«Կարեն Կարապետյան. „Հայաստանը պետք է նախապատրաստվի միջազգային գներով գազ գնելուն“

Հայաստանը պետք է նախապատրաստվի միջազգային գներով գազ գնելուն: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը` ավելացնելով, թե, վերջիվերջո, ամբողջ աշխարհը պետք է գնի գազը շուկայանական գնով:


«Դուք որ հիմա ապրանքը գնում եք շուկայում, ի՞նչ գնով եք գնում` շուկայական գնով: Եթե դուք շուկայականից էժան եք ուզում գնել, ապա դրա վաճառողը պետք է փնտրեք, եւ շատ հավանական է, որ այդ վաճառողը չլինի: Եվ տնտեսությունը պետք է պատրաստել, վերջիվերջո, դրան` միանշանակ», — ասաց «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենը:

Կարեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանում էր` արձագանքելով ռուսաստանյան «Գազպրոմ»-ի Մերձավոր արտասահմանի հետ աշխատանքների վարչության պետ Անատոլի Պոդմիշալսկու հայտատարությանը, ով օրերս գտնվելով Հրազդանի ՋԷԿ-ում, ըստ մամուլի, ասել էր, թե Հայաստանը պետք է գազը ձեռք բերի «Գազպրոմ»-ի համար եկամտաբեր գնով` մանրամասնելով, թե, օրինակ, Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ համարվող Բելառուսը հազար խորանարդ մետր գազը գնում է 200 դոլարով, իսկ Հայաստանը այս տարվա ապրիլի 1-ից վճարում է 180 դոլար: Պոդմիշալսկին ավելացրել էր, թե «Գազպրոմ»-ը Մոլդովային գազի հազար խորանարդ մետրը վաճառում է 300 դոլարով, Ուկրաինային` 350-ով, իսկ գազի միջին եվրոպական գինը տատանվում է 325–330 դոլարի սահմաններում: Նա հույս էր հայտնել, որ Հայաստանում ըմբռնումով կմոտենան «Գազպրոմ»-ի գործողություններին։

«Իսկ ի՞նչ է ասել Պոդմիշալսկին. մեկնաբանությունը հետեւյալն է` որ ե„ւ Ռուսաստանը, ե„ւ Հայաստանը, ե„ւ ամբողջ աշխարհը պետք է իրենց տնտեսությունները նախապատրաստեն, որպեսզի գնվի միջազգային շուկայական գներով: Քանի որ մենք ունենք ստրատեգիական հարաբերություններ, եւ „Գազպրոմ“-ը հանդիսանում է մեր խոշոր հիմնադիրներից մեկը, մենք այդ պահը, այդ գործընթացը երկարացրել ենք, որպեսզի փուլ առ փուլ գանք: Վերջիվերջո, ամբողջ աշխարհը պետք է գնի ապրանքը շուկայական գնով` այլընտրանք չկա“, — ընդգծեց „ՀայՌուսգազարդ“-ի գլխավոր տնօրենը:

Հարցին` „այս պահի դրությամբ կամ մոտ ապագայում կա՞ն ինչ-որ ծրագրեր, որպեսզի, ենթադրենք, մյուս ապրիլի 1-ից գների հերթական բարձրացում լինի“, Կարեն Կարապետյանը արձագանքեց. — „Ոչ, այս պահին որեւիցե կոնկրետ խոսակցություն դրա վերաբերյալ չկա“:

Նա դժվարացավ հայտնել նաեւ, թե մոտավորապես ինչ ժամանակահատվածում տեղի կունենա անցումը միջազգային գներին. — „Չգիտեմ, դա փոխադարձ կապված է` ե„ւ մեր տնտեսությանը պատրաստել դրան, ե„ւ ընդհանրապես Ռուսաստանը ներսի իր շուկաները երբ կվերցնի որպես կողմնորոշիչ, որ ինքն էլ անցնի շուկայական գներին“:

Իսկ թե Պոդմիշալսկին ինչու որոշեց նման հայտարարություն անել` այդ առնչությամբ Կարեն Կարապետյանը ասաց. — „Հարց հնչեց` պատասխանեց“:

Աղբյուր: «Ազատություն» ռ/կ