«2016 թվականի համար վարվում են բանակցություններ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ». Վարդան Հարությունյան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ - Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյան

Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)

Հարցազրույց «Գազպրոմ-Արմենիա» ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի հետ

— Պարոն Հարությունյան, սկսենք ամենաքննարկվող թեմայից՝ ՀՀ կառավարության կողմից ռուսական կողմին ներկայացված առաջարկից՝ գազի գինը վերանայելու ուղղությամբ։ Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ է հավանական, որ այդ առաջարկը կբավարարվի։ Ու եթե կբավարարվի, մոտավորապես քանի՞ տոկոսի մասին կարող է խոսք լինել։

— Այդ հարցն ինձ ուղղելը՝ որպես այս ընկերության տնօրեն, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ բանակցային կողմ հանդիսանում է ՀՀ կառավարությունը։ Գոյություն ունի միջկառավարական համաձայնագիր, որի արդյունքում մի կողմը ՀՀ կառավարությունն է, մյուս կողմը՝ «Գազպրոմը» և Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը։ Նրանց միջև բանակցություններն այսօր էլ ընթանում են, քանի որ 165 դոլար գազի գինը սահմանված էր մինչև 2016թ. հունվարի 1-ը։ Այսօր նոր ֆիքսված գազի գին մենք չունենք։ Դրանից ելնելով՝ գործում է այն գինը, որը ֆիքսված է միջկառավարական համաձայնագրերի հիմքում։

Բնական է՝ 2016 թվականի համար պետք է վարվեն բանակցություններ, բնական է՝ պետք է հաշվի առնվեն մի շարք գործոններ՝ թե տնտեսական, թե քաղաքական տեսանկյունից, որի արդյունքում ամեն ինչ կարելի է ակնկալել։ Այսքանից ավելին այս հարցով չեմ կարող ասել։

— Հարցս փոքր-ինչ վերաձևակերպեմ. որպես մենեջեր, տնտեսագետ՝ գազի գնի իջեցումը տնտեսական առումով ռուսների համար ընդունելի՞ տարբերակ եք համարում։ Այսինքն՝ համաձայնելու դեպքում կորուստն իրենց համար մե՞ծ է, թե՞ նվազեցնելու տեղ ունեն՝ հաշվի առնելով էներգակիրների գնանկումը, ռուբլու արժեզրկումը և մյուս գործոնները։

— 165 դոլար գինը սահմանի վրա այսօր ամենաէժան գինն է, որը վաճառվում է «Գազպրոմի» կողմից ցանկացած երկրի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ԵՏՄ-ի անդամ ենք։ Մեզ, Բելառուսին, Ղրղըզստանին գազը մատակարարվում է նույն գնով։ Եթե վերանայվում է սակագինը, ապա վերանայվում է ամբողջ ԵՏՄ տարածքի համար, ոչ թե վերանայվում է սակագին կոնկրետ Հայաստանի համար։ Դա քաղաքական մաս է, որին ես չեմ ուզում խառնվել և չեմ ուզում դրա մասին խոսել։ Ռուսական կողմը, գազի գինը նվազեցնելով, իհարկե, կորուստ կունենա։ Հիշեցնեմ, որ նախորդ տարի այս ժամանակահատվածում Եվրոպայում գազի գինը մոտ 270–300 եվրոյի սահմաններում էր, և Կառավարություն-«Գազպրոմ» բանակցությունների արդյունքում հնարավոր եղավ գինը սահմանի վրա նվազեցնել 24 դոլարով։ 2014թ. վերջին դրամի արժեզրկումն իր հետևանքները թողնելու էր սակագնի վրա, եթե չլիներ այս համաձայնությունը։

— Կառավարությունն իր առաջարկը հիմնավորում է նրանով, որ գազի գնի նվազեցումը կնպաստի մեր արտադրողների մրցունակության բարձրացմանը։

— Այսպես ասեմ, մենք անընդհատ չենք կարող գնալ գինը նվազեցնելու ճանապարհով, որպեսզի տնտեսվարողների համար արտադրանքն ավելի մրցունակ լինի։ Իմ համոզմամբ, մենք պետք է կարողանանք խթանել էներգատար արտադրությունների ստեղծումը, ինչն իր հերթին՝ կբերի գազի սպառման ծավալների աճի։ Արդյունքում՝ սպառման ծավալների ավելացումն իր տրամաբանական ազդեցությունը կունենա սակագնի ձևավորման վրա։

