«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ այցելեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն: Երկրի ղեկավարը եղել է «ՀայՌուսգազարդ»-ի դիսպետչերական վարչությունում, որտեղ նրան ներկայացվել է ողջ Հանրապետության տարածքում բնական գազի շարժը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է «ՀայՌուսգազարդ»

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է «ՀայՌուսգազարդ»

Այնուհետեւ Հանրապետության նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ընկերության ղեկավար կազմի մասնակցությամբ: Նշելով, որ «ՀայՌուսգազարդը» խոշոր ենթակառուցվածքային ընկերություն է եւ իր նշանակությամբ առանցքային դեր ունի երկրի տնտեսության համար, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այցի նպատակն է ամփոփել ընկերության անցած տարվա աշխատանքը եւ ծանոթանալ ընթացիկ տարվա հիմնական անելիքներին ու ակնկալիքներին: «Հայռուսգազարդ» —ի Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հաշվետվություն է ներկայացրել ընկերության անցած տարվա հիմնական ցուցանիշների վերաբերյալ:
Նշելով, որ տարեցտարի բնական գազի սպառման ծավալներն աճում են, նա ասել է, որ 2005թ. ընթացքում Հանրապետություն ներկրվել է 1 մլրդ 685 մլն խ.մ բնական գազ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 24,2 տոկոսով ավելի է: Ներկրման ծավալների կայուն աճը «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարը բացատրել է գազամատակարարման վերականգնման ծրագրի ինտենսիվ իրականացմամբ, գազաբաշխիչ համակարգի ընդլայնմամբ, երկրի տնտեսության արդյունաբերական եւ առեւտրական սեկտորների կողմից գազասպառման աճի տենդենցներով:
Ըստ Կարեն Կարապետյանի, Հանրապետությունում իրականացվող լայնածավալ գազիֆիկացման արդյունքում այսօր «ՀայՌուսգազարդի» փաստացի բաժանորդների թիվը հասնում է 360 հազար 634-ի: Ընկերությունը նախատեսում է գազամատակարարման վերականգնման ինտենսիվ փուլն ավարտել 2007թ-ին: Գազիֆիկացման եւ գազասպառման ծավալների աճին զուգահեռ զգալիորեն նվազում են բնական գազի փաստացի կորուստներն, ինչպես նաեւ լուրջ աշխատանք է տարվում ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման, գազօգտագործման անվտանգության հետ կապված խնդիրների ուղղությամբ: «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարը ներկայացրել է 2005թ. ընթացքում համակարգում կատարված ներդրումները, որոնք հիմնականում ուղղվել են գազաբաշխիչ ցանցի ընդլայնմանն ու նոր բաժանորդների ձեռքբերմանը, գազափոխադրման համակարգի վերակառուցմանն ու վերազինմանը, գազաբաշխիչ ցանցի անվտանգ շահագործմանն ու հուսալիության բարձրացմանը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ տարիների ընթացքում իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ հաջողվել է ընկերությունը դարձնել շահութաբեր եւ ապահովել կայուն ֆինանսական գործունեություն, ինչի արդյունքում «ՀայՌուսգազարդ»-ն այսօր Հանրապետության խոշորագույն հարկատուներից է: Նա նաեւ տեղեկացրել է, որ ընկերությունն իրականացնում է համակարգի համար մասնագետների պատրաստմանն ուղղված կրթական ծրագրեր: Կարեն Կարապետյանը 2006 թվականին ընկերության առաջնահերթ խնդիրներից է դիտել գազիֆիկացման ավարտումը` նշելով, որ նախատեսում են տարվա ընթացքում բաժանորդների թիվն ավելացնել 80–100 հազարով: Նա կարեւորել է նաեւ Իրան-Հայաստան գազատարի շինարարական աշխատանքները: Ընկերության ղեկավարը «ՀայՌուսգազարդ»-ի ներդրումային քաղաքականության հիմնական ուղղություններից է համարել Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի պահպանումն ու հնարավորությունների կատարելագործումը: Ամփոփելով խորհրդակցությունը, Հանրապետության նախագահը կարեւորել է ներկայացված ծրագրերի լիարժեք իրագործումը եւ նշել, որ դրանք վկայում են, որ ընկերությունը հզորանալու լավ միտումներ ունի:

"Կառավարությունը շահագրգռված է, որ «ՀայՌուսգազարդ»-ը լինի շահութաբեր եւ ունենա արդյունավետ կառավարում" — ընդգծել է նա: Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել է, որ ծրագրերի իրականացումը թույլ կտա զգալիորեն բարելավել մարդկանց կյանքի որակը: Ըստ երկրի ղեկավարի, ժամանակը ցույց տվեց, որ հանձինս ռուսական «Գազպրոմի», ռազմավարական գործընկերոջ ընտրությունը ճիշտ է կատարված: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա համատեղ ծրագրերը եւս կնպաստեն ընկերության զարգացմանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am