ են մտել ապրիլի 1¬ից։ Նոր սակագների դեպքում ինչպես բնակիչ¬բաժանորդները, այնպես էլ տնտեսավարողները ստիպված են լինելու լրացուցիչ գումար վճարել օգտագործած գազի դիմաց։ Այս հանգամանքն առաջիկայում անշուշտ կազդի սպառման ծավալների վրա։ Գնի բարձրացման հետեւանքով բաժանորդները ստիպված կլինեն անցնել ավելի խնայողական ռեժիմի։
Մինչ այդ, առաջին եռամսյակում Հայաստան ներմուծված գազի ծավալներն արդեն կրճատվել են 11,8 տոկոսով։ Նվազել է նաեւ իրացումը՝ կազմելով 625,5 մլն խոր. մետր կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11,2 տոկոսով պակաս։
Այս տարվա հունվար¬մարտին գազամատակարարման ծավալների կրճատումը պայմանավորվում է ինչպես տնտեսական ճգնաժամով, այնպես էլ բնակլիմայական պայմաններով։
Դա արտահայտվել է սպառողների գրեթե բոլոր հիմնական խմբերի շրջանում։ Գազասպառման նվազումն առավել մեծ է էներգետիկայում։ Առաջին եռամսյակում էներգետիկան շուրջ 30 տոկոսով քիչ գազ է օգտագործել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ինչը պայմանավորված է մեծ մասամբ եղանակային բարենպաստ պայմաններով։ Ինչպես հայտնի է, հատկապես փետրվար¬մարտին Հայաստանում արձանագրվեց բավականաչափ տաք ձմեռ, որը անմիջականորեն պայմանավորել է ինչպես գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալները։ Պատահական չէ, որ ապրիլին, կապված համեմատաբար ավելի ցուրտ եղանակների հետ, բնակիչ¬բաժանորդների շրջանում դարձյալ նկատվել է սպառման ավելացում։ Առաջին եռամսյակում բնակչության գազասպառումը նվազել է 9,4 տոկոսով։
Թեեւ ենթադրվում էր, որ գազի սպառման կրճատումը ճգնաժամի հետեւանքով շատ ավելի մեծ պետք է լիներ տնտեսության ոլորտում, այնուհանդերձ ամենեւին էլ այդպես չէ։ Ամենաքիչ նվազումն արձանագրվել է այստեղ։ Արդյունաբերությունն առաջին եռամսյակում սպառել է շուրջ 74 մլն խոր. մետր գազ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 6,8 տոկոսով։
Իհարկե, այս հարցում որոշակի դեր է խաղացել տնտեսության որոշ ոլորտներում տարեսկզբին դրսեւորված, այսպես ասած, արտադրական ակտիվությունը։ Եթե նախորդ տարիներին սպառման ծավալների կրճատման հետեւանքով ցեմենտ արտադրող ձեռնարկությունները ձմռան ամիսներին հիմնականում չէին աշխատում կամ աշխատում էին ավելի պակաս ծավալով, ապա այս տարի վիճակը փոխվել է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպասվում է գազի թանկացում, այդ ընկերություններն ավելի ակտիվ են եղել։ Մինչդեռ, ինչպես հայտնի է, տնտեսության այդ ոլորտը գազի հիմնական սպառողներից մեկն է։ Գազամատակարարման ծավալների կրճատումն ազդեցություն է ունեցել նաեւ այս տարվա առաջին եռամսյակում «ՀայՌուսգազարդ» ընկերության կատարած հարկային պարտավորությունների վրա։ Սակայն անտրամաբանական կլիներ կարծել, որ սպառման ծավալների 11,2 տոկոս անկման պայմաններում ընկերության հարկային վճարները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կարող էին կրճատվել գրեթե կիսով չափ։ Նշենք, որ եթե անցած տարվա առաջին եռամսյակում «ՀայՌուսգազարդը» վճարել էր 6,7 մլրդ դրամ, ապա այս տարի՝ 3,4 միլիարդ։ Հարկային վճարումների նման կտրուկ փոփոխությունը, զուտ գազի սպառման ծավալների կրճատման հետ չի կապվում։ Այն պայմանավորված է մի շարք այլ հանգամանքներով։
Նախ՝ մեր ունեցած տեղեկություններով, «ՀայՌուսգազարդը» տարին սկսել է բավական մեծ գումարի գերավճարով։ Թե կոնկրետ որքան է այն կազմել, մեզ չհաջողվեց ճշտել։ Ամեն դեպքում, խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է։ Դրանից բացի, կա եւս մի կարեւոր հանգամանք։Սովորաբար հարկերի մեջ նշվում են ուղիղ դեպի բյուջե վճարված գումարները։ Այնինչ առանձին վճարներ դրա մեջ չեն երեւում։ Կան գումարներ, որոնք ԱԱՀ տեսքով բյուջե են փոխանցվում միջնորդավորված կազմակերպությունների միջոցով։ Չնայած առաջին եռամսյակում «ՀայՌուսգազարդի» ուղղակի հարկային վճարները նվազել են նախորդ տարվա համեմատ, այնուհանդերձ ընկերությունը ենթադրում է, որ այս տարի իր փոխանցումները պետական բյուջե ավելին կլինեն, քան 2008 թվականին էր։ Դրա համար կան որոշակի բարենպաստ պայմաններ։ Որպես այդպիսին համարվում է գազամատակարարման սակագների բարձրացումը եւ դոլարի թանկացումը։ Թեեւ, մյուս կողմից, դոլարի թանկացումը «ՀայՌուսգազարդի» վրա ունեցել է բացասական ազդեցություն։ Ինչպես հայտնի է, գազի սակագները հաշվարկված են դոլարի դիմաց 302 դրամ փոխարժեքով, մինչդեռ այսօր փոխարժեքը 370 դրամ է։ Այս փոփոխության հետեւանքով «ՀայՌուսգազարդի» սպասվող շահույթները կնվազեն։ Նշենք, որ թեպետ նոր սակագները գործողության մեջ մտնելուց վեց ամիս հետո ընկերությունը հնարավորություն ունի դիմել սակագները վերանայելու առաջարկով, այնուհանդերձ չի պատրաստվում դա անել։
Աղբյուր: «Հայոց աշխարհ» թերթ