— Դուք նշում եք, որ սահմանի վրա 165 դոլարը ամենաէժան գինն է։ Սակայն շատերն այն կարծիքին են, որ այդ գինն այսօր կարելի է նվազեցնել, քանի որ եվրոպական երկրների համար նավթի գնանկումով պայմանավորված՝ գազի գինը նույնպես էժանացել է։

— Մեկ տարի առաջ եվրոպական գործընկերներին տրված գազի արժեքը 100 դոլարով տարբերվում էր ԵՏՄ տարածքի երկրներին տրված գազի պայմանագրային արժեքից։ Այսօր այդ 100 դոլարը, իհարկե, նվազել է՝ հաշվի առնելով նավթի գները, որովհետև բացի այս երեք երկրներից, որոնք ես նշեցի, որտեղ սակագնի հաշվարկի բանաձևում դրված են այլ մեծություններ, եվրոպական երկրներում դրված է նավթի գինը։ Եվ կախված նավթի գնի իջեցումից՝ իջել է նաև այնտեղի գինը, բայց, իհարկե, 165 դոլար չի դարձել։ Իմ ունեցած վերջին տեղեկություններով՝ մոտ 215–220 եվրոյի սահմաններում է տատանվում գինը։ Այսպես ասեմ, եթե կա ինչ-որ կազմակերպություն կամ անհատ, որն այսօր պատրաստ է Հայաստանին 165 դոլարից պակաս գնով գազ մատակարարել, մեր դռները բաց են։ Մենք երբեք չենք ասել, որ միայն ռուսական գազ վաճառող կազմակերպություն ենք։ Խնդրեմ՝ թող գան՝ բանակցենք, ցույց տան, թե այդ էժան գազը որտեղ է, մենք այդ էժան գազը գնենք։

— Իրանի դեսպանը ժամանակին հայտարարեց, որ կարող են Հայաստանին ավելի էժան գազ վաճառել…

— Դա ես համարում եմ քաղաքական հայտարարություն։ Առավել ևս, որ դեսպանն ուղիղ տեքստով չէր ասել, որ կարող է 100 դոլարով գազ վաճառել։ Բայց նորից կրկնեմ, եթե Իրանն այսօր կարող է մեզ 100 դոլարով գազ վաճառել, հենց հիմա պատրաստ ենք պայմանագիր կնքել։

— Այն ժամանակ դեռ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանված չէին, և, որքանով ինձ է հայտնի՝ գնից բացի, այլ խանգարող հանգամանքներ էլ կային։ Այսօր այդ կողմնակի խոչընդոտները չկան։ Ու եթե Իրանը կարողանա այսօր «Գազպրոմի» կողմից մատակարարվող գազի գնից ավելի էժան գին առաջարկել, ինչպե՞ս կվարվեք։

— Որպես «Գազպրոմ-Արմենիա» ընկերության ղեկավար՝ հայտարարում եմ, որ պատրաստ եմ բանակցություններ սկսել իրանական էժան գազը գնելու ուղղությամբ, քանի որ դա բխում է մեր երկրի շահերից, ինչպես նաև՝ ընկերության շահերից։

— Կարո՞ղ ենք Ձեր այս հայտարարությունը համարել պաշտոնական առաջարկ պոտենցիալ գազամատակարարին, այս դեպքում՝ Իրանին։

— Այո։ Թող գան՝ բանակցենք։ Ի վերջո, չի կարելի անվերջ շահարկել, թե իրանական կողմը պատրաստ է 100 դոլարով մեզ գազ վաճառել։ Եթե այդ գինը լինի, ես պատրաստ՝ եմ ոչ թե՝ բանակցել, այլ՝ միանգամից գնել այդ գազը։ Հակառակին էլ ենք պատրաստ՝ եթե իրանական կողմին է անհրաժեշտ ռուսական գազ, պատրաստ ենք նաև վաճառել։

— 165 դոլար գինը ֆիքսվեց փոխարժեքի տատանումը չեզոքացնելու համար, այսինքն՝ վերջնական սպառողի համար գնային փոփոխություն տեղի չունեցավ։ Հիմա եթե այս պայմաններում տեսականորեն ենթադրենք, որ ռուսական կողմը X տոկոսով իջեցնում է Հայաստանին մատակարարվող գազի գինը, «Գազպրոմ-Արմենիան» վերջնական սպառողին մատակարարվող գազի գինը համարժեք իջեցնելո՞ւ է ներքին սպառողների համար։

— Եթե դոլար-դրամ փոխարժեքի տատանումներ չլինեն, փոխարժեքը պահպանվի այսօրվա մակարդակի վրա, և եթե պայմանավորվածություն ձեռք բերվի սահմանի վրա գինը նվազեցնելու վերաբերյալ, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվող մեր հայտի մեջ այդ չափով արտացոլում կունենա։ Այսինքն՝ համարժեք, նույն չափով կիջնի, քանի որ այդ դեպքում մենք ռեզերվ կունենանք գինը նվազեցնելու։

— Վերջին շրջանում քննարկվում է նաև հայկական գազի տարանցման թեման Վրաստանի տարածքով։ Նշվում է, որ եթե Վրաստանն ու «Գազպրոմը» համաձայնության չգան տարանցման վճարի հարցում, ապա Հայաստանի գազամատակարարումը կկազմակերպվի ամբողջությամբ իրական գազատարի միջոցով։ Հնարավոր համարո՞ւմ եք այդ սցենարը։

— Մենք՝ որպես «Գազպրոմի» 100-տոկոսանոց դուստր ընկերություն, պարտավոր ենք անխափան գազամատակարարում ապահովել Հայաստանին և անում ենք դա։ Իսկ Հայաստանը գազ կստանա վրացակա՞ն գազատարով, թե՞ իրանական, շարքային սպառողի համար դա չպետք է նշանակություն ունենա, որովհետև դրանից էապես ոչինչ չի փոխվելու։ Իրան-Հայաստան գազատարի կառուցմամբ «Գազպրոմի» համար ավելի շահեկան պայմաններ են ստեղծվել, որպեսզի նրանք վրացական կողմի հետ կարողանան ավելի ամուր դիրքերից բանակցել։ Բոլորին է հայտնի, որ այսօր վրացական տարանցման արժեքն աշխարհում գործող ամենաթանկ գինն է (10 տոկոս)։

Այսօր «Գազպրոմի» համար ընդունելի չէ 10 տոկոս վճարել միայն վրացական տարանցման համար, և դրա համար, իհարկե, պետք է բանակցություններ տարվեն։ Ի վերջո, այդ տարանցման համար վճարված արժեքը մտած է մեր սակագնի մեջ, և մեր սպառողները պիտի հասկանան՝ «Գազպրոմը», բանակցություններ վարելով, ուզում է հասնել նրան, որ տարանցման գումարը նվազի, որն ուղիղ ազդեցություն է ունենալու սահմանի գնի վրա։

Անկախ այդ բանակցությունների արդյունքից՝ մենք գազամատակարարման խնդիր չենք ունենա։ Հայաստանի ամբողջ պահանջարկը կարելի է իրանական գազատարով բավարարել։ Չի կարելի հայտարարություններ անել, թե Հայաստանի գազամատակարարումը վտանգված է, և արհեստական խուճապ ստեղծել։

— Եթե վրացական կողմն ու «Գազպրոմը» համաձայնության չգան, ու Հայաստանի գազամատակարարումն իրականացվի իրանական գազի միջոցով, ապա կստացվի, որ «Գազպրոմը» հայկական շուկայում հրաժարվում է սեփական գազի վաճառքից ու դառնում է միայն իրանական գազի բաշխող։ Այդպե՞ս է։

— Ինձ չի թվում, թե բանակցությունները կբերեն նրան, որ վրացական կողմը հրաժարվի տարանցել ռուսական գազը դեպի Հայաստան։ Իսկ եթե վերցնենք ամենավատ տարբերակը, որ բանակցությունները փակուղի են մտնում, և Ռուսաստանին տարբերակ չի մնում, քան իրանական ճանապարհով ՀՀ-ին գազ մատակարարելը, ապա դա, իհարկե, տեխնիկապես հնարավոր է։ Գազը որոշակի սահմանի վրա տրվելու է իրանական կողմին, այս կողմից էլ մենք ենք ստանալու։ Այսինքն՝ թե՛ արժեքի, թե՛ մատակարարման հուսալիության հետ կապված մենք խնդիր չենք ունենա։ Արդյունքում վրացիները կտուժեն, քանի որ իրենց տարանցման գումարը չեն ստանա։ Հասկանալի է՝ յուրաքանչյուր երկիր իր շահն ունի։ Նույնկերպ «Գազպրոմն» էլ իր շահն է առաջ տանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք նույնպես պահանջում ենք գազի գնի իջեցում, և այդ գազի գնի ինքնարժեքի մեջ գոյություն ունի նաև Վրաստանի տարանցում, որի իջեցումն ուղիղ ազդելու է մեր սակագնի վրա։ Ինչո՞ւ չբանակցել։

— Խոսվում է նաև իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան մատակարարելու հնարավորության մասին։ Այս մասի՞ն ինչ կասեք։

— Մենք՝ որպես ընկերություն, շահագրգռված ենք ինքներս տարանցում անել։ Այսինքն, եթե ապագայում Վրաստանն ու Իրանը համաձայնության գան գազի մատակարարման հարցում, մենք, ինչո՞ւ ոչ, պատրաստ ենք մեր գազատարն օգտագործել տարանցումն ապահովելու՝ իրանական գազը Վրաստան հասցնելու համար։

— Իսկ 700մմ-անոց մեր գազատարի թողունակությունը բավարա՞ր է տարանցում ապահովելու համար։ Ժամանակին լուրջ քննադատություններ եղան, որ Իրան-Հայաստան սահմանից գազատարը շարունակվեց ոչ թե 1000 կամ 1400մմ-ով, այլ ավելի փոքր տրամաչափով։

— Ավելին ասեմ՝ քննադատում էին ոչ միայն նրա համար, որ գազատարի տրամագիծը փոքր էր, այլ նաև ասում էին՝ ընդհանրապես մեր ինչի՞ն է պետք նման գազատար կառուցել։ Այսօր հասկացանք, թե դա որքան կարևոր է մեր էներգետիկ անվտանգության առումով։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ 700մմ, այլ ոչ թե՝ 1000մմ։ Այն ծավալը, որն անհրաժեշտ էր Հայաստանի էներգետիկ հզորությունների համար, 700մմ-անոց գազատարն ապահովում էր։ Դրանից ավելի ներդրում կատարելը տնտեսապես հիմնավորված չէր։ Իսկ ցանկացած ներդրող ելնում է հենց այդ հիմնավորվածությունից, թե ներդրումը քանի տարում է ետ գալու։ 1000 մմ-անոց խողովակն ավելի թանկ էր լինելու, քան 700մմ-անոցը, մեր տարանցման արժեքը դրա պատճառով բարձրանալու էր։

— Տարբերությունն այդքան մե՞ծ էր լինելու։

— Շատ մեծ։ Տեսեք, Իրան-Հայաստան գազամուղի 228 կմ 700մմ տրամագծով խողովակաշարի ներդրումները կազմել են 160 մլն դոլար։ 1000մմ տրամագծով խողովակաշարի դեպքում ներդրումները կավելանային 2 անգամ, 1200մմ-ի դեպքում՝ 3,2 անգամ, 1400մմ-ի դեպքում՝ 5,2 անգամ։ Արժե՞ր մտնել այդպիսի ծախսերի տակ, եթե այն ժամանակ այլ երկիր տարանցման մասին հարց չկար։ Եթե վաղը լինի պայմանագիր, եթե անհրաժեշտ կլինի իրանական գազը Հայաստանի տարածքով տարանցել, ապա, հավաստիացնում եմ, որ առավելագույնը 2 տարում հնարավոր է կառուցել 1000մմ-անոց, եթե հարկ լինի, անգամ 1400մմ-անոց գազատար։ Եվ ընդհանրապես, մեզ, որպես բիզես, ցանկացած նախագիծ հետաքրքիր է, հավելյալ արժեք ստեղծելը բխում է մեր շահերից։ Ուղղակի նորից կրկնեմ, դա պետք է հիմնված լինի կոնկրետ պայմանագրերի, այլ ոչ թե՝ վերացական խոսակցությունների վրա։

— Վերադառնանք կոնկրետ «Գազպրոմ-Արմենիայի» գործունեությանը։ Կամփոփե՞ք՝ ինչպիսի տարի էր 2015 թվականը Ձեր ընկերության համար։

— Հաշվի առնելով նախորդ տարվա ջրառատ լինելը և այն հանգամանքը, որ ատոմակայանը սահմանված ժամկետից ավելի չի կանգնել, մեր գազի սպառման ծավալներն ընկել են, հիմնականում էներգետիկայի մասով։ Ու այդ ծավալների նվազեցումը, բնական է, պետք է իր ազդեցությունն ունենար նաև մեր ընկերության ֆինանսական վիճակի վրա։ Բարդ, դժվարին տարի է եղել, բայց ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր բոլոր աշխատակիցներին ու ասել, որ այս բարդ իրավիճակում լուծումներ, համենայն դեպս, գտել ենք։ Նորմալ տարի ենք ամփոփել, նախորդ տարվանից ավելի հարկեր ենք վճարել։

— Հունվարին բնական գազ սպառող քաղաքացիների կողմից դժգոհություններ հնչեցին։ Շատերն այն կարծիքին են, որ դեկտեմբերին սպառված գազը տարօրինակ շատ է կազմել, այսինքն՝ մարդիկ ավելի շատ են վճարել։ Կարճ ասած, ինչ-որ բան այստեղ այն չէ…

— Ամեն տարի այս ժամանակահատվածում՝ ջեռուցման սեզոնին, այդ հարցն առաջանում է, և առաջանում է հիմնականում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համեմատականն անցկացնելիս։ Իհարկե, նոյեմբերին էլ են բնակարանները ջեռուցվում, բայց պետք է հաշվի առնենք, որ այսօր մեր սպառողների մեծ մասը բնակարանները ջեռուցում է ավտոմատ սարքերով, այսինքն՝ զգայուն են ջերմաստիճանների տատանումներին, ջերմաստիճանի տատանման դեպքում ավելի շատ են աշխատում այդ սարքերը, որպեսզի կարողանան ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանը։ Բնականաբար, պետք է ավելի շատ գազ վառեն, որը բերում է խոսակցությունների։ Ես մեր բաժանորդներին խնդրում եմ՝ եթե ունեն ցանկացած բողոք, ապա մենք ունենք թեժ գիծ, մեր համապատասխան ծառայություններն աշխատում են, խնդրում եմ՝ թող դիմեն։ Կգնանք, տեղում հասկանանք։ Եթե կա խնդիր, որը չի բխում մեր բաժանորդի շահերից, մենք պարտավոր ենք այդ խնդիրը լուծել։ Բայց չեմ կարծում, որ նման խնդիրներ կան։

— Այսինքն՝ Դուք շեշտում եք, որ գազի սպառման ավելացում սպառողները նկատում են դեկտեմբերը նոյեմբերի հետ համեմատելիս։ Իսկ ինչպե՞ս բացատրել, որ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ էլ են տարբերություն զգում։

— Ես խնդրում եմ, անպայման նայեք եղանակային պայմանները, որովհետև ջերմաստիճանի մեկ աստիճանի տարբերությունը գազի զգալի ծախս է ավելացնում։ Ու եթե նայում են, ապա պետք է նայեն ամբողջ ամսվա կտրվածքով։ Որպես շարքային սպառող՝ մեր տանն այս տարի գազի ծախսն ավելի է եղել, քան նախորդ տարի. բոլորիս մոտ է այդպես եղել։ Եվ, ի վերջո, այդ գազը սպառում է նաև բիզնեսը, խոշոր սպառողները, որոնք իրենց մոտ ունեն լաբորատորիաներ, և նման խնդիր առաջանալու դեպքում առաջին ահազանգողներն իրենք են լինելու։

— Սահմանին մատակարարվող գազի գնի մասին խոսեցինք։ Հիմա խոսենք մեր ներքին սպառողին հասնող գազի գնի մասին։ Սահմանին գազը ստանում ենք 165 դոլարով, վերջնական սպառողին հասնում է միջինը 295 դոլարով։ Խնդրում եմ մեկ անգամ ևս պարզաբանել՝ ինչի՞ հաշվին է ավելանում այդ 130 դոլարը։ Գերշահույթներ կարծես թե ցույց չեք տալիս։

— Սա ամենաշահարկվող հարցերից մեկն է, դրա համար կփորձեմ մեկ անգամ ևս անդրադառնալ դրան։ 295.15 դոլար միջին գնի մեջ 165 դոլարը սահմանի վրայի գինն է, 49.19 դոլարը՝ ավելացված արժեքի հարկը, որը գնում է պետբյուջե։ Այսինքն՝ գազը սահմանից վերջնական սպառողին հասցնելու համար «Գազպրոմ-Արմենիան» ծախսում է ոչ թե՝ 130, այլ՝ 80.96 դոլար։ Դա, այսպես կոչված, վրաեկն է (наценка), որը կազմում է վերջնական գնի 27.4%-ը։ Ինչի՞ց է գոյանում այդ 80.96 դոլարը։

Դրանից 10.73 դոլարը ամորտիզացիոն ծախսերն են, 28.01 դոլարը՝ շահագործման ծախսերը, 13.21 դոլարը՝ կորուստները։ Այդ գումարի մեջ է մտնում նաև 29.01 դոլար շահույթը, որը կազմում է վերջնական գնի 9.8%-ը։ 9.8%-ը, հասկանալի է, գերշահույթ համարել չի կարելի։ Այսինքն, պետք է հասկանանք՝ որքանով ենք գնում, որքանով վաճառում, ինչ ծախսեր ենք կատարում, որքան է վճարվում բյուջե, և այդքանից հետո ինչ է մնում, որով մենք պետք է և՛ պահպանենք, և՛ զարգացնենք այս համակարգը։


Հեղինակ: Բաբկեն Թունյան

Աղբյուր: 168.am